Փաշինյանն իր այդ ստորագրությամբ Արցախը տալու է Ադրբեջանին․ քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ   անդրադարձել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած հակահայկական փաստաթղթին, որը, ըստ Մինասյանի՝ պատրաստվում է ստորագրել Փաշինյանը։

«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը  բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:

Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:

Այն լուծումները, որոնք, մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է և փորձում հանրությանը համոզել, թե այդ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից, փորձագետները մեկը մյուսի հետևից ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթղթով ճանաչելու է տարածքային ամբողջականությունը, որը վերաբերում է նաև Արցախին։ Այսինքն՝ նա Արցախն իր այդ ստորագրությամբ տալու է Ադրբեջանին։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այդ փաստաթուղթը վերաբերում է Արցախին, և Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի այն իրականություն դառնա։

«Ադրբեջանը խնդիր չունի Հայաստանի հետ սահմանազատման, սահմանագիծը երկարացնելու Տավուշում կամ Նախիջևանի հատվածում։ Իրականում այդ 100 կամ 200 մետր այս կամ այն կողմ բան չի փոխում։ Հիմա այդ խնդիրն օրակարգ է բերվում զուտ մեկ նպատակով, որպեսզի այդ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պահանջեն պաշտոնական Երևանից։ Նաև՝ պահանջ դառնալուց զատ, պաշտոնական Երևանն ըստ էության կլեգիտիմացնի այն սահմանները, որոնք կային Խորհրդային Միության շրջանում, որն ըստ էության նշանակում է՝ Արցախի պատկանելություն Ադրբեջանին»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Այս համատեքստում, ըստ քաղաքագետի՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելով, սահմանազատման հարցեր առաջ քաշելով, Ադրբեջանն այլ խնդիր է հետապնդում, որն ըստ էության Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սպասարկելու, որովհետև նա այս ամենը կոչում է 100 տոկոսով պրո հայաստանյան, ի տարբերություն ՀՀ արտգործնախարարության, որտեղ հասկանում են, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Հայաստանն իրավաբանորեն հրաժարվում է  Արցախից։

Հայաստանն իրավունք ունի՞ ստորագրելու այնպիսի փաստաթուղթ, որը վերաբերում է Արցախին, նրա սահմաններին, հարցին քաղաքագետը տվեց հետևյալ պատասխանը. «Իրավական տեսակետից հարցը Արցախին չի վերաբերելու, հարցը վերաբերելու է Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին, սակայն հասկանալի է, որ հարցն առավել քաղաքական նշանակություն ունի, դրա համար նման իրավունք Հայաստանը չունի։ Արցախը շարունակում է պայքարել իր անկախության համար, պայքարում է նաև իր օկուպացված տարածքներն Ադրբեջանից ազատագրելու համար։ Հայաստանը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական տեսակետից նման իրավունք չունի, իսկ Նիկոլ Փաշինյանն առավել ևս նման իրավունք չունի, որովհետև նա գործում է  ոչ թե Հայաստանի, այլ հակառակորդի շահերից ելնելով»։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անի հայ հասարակությունը՝ ամեն կերպ ընդդիմանալն է նման փաստաթղթի ստորագրմանը։

«Այսօր ես առաջարկել եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, հայտարարեն, որ իրենց ընտրվելու պարագայում հետ են կանչելու Հայաստանի ստորագրությունն այդ փաստաթղթի տակից։ Թե՛ Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, թե՛ Ադրբեջանը՝ որպես հակամարտող կողմ, պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց ձեռք բերված պայմանավորվածություններն այլևս չեն աշխատելու։ Նրանք պետք է պայմանավորվեն ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ, հիմա մենք պետք է ցույց տանք մեր հանրության, ժողովրդի դիրքորոշումը»,- ընդգծեց նա։

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ հայրենիքի մի մասը զիջելով, դավաճանական փաստաթղթեր ստորագրելով, դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը վերադարձնելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։

«Հայաստանի կողմից թշնամուն բազմաթիվ զիջումներ է արվել, բայց մենք տեսնում ենք, որ այդ ամենը գերիների հարցի վրա որևէ կերպ չի ազդել։ Կարծում եմ, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է հասկանանք, որ գերիների խնդիրների հարցի լուծումն այլ հարթության մեջ է, այնպես որ, հայրենիքը թշնամուն զիջելով՝ նմանատիպ նոր խնդիրներ են ստեղծվելու, և դրանով թշնամուն նոր հնարավորություններ են տրվելու իր հսկողությունը մեր պետության վրա ավելացնելու»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս