«Գեղարքունիքում իրավիճակը գնահատում եմ բավականին ծանր ու մտահոգ». Ռազմական փորաձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի տեղեկություններով, թշնամին Գեղարքունիքի մարզի հատվածում որքան առաջ էր եկել մինչև մայիսի 17-ը, ներառյալ՝ 19-ը, շարունակում է մնալ նույն հատվածներում. իրավիճակի փոփոխություն այս առումով չկա։
«Թշնամու նպատակն այն է, որպեսզի զբաղեցնի կարևորագույն բարձունքներ, որտեղից բոլոր բնակավայրերը տեսանելի կլինեն։ Այսինքն՝ դրանք այն բարձունքներն են, որտեղից բնակավայրերը շատ հեշտությամբ տեսանելի են։ Թշնամին այդ բարձունքներում անմիջապես բարձրացնում է ադրբեջանական դրոշը, և այդկերպ ազդում են նաև բնակչության վրա։ Իրականում Գեղարքունիքում այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, սակայն այնպես էլ չէ, որ տրամադրությունները խուճապային են, այդուհանդերձ իրավիճակը գնահատում եմ բավականին ծանր ու մտահոգ, որովհետև այսպես շարունակվելու դեպքում սահմանամերձ դարձած բնակավայրերում այլևս բնակավայրեր չեն լինի։ Այսինքն՝ բնակչությունն այդ գյուղերը կլքի։ Ես այսպես եմ մտածում, և կարծես թշնամու ուզածն էլ հենց դա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա նկատեց՝ եթե բնակչությունն այդ վայրերում էլ վտանգ չզգա, միևնույն է՝ զրկվել է թե՛ արոտավայրերից, թե՛ ցորենի արտերը մշակելու հնարավորությունից, քանի որ դրանք ամբողջությամբ անցել են թշնամու հսկողության տակ։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ հայկական կողմն ըստ արժանվույն չի պատասխանում թշնամու հոխորտանքներին։
«Երբ Ալիևը հոխորտում էր՝ հայկական այս կամ այն տարածքն ադրբեջանական վերահսկողության տակ վերցնել, մեր իշխանությունը մշտապես քարոզում էր խաղաղություն, որ պետք է ապրենք խաղաղ ու համերաշխ։ Այսինքն՝ իրավիճակը ռեալ չենք գնահատել՝ ընկել ենք պատրանքների մեջ, կարելի է ասել՝ չենք էլ պատրաստվել նման սցենարների զարգացումներին։ Մեր այս վիճակի պատճառն այն է, որ մենք մշտապես հասարակությանը խաղաղության ենք պատրաստել, ինչ-որ սին գաղափարներ են տարածել, թե հարևանների հետ պետք է հաշտ ապրել, այս դեպքում՝ թշնամու հետ»,- հավելեց փարձագետը։
Թե ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, որպեսզի թշնամին լքի ՀՀ պետական սահմանը՝ հարցին, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ հայկական կողմի առաջին քայլը պետք է լիներ այն, որ հարցը, փոխարենը ռազմական դաշտ տանելուն, պետք է տանեին իրավական դաշտ։
«ՀՀ սուվերեն տարածքում գտնվող զինված խմբավորումները, որոնք մեզ համար դեռևս անհայտ են, և դեռևս չգիտենք՝ ադրբեջանցի՞ են, թե՞ «Իսլամական պետության» ահաբեկիչներ, պետք է նրանց շրջափակեինք ու ձերբակալեինք՝ ենթարկելով իրավական պատասխանատվության։ Սակայն, չգիտես ինչու, գործընթացը տարանք ռազմական դաշտ՝ սկսեցինք լեգիտիմացնել թշնամու՝ հայկական սահմաններից ներս գտնվելը, նրանց հետ տարանք բանակցություններ։ Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ մենք պարտադիր ՀՀ սահմանից ներս ներխուժած զինված խմբավորումներին անհապաղ պետք է ձերբակալեինք, քանի որ նրանք սպառնում են ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությանը, այլև խաղաղ բնակչությանը։ Ես միայն այս ճանապարհն եմ տեսնում»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։