Ահաբեկչություն Հայաստանի նկատմամբ
Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարվող տեսանելի ու թաքնված գործընթացները վստահաբար մշակվում են ինչ-որ կենտրոնների կողմից և տեղի են ունենում համապատասխան տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակներում։
Պատերազմի ավարտից հետո հայ հասարակության նկատմամբ հետևողականորեն կիրառվում են մոլորեցնող շատ որոշակի տեղեկատվական, քարոզչական տեխնոլոգիաներ, որոնց նպատակը հանրության գիտակցության բթացումն է, որը, վերջին հաշվով, հանգեցնում է անգամ ամենադժոխային իրադարձությունների անընդվզում ընդունմանն ու համակերպմանը։
Հենց այդպիսի տեխնոլոգիաների օրինակ է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի առաջխաղացումն ու դրան ուղեկցող տեղեկատվական-քարոզչական աղմուկը։ Այն, ինչ արձանագրված է արդեն այսօր՝ շոկ-համակերպում-ընդունում սխեմայի արտահայտություն է։
Մայիսի 12-ին, երբ հայտնվեցին առաջին տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները հայտնվել են Սև լճի տարածքում, ապա՝ Վարդենիսում, հասարակությունը սկզբնական փուլում շոկ ապրեց, որն ուղեկցվեց անհանգստության ու անորոշության խորը զգացումով։
Բայց օրերի հետ հանրությունն աստիճանաբար սկսեց համակերպվել այդ՝ առաջին պահին աներևակայելի ու անկարելի թվացող տեղեկությանը, ինչի արդյունքում, արդեն 13-րդ օրն է՝ ադրբեջանական զինվորները՝ ավելացող քանակով, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Հիմա կատարվածի, ըստ էության, վերջին՝ ընդունման փուլն է, որից հետո արդեն հասարակությունը վերջնականապես կհաշտվի այն իրողության հետ, որ թշնամական երկրի զինուժը կարող է անարգել հատել Հայաստանի սահմանը և դիրքավորվել մեր երկրին պատկանող տարածքում։
Նույնպիսի տեխնոլոգիայի արտահայտություն էր հերթական եռակողմ հակահայկական փաստաթղթի ստորագրման մասին պատմությունը։
Սկզբում այն առաջացրեց շոկ, որոշ մարդիկ դուրս եկան փողոց, և այլն, ապա հանրությունը մտավ նաև այդ տեղեկատվության հետ համակերպման ռեժիմի մեջ, որին հաջորդելու է ընդունման փուլը։
Այդ փաստաթղթի մասին տեղեկություններին զուգահեռ, «հընթացս» սկսեցին քննարկել նաև անկլավների հարցը․ կրկին՝ սկզբում շոկ, ապա՝ համակերպում, և, ի վերջո, ընդունում։
Դժվար է ասել՝ ո՞ր երկրներից և ովքե՞ր են աշխատում այս տեխնոլոգիաները հայկական իրականությունում կիրառելու գործընթացում, բայց վստահաբար աշխատողներ կան, ընդ որում, դրանք կարող են լինել միանգամից մի քանի, անգամ հակադիր բևեռներից։
Նաև այս տեխնոլոգիաների անտեսանելի ազդեցության արդյունքն է իրողությունը, որ պատերազմից ընդամենը 6 ամիս անց, երբ դեռ Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, բազմաթիվ ծնողներ իրենց զավակներին են փնտրում զոհվածների և ողջերի մեջ, թշնամին գրեթե ամեն օր մեր տարածք է ներխուժում և պահանջներ ներկայացնում, արդեն գրեթե որևէ մեկը չի խոսում Արցախի մասին, հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սյունիքի ու մյուս սահմանամերձ մարզերի վրա։
Հայ հասարակությունն արդեն իսկ համակերպվել և ընդունել է Արցախի, Շուշիի, այլ բնակավայրերի կորստի, հազարավոր զոհերի ու վիրավորների իրողությունը, ինչն այդ նույն տեխնոլոգիաները կիրառողներին խիստ անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես փակելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։
Ամիսներ շարունակ Հայաստանի հանրությունն ապրում է վատի ու ավելի վատի սպասման ռեժիմում։
Նրան ներկայացնում են դժոխային տեղեկություններ, ապա դրանից համեմատաբար պակաս վատն արձանագրվում է՝ որպես կայացած փաստ։
Հասարակությունն ապրում է «կարող էր ավելի վատ լինել» ինքնամխիթարական հոգեբանությամբ, ինչը հնարավորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանն իրագործել այն, ինչը մշակում են այդ նույն տեխնոլոգները՝ ամենայն հավանականությամբ՝ առանց անգամ նրանց տեղյակ պահելու։
Իրականում սա ահաբեկչություն է մեր հասարակության նկատմամբ, որը, սակայն, որևէ հակաահաբեկչական կազմակերպության կողմից չի արձանագրվում ու չի դատապարտվում, նաև այն պատճառով, որ ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից ու ՀՀ քաղաքացիներից։
Հարություն Ավետիսյան