«Համապատասխան մարմիններին հանձնարարել եմ՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իմ առաջարկը». Նիկոլ Փաշինյան

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որդուն Բաքվում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու իր երեկվա առաջարկին և Աշոտ Փաշինյանի համաձայնությանը, տեղեկացրեց՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իր առաջարկը, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով:

«Բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք, և հանկարծ չմտածեք, որ սա միակ ուղղությունն է, գործիքը և հուսահատ քայլը մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ՝ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է արվում: Ես հիմա նույնիսկ չեմ ուզում այդ աշխատանքը, հեռանկարները գնահատել, որովհետև այդ թեմայով մի բառ, մի նախադասություն ավել-պակաս ասելը կարող է չնախատեսված և ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել: Ես ուզում եմ, որ դուք ուղղակի վստահ լինեք, որ շատ ինտենսիվ աշխատանք է արվում, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ, այլ մի քանի»,- նշեց նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր՝ հայելային տարբերակով զորքերը հետ քաշելու առաջարկը, որը պատրաստ է ցանկացած պահի քննարկել:

«Քանի որ Ադրբեջանն ասում է, որ իրենք քարտեզներ ունեն, և իրենց քարտեզներով այդտեղով է անցնում, այսինքն՝ խնդիրը սահմանների ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք հայելային եղանակով զորքերը հետ քաշել, սահմանային գծի երկայնքով կանգնում են ռուս սահմանապահները, նաև՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ներգրավմամբ, մենք սկսում ենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Մենք ասել ենք, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը մեզ համար մերժելի չէ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած անկախ երկիր ինչ-որ մի պահի այդ խնդրի առաջ կանգնում է, և որ ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներին՝ միաժամանակ ընդգծելով ՄԽ շրջանակում ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը:

«ՀՀ-ում կան ուժեր, գործիչներ, որ ուզում են այս երկու հարցը կապել իրար՝ ասելով, որ եթե սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հարց է սկսված, ուրեմն՝ Ղարաբաղի հարցը փակված է, ոչ, ոչ, երիցս ոչ: Կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա, որ մենք կանգնենք ինչ-որ փաստերի առաջ: Մեզ համար մեծագույն խնդիր է ՀՀ-ի համար խաղաղ զարգացման դարաշրջան ստեղծելը, բացելը, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ի, Արցախի շահերը կարող են զոհաբերվել այդ նպատակի համար: Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին շարունակում է»,- եզրափակեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս