Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքը
Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է, որն արդեն չի կարողանում թաքցնել։ Ազգային Ժողովում ունեցած ելույթում նա խոսում էր ամեն ինչի և ոչնչի մասին։ Նա խոսում էր թափթփված, կցկտուր, մտքից միտք թռչելով, փոխված էր անգամ նրա ձայնի առոգանությունը, այն նվաղել էր այնպես, ինչպես նրա ղեկավարած երկիրն է նվաղել թշնամիների առաջ։
Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին անդրադառնալը կնշանակի՝ մտնել նրա իսկ իռացիոնալ, խուճապային հարթություն։
Նա ինքը՝ ենթագիտակցորեն կամ ոչ, մի բառով խոստովանեց, թե ինչով էր զբաղվում ԱԺ ամբիոնից․ մեղմասացություն։ Նրա բոլոր մտքերը հենց մեղմասացություններ էին, մանիպուլյացիաներ, որոնց նպատակը մեկն էր՝ մարդկանց ուղեղները լվանալ, մոլորեցնել, լղոզել, թե իրականում ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Ալիևի հետ։ Այդ նպատակը նրա համար այնքան կարևոր էր, որ իր ցաքուցրիվ խոսքում մի քանի անգամ հանդես եկավ ակնհայտ պրոադրբեջանական թեզերով՝ նախորդ կամ հաջորդ նախադասությամբ իր ընդդիմախոսներին մեղադրելով ադրբեջանական քարոզչության մեջ։
Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է, որն արդեն չի կարողանում թաքցնել։
Նրա խուճապն ամենևին պայմանավորված չէ այն հնարավոր սպառնալիքներով, որոնք կախված են Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանին մտահոգում է միայն ու բացառապես մի բան՝ սեփական իշխանությունը։
Նա հասկանում է, որ հերթական հակահայկական փաստաթուղթը ստորագրելով՝ կարող է մոտեցնել այդ իշխանության կորուստը։ Հենց դա՛ է նրա խուճապի պատճառը։
Իսկ հարցը, թե ինչո՞ւ է այդքանը գիտակցելով՝ նա գնում հակահայկական ու պրոադրբեջանական փաստաթղթի ստորագրման քայլին, երևի պետք է ուղղել Ալիևին, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է այնքան զգուշորեն, որքան հավաքագրված գործակալը՝ հավաքագրողի մասին։
Նիկոլ Փաշինյանի խուճապն ունի խորը հոգեբանական պատճառներ։ Նա ապրում է լարախաղացի ռեժիմով, քայլում է ճոճվող լարի վրայով, որն ամեն պահի կարող է պոկվել։
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ամեն մի հաջորդ ելույթ կարող է դառնալ իր վերջին խոսքը։ Հենց այդպիսին էր Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթն Ազգային ժողովում։ Ամեն ինչի և ոչնչի մասին։
Հարություն Ավետիսյան