«Գուցե Ադրբեջանը սադրիչ նպատակներ է հետապնդում, մեր պաշտպանական գերատեսչությունը պետք է պատրաստ լինի ցանկացած շրջադարձային իրողության». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը  հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում ստեղծված իրավիճակի լուծումն առաջին հերթին պատկերացնում է բանակցությունների միջոցով՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի ունեցած կարգավիճակի ու առհասարակ այդ կառույցի գործունեության շրջանակներում։

«Բայց դե բոլոր դեպքերում հաշվի առնելով մեր հարևանների կեցվածքը, շատ դեպքերում՝ սադրիչ, չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նաև ուժային մեթոդով հարցը լուծվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով տարածվող այն խոսակցություններին, որ ՀԱՊԿ-ն հապաղում է որևէ գործողություն իրականացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Հովիկ Աղազարյանը նշեց, որ այստեղ հապաղելու խնդիր չկա, ամեն միջադեպ իր գնահատականն ու սահմանումն ունի։

«Սա հիմա սահմանային միջադեպ է, որը չի կարելի միանգամից բնութագրել՝ որպես ռազմական գործողություն,  ՀԱՊԿ-ը, որը գործում է իր կանոնադրության հիման վրա  և մասնակից պետություններով համարվում է մեկ միասնական համակարգ, պետք է  նմանատիպ խնդիրները որոշակի քննարկման փուլ անցնի, որից հետո տրվի գնահատական և դրանից հետո կատարվեն կոնկրետ գործողություններ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»,- հավելեց պատգամավորը։

Ըստ նրա, միակ կեցվածքը, որն այս պահին ունի Ադրբեջանը,  այն է, որ նրանց քարտեզների համաձայն՝ այդ տարածքներն ադրբեջանական են։ Սակայն համադրելով հայկական կողմի քարտեզները, մասնավորապես՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի քարտեզները,  այս պահին հստակեցված է, որ դա հայկական տարածք է։

«Իհարկե, ես չեմ բացառում՝ գուցե Ադրբեջանն ինչ-որ սադրիչ նպատակներ է հետապնդում, դրա համար մեր պաշտպանական գերատեսչությունը պետք է պատրաստ լինի ցանկացած շրջադարձային իրողության և իրավիճակին համապատասխան որոշում կայացնի։ Սակայն միջազգային հանրության առաջ, միջազգային տեսանկյունից այդ ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է սպառենք բոլոր իրավական ու քաղաքական ճանապարհները, կարծում եմ՝ մենք դրանք չենք սպառի, և հարցի լուծումը խաղաղ ճանապարհով կլինի այնպես, որ մենք բոլորս ուզում ենք և որը ճիշտ է»,- ընդգծեց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գնան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս