«ՀՀ քաղաքական ուժերով պետք է ձևավորենք կոնսենսուս առ այն, որ ընտրություններում կարող են լինել միայն ՀՀ քաղաքական ուժերը, և ոչ, օրինակ, Ադրբեջանի». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությամբ՝ թեև իրենք, ինչպես նաև ընդիմադիր դաշտում շատերը,  մեծ հաշվով, խնդիր չեն տեսնում դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված,  այդուամենայնիվ  առկա պայմաններում նման բան չի կարող տեղի ունենալ։ Հետևաբար՝ փաստաթղթի կամ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ խոսակցություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։

Իմքայլական պատգամավորը հերքեց տարածված այն խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթով Տավուշի և Արարատի մարզերից գյուղեր պետք է հանձնեն թշնամուն։

Ինչ վերաբերում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ դիմել ՄԱԿ-ին, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ դա հնարավոր քայլերից մեկն է, սակայն իշխանության տարբեր քայլեր ունեն իրենց ժամանակն ու տեղը։

«Չեմ բացառում, որ գործը հասնի նաև ՄԱԿ-ին դիմելուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, մասնավորապես՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հնչեցրած,  որ այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, իշխանությունների անգործության հետևանք է, քանի որ վերջինները չեն կահավորել դիրքերը, Ռուբեն Ռուբինյանը նշեց, թե խնդիրն այն է եղել, որ պատերազմին հաջորդել էր ձմեռ, այսինքն՝ սահմաններին ստեղծված նոր իրավիճակը եղել է ձմռան ընթացքում։

«Գարնանը, երբ սկսվել է ձնհալ, երկու կողմերից չեն եղել, այսպես ասենք՝ ֆիքսված դիրքեր։ Ես համաձայն չեմ Սեյրան Օհանյանի հետ, այն, ինչ հնարավոր է եղել անել,  այդ ընթացքում արվել է, և այն, ինչ հնարավոր է հիմա անել՝ նույնպես արվում է։ Բայց ես չեմ ուզում իմ պատասխաններով տպավորություն ստեղծել, թե այս առումով ամեն ինչ լավ է, կամ իրավիճակը լավ է, ոչ, իրավիճակը լավը չէ այն պարզ պատճառով, որ ադրբեջանցի զինվորներն այս պահին շարունակում են  գտնվել մեր սահմանում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է մի խումբ դեսպանների  Սյունիք կատարած այցին, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ թշնամին փաստացի ներխուժել է ՀՀ սահման, և իշխանությունը հետաքրքրված է, որպեսզի ՀՀ-ում հավատարմագրված  դեսպանները հնարավորինս շատ տեղեկացված լինեն ու  նաև սեփական աչքով տեսնեն այն, ինչ տեղի  է ունենում։

Թե ինչու Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում չէին գնում Սյունիք, որտեղ նույնպես իրավիճակը լարված էր, Ռուբեն Ռուբինյանն այսպես  պարզաբանեց, թե շատ երկրներ Արցախի անկախությունը չեն ճանաչել։

«Կարծում եմ՝ մենք պետք է ուրախ լինենք այն փաստից, որ հնարավորինս շատ միջազգային ներկայացուցիչներ այդ հարցին ուշադրություն են դարձնում»,- ընդգծեց  Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին՝ իշխանությունը պատրաստվում է ստեղծված իրավիճակում գնալ նախընտրական քարոզարշավի, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ներկայիս ստատուս-քվոն իրենց համար անընդունելի է. «Կարծում եմ՝ տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները հստակ կապ ունեն Հայաստանում ընտրությունների հետ, այսինքն՝ փորձ է արվում ներազդել ՀՀ ներքին քաղաքական գործընթացների վրա։ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանում լինի լիակատար քաոս, սա է պատճառներից մեկը, որ նրանք դիմել են նման գործողությունների։ Մենք բոլորով՝ ՀՀ քաղաքական ուժերով, պետք է ձևավորենք կոնսենսուս առ այն, որ ընտրություններում կարող են լինել միայն ՀՀ քաղաքական ուժերը, և ոչ, օրինակ, Ադրբեջանի։ Նկատի ունեմ այն, որ ունենք իրավիճակ, երբ թշնամական գործողություն է կատարվում նախընտրական շրջանում, ինչ-որ առումով պետք է կոնսենսուս, որ սա չդառնա ներքին շահարկումների հարց»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս