Իմքայլական Կարեն Սարուխանյանի դրածոն՝ Շիրակի մարզի կադաստրի կոմիտեի ղեկավա՞ր

Մեկ ամիս առաջ 168.amանդրադարձել էր այն թեմային, որ Շիրակի մարզը ներկայացնող Ազգային ժողովի (ԱԺ) իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հովանավորում ու ամեն գնով հին պաշտոնին է ցանկանում բերել Շիրակի մարզի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Արայիկ Առաքելյանին։

Վերջինիս հետ, մեզ հասած տեղեկություններով, իշխանական պատգամավորը «մտերմացել է» հենց պաշտոնի բերելու պատրվակով։

Ու չնայած բարձրաձայնել ենք այն փաստերը, որ Արայիկ Առաքելյանն իր ընտանիքով թաղված է կոռուպցիոն սկանդալների մեջ, հրապարակել ենք վերջինիս ու նրա մանկավարժ կնոջ նկատմամբ հարուցված քրգործերը, այդուհանդերձ ՀՀ կառավարությանը սա բացարձակապես չի հետաքրքրում, ավելին՝ կարծես ձեռք է տալիս։

Նախկին իշխանությունների ենթադրյալ կոռուպցիոն գործարքները դրոշակ դարձրած Նիկոլ Փաշինյանը լիազորել է Կարեն Սարուխանյանին՝ Շիրակի մարզում իրեն տեր-տիրական զգալու, բոլոր կարմիր գծերը հատելու, ամենաստոր ձեռագրով տարբեր պաշտոնյաների գլխին գործեր սարքելու ու իր ուզած կադրերին պաշտոնների նշանակելու։

Հիշենք թեկուզ միայն Շիրակի մարզի սոցիալական ծառայության ղեկավար Ամալյա Ադամյանի դեպքը, որի տեղն ազատելու ու իր հորեղբոր որդուն նորաստեղծ միասնական սոցիալական ծառայության պետ նշանակելու համար բեմադրվեց ««Մերսի»-շոուն», երբ ԱԱԾ-ն իբր կոռուպցիոն դեպք էր բացահայտել, սակայն այդ բացահայտումները կոնֆետ-գինի-կոնյակ տեսքն ունեին:

Գյումրեցիները խոսքով՝ այդ ժամանակ Շիրակի մարզային ԱԱԾ-ում մի խորհրդավոր երիտասարդի էին տեսել՝ սև գլխարկով և ակնոցով, ում դեմքը զարմանալիորեն շատ ծանոթ էր թվացել բոլորին:

Մեզ հասած տեղեկություններով՝ երեկ կայացել է Շիրակի մարզի կադաստրի կոմիտեի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթի առաջին փուլը, որին մասնակցել է նաև Կարեն Սարուխանյանի հովանավորյալը՝ Արայիկ Առաքելյանը (երբեմնի ՕԵԿ-ական), ու վերջինս կարողացել է հաղթահարել այն: Մրցույթին մասնակցած մյուս 3 թեկնածուները կտրվել են:

Փաշինյանի կառավարությանը բացարձակապես չեն հետաքրքրում այս համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմները․ թե ինչու է, օրինակ, Աշոցքի գյուղերում երիտասարդ տարիներին հովիվ աշխատած Արայիկ Առաքելյանն այդպես ձգտում վերադառնալ բարձրագույն ղեկավար պաշտոնի:

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ պատասխանը մեկն է. վերջինս պետական գործը մշտապես ծառայեցրել է իր գրպանին ու անձնական բիզնեսին։

Արայիկ Առաքելյանը չափագրման գրասենյակ ունի Գյումրիում, որը թեև ձևակերպված է նրա եղբոր տղայի՝ Արսեն Առաքելյանի անունով, սակայն ողջ քաղաքը գիտի, որ փաստացի տերն Արայիկ Առաքելյանն է։ Նա իր գրասենյակի կողմից կատարած չափագրումները, ըստ գյումրեցիների, առանց լուրջ խոչընդոտների կարողացել է անցկացնել կադաստրի պետական կոմիտեով՝ սեփականության վկայականներ տրամադրելով տվյալ անշարժ գույքերի համար՝ իրեն ցանկալի անձանց։

Ըստ լուրերի՝ կարևորագույն գործառույթները կատարել է կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման հաշվառման բաժնի միջոցով, որտեղ իր կադրերն են աշխատում, օրինակ՝ իր բարեկամներից մեկը։

Թե ինչու է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեն մի անձի երկու լիցենզիա հատկացրել՝ «Շիր արև» ՍՊԸ-ին և «Արսեն Առաքելյան» Ա/Ձ-ին (թեև սրանց չափագրման լիզենցիա է հատկացրել, սակայն, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ զբաղված են բազմաթիվ այլ գործառույթներով, մասնավորապես՝ քաղաքացիների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելով, դիմումներ ընդունելով, խորհրդատվություններ տրամադրելով), այս թեմայի շուրջ դեռ տեղեկատվություն, իհարկե, կստանանք, սակայն փաստն այն է, որ կադաստրի ղեկավարությունն էլ Սարուխանյանի հրամցրած կադրերից ինչ-ինչ նպատակներով չի հրաժարվում։

Ի դեպ, Արայիկ Առաքելյանի եղբոր որդու անունով գրանցված գրասենյակը գտնվում է Գյումրու սպասարկման գրասենյակի հարևանությամբ՝ նույն շենքում։ Կադաստրի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը սա չէր հանդուրժել, հարկադրել էր գրասենյակի տեղը փոխել։

Շեշտենք, որ Արայիկ Առաքելյանը իր պարզաբանումներից մեկում նշել էր․ «Ես պատերազմի մասնակից եմ, ոչ տրամադրություն ունեմ, ոչ հավես՝ մրցույթի մասնակցելու և այդ պաշտոնին վերադառնալու համար»:

Պարզվում է՝ նրա հավեսն ու տրամադրությունը վերադարձնում է Կարեն Սարուխանյանը՝ ոգևորելով ու առաջ մղելով։

Ի դեպ, Արայիկ Առաքելյանը իր հարցազրույցներից մեկում վիրավորել էր ներկա կառավարությանը՝ համարելով «վնասատու», կադաստրի ղեկավարությանն էլ անվանել էր «զինվորի հաց կտրող»։

Տարօրինակ է՝ այս հարցում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարության պահվածքը, լռությունը, մամուլի ոչ մի հրապարակումներին չարձագանքելը՝ շրջանառվող լուրերը ո՛չ հաստատելը, ո՛չ հերքելը։

Առավել տարօրինակ է ՀՀ Քաղծառայության պահվածքն այս հարցի առնչությամբ, որի ներկայացուցիչներն ընդգրկված են մրցութային հանձնաժողովի կազմում։ Մի՞թե ՀՀ «Քաղծառայության մասին» օրենքն ասում է՝ բիզնեսով զբաղվողը պիտի միաժամանակ զբաղեցնի քաղծառայության պետական պաշտոն, ընդ որում, սեփականաշնորհի այդ պաշտոնը՝ իրեն բոլոր իշխանությունների ժամանակ անփոխարինելի պետ հռչակելով։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ վաղը տեղի կունենա մրցույթի բանավոր փուլը, և մենք կիմանանք՝ ի վերջո, ո՞վ դարձավ Շիրակի մարզի կադաստրի պետը:

Տեսանյութեր

Լրահոս