«Երազում եմ՝ ՀՀ-ում լինի այնպիսի իշխանություն, որ Լենա Նազարյանի տղան չհայտնվի գերության մեջ». Արմեն Աշոտյան
«Երեկ տիկին Նազարյանը կրկին հայտնի դարձավ, երևի ամբողջ օրն ականջները կարմիր էին, այնքան էր հայ ժողովուրդն իրեն լսում, հասկանում ու նախշում… Ինչ ասվել է երեկ, ասվել է մարդկանց կողմից, ես մեկ բան կարող եմ հավելել՝ տիկին Նազարյանը վերջերս է որդի ունեցել, ես երազում եմ, որ Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որ նրա որդին երբեք գերության մեջ չհայտնվի: Երկրորդը՝ երբեք այդ իշխանությունն իր որդու հասցեին նման անբարոյական հայտարարություններ չանի»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից հայ գերիներին պետք է պահանջի լրագրողական, ակադեմիական, գիտական, փորձագիտական հանրույթը։
Նա նաև հավելեց, որ չի ցանկանում, որպեսզի բումերանգը պտտվի, և Լենա Նազարյանի որդին կրի Լենա Նազարյանի մեղքերի ծանրությունը։
«Ես ուզում եմ Հայաստանում այդպիսի իշխանություն, 18 տարի անց, երբ նրա որդին մնացածի որդիների նման կգնա բանակ, կծառայի խաղաղ, կունենա լավ, պլոճիկով իշխանություն, ոչ թե ֆալցետով հանրապետությունունով մեկ ղժղժացող իշխանություն։ Ես նրան այդպիսի մաղթանք կհղեմ»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում արել է այնպիսի հայտարարություն, որ գերիների հարցերով պետք է զբաղվեն և նրանց Ադրբեջանից պահանջեն լրագրողական, փորձագիտական, գիտական, ակադեմիական համայնքները։ Այսպիսով՝ երբ հաղորդավարը Լենա Նազարյանից հետաքրքրվում է, թե ինչո՞ւ գերիների հարցը չի լուծվում, Լենա Նազարյանն արձագանքում է. «Իսկ գուցե Ադրբեջանից ավելի շատ պահանջ ներկայացվի»։ Հաղորդավարը հետաքրքրվում է՝ ո՞վ պահանջի, ո՞վ պահանջի Ադրբեջանից, ինչին ի պատասխան՝ Լենա Նազարյանն ասում է. «Մեր հանրությունը, իշխանության ներկայացուցիչները»։ Իսկ երբ հաղորդավարը զարմացած հարցնում է, թե մեր իշխանությանը թողած՝ Ադրբեջանի՞ց պահանջենք, ԱԺ փոխնախագահը պատասխանում է. «Մե՞նք ենք պատանդ պահել, մենք էլ Ձեզ պես, բոլորի նման պահանջում ենք»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է պահանջել Ադրբեջանից, Լենա Նազարյանը պատասխանում է. «Դուք էլ ունեք խոսք ասելու հնարավորություն, լրագրողական, փորձագիտական համայնքը, գիտական ու ակադեմիական համայնքները, ինչո՞ւ չի խոսում, հասարակական համայնքը։ Հիմա աշխարհը շատ գլոբալ է, մենք բոլոր երկրներում ունենք գործընկերներ, անդամակցում ենք այլ… Ի՞նչն է խանգարում, որ Կառավարության հետ համատեղ այդ քայլերը գործադրեն բոլորը, բոլոր հանրույթները, իհարկե, մենք ունենք լրացուցիչ աջակցության կարիք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում