«Իմ ուղեղում չի տեղավորում Արցախի կորուստը, նախանձում եմ մեր սպարապետին, որ աչքերը փակեց հաղթանակած Արցախը մեզ թողնելու գիտակցությամբ». ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն

ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ՀՀ բանակի կապիտան Վարդան Դևրիկյանի փոխանցմամբ՝ անցնող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը, և եթե կրկին լինեն ընտրություններ, ապա կրկին կընտրի Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ Սերժ Սարգսյանին, կա՛մ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Իմ ընկալումների վերին շեմը Ռոբերտ Քոչարյանն է, մեջտեղում Սերժ Սարգսյանն է, իսկ ներքևի շեմը, թող ինձ ների Լևոն-Տեր-Պետրոսյանը՝ նա է։ Այս իրավիճակներից դուրս որոշ առումով նաև Հայրենիքի փրկության շարժումն էր, և դրան կարող է գումարվել Վազգեն Մանուկյանը։ Թող ինձ ասեն՝ հին մարդ է, հետամնաց է, նոր երևույթներ չի ընկալում, բայց այսօրվա քաղաքական ասպարեզում, անգամ որոշակի հորիզոնում, ես դեռևս նոր մարդ չեմ տեսնում, որի օգտին կարող եմ քվեարկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Դևրիկյանը։

Ըստ նրա, դիտարկելով ընտրությունների արդյունքները և իշխանության այն պնդումները, թե ընտրախախտումներ չեն եղել, իր ընկալումով դատարկ բան է, այլ հարց է, թե ինչ է եղել ընտրատեղամասերից դուրս։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում մտավորականների, գիտնականների անելիքներին, Վարդան Դևրիկյանն ասաց, որ նախկինում էլ, այսօր էլ ինքը խոսում է դիրքային խնդիրներից, գլոբալ քաղաքականությունից չի խոսում, քանի որ դրա համար բավարար գիտելիքներ չունի։

«Եթե մինչև այսօր ես խուսափել եմ խոսել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, առավել ևս հիմա շփոթված եմ ու չեմ կարող խոսել այս ընտրությունների արդյունքներից հետո, քանի որ զարմանալի արդյունքներ ունեցանք սահմանամերձ շրջաններից։ Եթե ես շարունակեմ մնալ ինստիտուտի տնօրեն, իմ գլխավոր գործը, բնականաբար, լինելու է գիտական կյանքի կազմակերպումը, միջազգային գործակցության ընդլայնումը, հայ գրականության հանրահռչակումը։ Այսինքն՝ ես շարունակելու եմ զբաղվել այն հարցերով, որոնք եղել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ և այսօր առավել քան խորացել են։ Այն ժամանակ էլ եմ իմ մտահոգություններն արտահայտել ակադեմիայի կարգավիճակի մասին, այսօր էլ եմ հայտնում»,- հավելեց Վարդան Դևրիկյանը։

Հարցին՝ երբ անթաքույց հայտարարում է, որ ընտրել է Ռոբերտ Քոչարյանին, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ կան որոշ գիտնականներ, միմոսներ, որոնց պետք է դուրս վռնդի գիտական էլիտայից, մտահոգություններ չունի՞, որ այդպիսով իրենց թիրախավորում է, Վարդան Դևրիկյանը պատասխանեց, որ միմոսներին Նիկոլ Փաշինյանը չպետք է փնտրի գիտնականների մեջ, այլ ուրիշ տեղ պետք է նայի։

«Ես որևէ մտահոգություն չունեմ, որ կարող են ինձ աշխատանքից ազատել, թող մեծամտություն չթվա, բայց իմ ինստիտուտի տնօրեն լինելը պետք է մեր ինստիտուտին, գրականությանը։ Այդ պաշտոնն ինձ ոչինչ չի տալիս, ինչ տալիս եմ, ես եմ տալիս այդ պաշտոնին։ Եթե զգամ կա որևէ վտանգ, որ իմ տնօրեն լինելը խանգարում է ինստիտուտին, ես ինքս կհեռանամ։ Ես գիտաշխատող եմ, և լինելով տնօրեն՝ ես այդ աշխատանքից որոշ չափով կտրվել եմ»,- շեշտեց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ լինելով Արցախի առաջին և ապրիլյան պատերազմի մասնակից՝ երբևէ չէր մտածում, որ Արցախն այդ ձևով կհանձնվի և նման պարտություն կլինի։ Ասում է, ամեն անգամ, երբ խոսում է 44-օրյա պատերազմի մասին, դա նույնն է, որ իր բաց վերքի վրա աղ լցնեն։

«Այսօր իմ ուղեղում չի տեղավորվում Արցախի կորուստը, սա խորը ցավ է ինձ համար։ Հիմա իմ կյանքը վերածվել է դատարկության, մարդիկ մտավախություն ունեն աշխատանք կորցնել, ես չունեմ այդ մտավախությունը, կյանքս անիմաստ է դարձել։ Մինչև հիմա ես հպարտացել եմ, որ ապրել եմ բովանդակալից կյանքով, բայց հիմա պարզվում է, որ ապրել եմ բովանդակալից, բայց անիմաստ կյանքով, սա տրամաբանական հակասություն է ստեղծում, բայց իրապես այդպես է։ Այս կյանքն անիմաստ էր, ինչի՞ս էր պետք, ավելի լավ է 1993 թվականին ինձ ուղղակի խփեին։ Ես նախանձում եմ մեր սպարապետին, մի առիթով էլ եմ ասել, որ Մանվել Գրիգորյանն ինչքան դժբախտ մարդ էր, որ այս ամենը տեսնելուց հետո մահացավ, իսկ սպարապետը աչքերը փակեց հաղթանակած Արցախը մեզ թողնելու գիտակցությամբ։ Այնպես որ, հիմա ես վախենալու բան չունեմ, որովհետև այն, ինչը կորցնելու էր՝ կորցրել ենք, հիշեք Վիլյամ Սարոյանի «Քեռի Արամը», որ ասում էր՝ երկիր ենք կորցրել, դրանից հետո մնացյալ բաներն ունայն բաներ են։ Ու այսօրվա մեր ողբերգությունը տեսնելով՝ զարմանում եմ, որ 1915 թվականին միայն Կոմիտասը խելագարվեց, ճիշտ է, ես էլ չեմ խելագարվել, բայց մեծ ցավ եմ զգում հիմա»,- եզրափակեց Վարդան Դևրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս