«Կատարյալ գազանանոց»․ Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանն ու քննադատությունները
1918 թվականի մայիսյան հերոսամարտերում հայ մարդու ոգին և տոկունությունը ցույց տվեց, որ հայ ազգը ցանկանում է ունենալ պետություն։ Այդ ցանկությունը կյանքի կոչվեց, քանի որ դարեր շարունակ տևած մեր տքնաջան աշխատանքն ու արյունը արդարացրեցին պետություն ունենալու մեր նվիրական ցանկությունը։
1918 թվականին հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որի գոյատևման 2 փոքրիկ տարիները լի էին դառն ու դժվար դեպքերով։ Նոր-նոր ստեղծված պետությունը կամաց-կամաց փորձում էր կյանքի կոչել բոլոր այն իրողությունները, որոնք սկիզբ էին դնելու ամուր պետության կազմավորման հիմքում։ Բնական էր, որ պետք է ստեղծվեր նաև նոր պետության խորհրդանիշ։
Հատկանշական է, որ խորհրդանիշների ստեղծման գործում առավել բարդ եղան ազգային դրոշի և զինանշանի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, ազգային դրոշի ստեղծման գործում պետք է օգներ պատմությունը։
Դեռևս Ք․ա․ 13-րդ դարում Հայաստանում գոյություն են ունեցել մարդակերպ արձանադրոշներ։ Նմանատիպ դրոշների օրինակներ տեսնում ենք Ուրարտական պետության գոյության ժամանակաշրջանում։ Այդ շրջանում բանակին առաջնորդում էր Խալդի աստծո քանդակը։ Արդեն իսկ Արտաշեսյան դինաստիայի ժամանակաշրջանում օգտագործվում էր կարմիր կտորից կազմված դրոշ, որի վրա պատկերված էին միմյանց նայող արծիվներ, և այդ թռչունները բաժանված էին ծաղիկով։ Գունային խորհուրդը պահպանվեց նաև Կիլիկյան Հայաստանի շրջանում։ Լևոն Երկրորդից մնացած դրոշը, որը սպիտակ կտորի վրա պատկերված կարմիր առյուծ էր, Լուսինյանների օրոք համալրվեց կապույտ և դեղին գույներով։
Արդեն իսկ 19-րդ դարում Հայոց մեջ առաջին անգամ առաջ է քաշվում եռագույն դրոշ ունենալու գաղափարը։ Նմանատիպ դրոշի ստեղծման գաղափարն առաջ քաշեց Մխիթարյան վարդապետ, մեծ հայագետ և գիտնական Ղևոնդ Ալիշանը, ով Վիկտոր Հյուգոյի թաղման արարողությանը մասնակցելու համար Փարիզի հայ ուսանողներին խորհուրդ է տալիս ունենալ եռագույն դրոշ՝ կարմիր, կանաչ և կապույտ գույներով։ Հետագայում արդեն իսկ իր էսքիզով հանդես էր գալու Մարտիրոս Սարյանը, տեղի էին ունենալու քննարկումներ և վերջապես հայ մարդու առաջ դրվելու էր մեր եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն գույներով։ Գրեթե այս նույն տրամաբանությամբ պետք է կազմվեր նաև զինանշանը։
Նախ պետք է հստակ ընդգծել, թե ինչպիսի՞ տեսք ուներ Առաջին Հանրապետության զինանշանը։ Զինանշանի արտաքին նկարագրությունը մանրամասն ներկայացնում է Սիմոն Վրացյանը․
«Հուլիսին կառավարությունը հաստատեց ակադ․ Ալ․ Թամանյանի կազմած և նկարիչ Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի (գերբի) նախագիծը։ Զինանշանի կենտրոնում կար վահանաձև մի տարածություն՝ բաժանված չորս մասի․ յուրաքանչյուր մասում տեղավորված էր Հին Հայաստանի չորս անկախ շրջաններից մեկի զինանշանը՝ Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյանց։ Մեջտեղը դրված էին մեծ ու փոքր Մասիսները և նրանց վերև՝ Հ․Հ․ տառերը։ Վահանի աջ ու ձախ կողմերը բռնել էին մի արծիվ և մի առյուծ, իսկ ներքևը՝ սուր, գրիչ, հասկեր և շղթա»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 464)։
Պետք է ընդգծել, որ Թամանյանը ևս առաջնորդվել է պատմական անցյալով։ Դա այդպես պետք է լիներ, քանի որ նախկինում գոյություն ունեցած Հայոց հզորագույն թագավորություններն ունեցել են խորհրդանշային հետաքրքիր, իմաստալից և ազդեցիկ համակարգ, և զինանշան կազմելու գործում անհնար էր շրջանցել այդ համակարգը։ Թամանյանի ստեղծած զինանշանի ոգեշնչման աղբյուրը Արտաշեսյան դինաստիայի հզորագույն արքա Տիգրան Մեծի տարբերանշաններն էին։ Այդ ամուր համակարգում դետալներ կային գրեթե յուրաքանչյուր հզոր արքայական տոհմի խորհրդանիշներից։ Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է ուշադրություն դարձնել նաև Թամանյանի կազմած զինանշանի կենդանիների ագրեսիվ հայացքին ու կեցվածքին։ Բնական է, որ սա դուր չէր գա թե՛ թշնամիներին, թե՛ հարևան պետություններին։
Քանի որ նմանատիպ զինանշանով նորաստեղծ պետությունը ցուց էր տալիս իր ուժը։ Հետաքրքրական է, սակայն Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանը, մեղմ ասած, չընդունվեց շատերի կողմից։ Եթե դրոշի դեպքում ինչ-ինչ առարկություններ լինում են՝ նախքան գույների ընտրության հարցում պաշտոնյաների վերջնական ընդհանուր հայտարարի գալը, ապա զինանշանի դեպքում անհամաձայնություն տեղի է ունենում անգամ ընդունումից հետո։ Այս մասին ևս Վրացյանը գրում է․
«Այս զինանշանը լուրջ առարկություններ առաջ բերեց, թե՛ կառավարության մեջ, և թե՛ դուրսը։ Ոմանք դժգոհ էին, ընդհանրապես, զինանշանի գաղափարից ու ոգուց․ վերարտադրում էր հին, անցած դարերի ավատապետական գաղափարները, չէր համապատասխանում նոր Հայաստանի պարզ, ռամկավար, առաջադեմ ոգուն։ Ուրիշները գտնում էին շատ ծանր, ահեղ, աշխարհակալական, միապետական ձգտումների արտահայտիչ։ Կային մարդիկ էլ, որոնք նույնիսկ պատմական ճշտության հակասող փաստեր էին գտնում զինանշանի մեջ, օրինակ, որ Հայոց մեջ ընդունված չի եղել երկգլխյան արծիվը, որ Տիգրան Մեծի թագի վրայի թռչունները եղել են աղավնիներ և ոչ արծիվներ և այլն։ Եվ, վերջապես, զինանշանը չէր գոհացնում մարդկանց գեղասիրական ճաշակին․ իր մեջ պարունակում էր շատ կենդանիներ, «կատարյալ գազանանոց» սրախոսում էին ոմանք»։ (Նույն տեղում՝ էջ 465)։
Հայաստանի Երրորդ Հանարապետությունը զինանշանի ընտրության հարցում օգտվեց Առաջին Հանրապետության զինանշանից, և այն վերամշակեց։ Կոջոյանի և Թամանյանի կազմած զինանշանը մեծապես փոխվեց։ Այստեղ երբեմնի ագրեսիվ կենդանիներն այլևս ագրեսիվ չեն, մի շարք կարևոր խորհրդանիշեր կապված են, և, որ ամենակարևորն է, հայկական պատմական խորհրդանիշների կողքին հայտնվեց ինչ-որ տարօրինակ էակ, երևույթ, որը մինչ օրս զարդարում և ծաղրի է ենթարկում մեր զինանշանը։ Հետաքրքրական է, որ Առաջին Հանրապետության շրջանում մի շարք մարդիկ ծաղրում էին Թամանյանի և Կոջոյանի կազմած զինանշանը, որտեղ ամեն ինչ տրամաբանված էր, ուներ պատմական հիմք և գաղափար։ Հետաքրքիր է, թե ի՞նչ կասեին նրանք, եթե տեսնեին ներկայիս Հայաստանի զինանշանը։
Առավել սարսափելի է մտածել, թե ի՞նչ կարծիք կհայտնեին, եթե տեսնեին ժամանակակից հայ մարդուն ու Հայոց պետությանը։ Ուրեմն պետք է սկսել կերտել գաղափարապես ճիշտ ու ամուր զինանշան։ Իսկ այդ զինանշանի կերտման աշխատանքները պետք է կատարի յուրաքանչյուր հայ։ Այդ հզոր զինանշանը նախ պետք է ստեղծվի մեր գլխում։ Որից հետո նոր ժողովուրդը կդառնա ազգ, իսկ գիտակից, խելացի ազգը կկերտի հզոր պետություն։
Զ․ Շուշեցի