Շիրակի կադաստրի պետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Կարեն Սարուխանյանի «դաբրոյով»
Գյումրիի՝ 168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ Կառավարությանն առընթեր ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Պողոսյանն այժմ էլ որոշել է Շիրակի մարզային ստորաբաժանման պետի ժ/պ նշանակել ռեգիստր Գոհար Պողոսյանին` անհասկանալի պատճառներով ժ/պ–ի պաշտոնից հանելով ռեգիստր Կարեն Խաչատրյանին։
Նշենք, որ նախկին պետ Արայիկ Առաքելյանը, ի հեճուկս իր հովանավոր, իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանի թափած ջանքերին ու հովանավոր լինելուն` չկարողացավ հաղթահարել վերջերս պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթը։
Այժմ էլ Սարուխանյան-Առաքելյան դուետը որոշել է պաշտոնի նշանակել այդ նույն կառույցում կոնֆլիկտներ, ինտրիգներ հրահրող, կառույցը տակնուվրա անող, շատ հաճախ անադեկվատ վարքագծով աչքի ընկնող Գոհար Պողոսյանին, որը Արայիկ Առաքելյանի բարեկամուհին է։
Հիշեցնենք, որ 168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է այս զույգի գործունեությանը Շիրակի մարզում:
Նշենք, որ ըստ Գյումրիում տարածված լուրերի, Արայիկ Առաքելյանը եղբոր որդու անունով գրանցված, բայց իրականում իրեն պատկանող չափագրման երկու օֆիսների բոլոր գործերը կադաստրի համակարգում առաջ է մղում հենց այս անձնավորության միջոցով, սակայն կադաստրի կոմիտեի նախագահին կոռուպցիոն այս ռիսկերը փաստորեն բացարձակապես չեն հետաքրքում։
«Ավելին, չի հետաքրքրում նաև այն փաստը, որ այս պահին Շիրարկի կադաստրում տիրող ներանձնային հարաբերություններին վերաբերող թեմայով քրգործ է քննվում Շիրակի մարզի քննչական կոմիտեում, իսկ քրգործի գլխավոր դերակատարներից մեկը հենց Գոհար Պողոսյանն է»,- ասաց իրավիճակին քաջատեղյակ մեր աղբյուրը:
Նշենք, որ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 32 կետի պահաջների՝ քաղծառայողին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ: Ստացվում է, որ Գոհար Պողոսյանը, ստանձնելով ղեկավարի ժ/պ-ի պարտականությունները, դառնում է իր հարազատ հորեղբոր տղայի՝ Արսեն Պողոսյանի (ով ի դեպ զբաղեցնում է հաշվառման բաժնի ավագ մասնագետի պաշտոնը) անմիջական ղեկավարը տվյալ կառույցում: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Սուրեն Թովմասյանը: