«Նեթանյահուի համար սկզբունքային կարևորություն ունի վարչապետի պաշտոնը պահելը, նրա գլխավորած թիմը գնում է իրավիճակի սրման». Արաբագետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ պաղեստինաիսրայելական վերջին լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19 թվականների Երուսաղեմի վերաբերյալ Միացյալ Նահագների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։

Ըստ նրա, այդ լարվածությունն ունի մի շարք խորքային և իրավիճակային պատճառներ։

«Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերություններում նկատվող տարաձայնությունները արտացոլվում են նաև այս հակամարտության շրջանակներում։ Թրամփի «Դարի գործարքի» իրացման ձախողումից հետո,  իսրայելական կողմը խախտել է ամերիկաիսրայելական պայմանավորվածությունները՝ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ։ Հենց նման որոշումներից մեկն էլ առիթ դարձավ Արևելյան Երուսաղեմի թաղամասերից մեկում բախումների վերսկսման համար»,- 168.amի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը։

Արաբագետի խոսքով՝  լարվածության հաջորդ խորքային պատճառներից է նաև ԱՄՆ նախկին նախագահ  Թրամփի վարչակազմի վարած աննախադեպ իսրայելամետ քաղաքականությունը և դրա արդյունքներից մեկով Իսրայելի ու մի շարք կարևոր արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն արտացոլվեց նաև «Աբրահամյան համաձայնագրերի» տեսքով։

«Իսրայելում և Պաղեստինում նախաձեռնված ընտրական գործընթացների շուրջ տեղ գտած զարգացումները ևս վերջին լարվածության առանցքում են։ Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ Իսրայելում անցած 2 տարիների ընթացքում տեղի ունեցած չորրորդ ընտրությունների արդյունքներով ներկայում գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին չհաջողվեց ձևավորել նոր կառավարություն։ Հետևաբար՝ Իսրայելին սպասվում են կա՛մ նոր կառավարություն նոր վարչապետի գլխավորությամբ, կա՛մ հերթական՝ արդեն հինգերորդ արտահերթ ընտրությունները։ Նեթանյահուի համար սկզբունքային կարևորություն ունի վարչապետի պաշտոնը պահելը, նրա գլխավորած թիմը գնում է իրավիճակի սրման։ Իսկ այս բախումները և հրեա ու արաբ ժողովրդի միջև կրկին խորացող թշնամանքը հավելյալ կխոչընդոտեն Իսրայելում նոր կառավարության ձևավորման գործընթացին, որը չի կարող տեղի ունենալ առանց Կնեսեթ անցած արաբական կուսակցությունների աջակցության»,- հավելեց արաբագետը։

Թե ինչպե՞ս Մերձավոր Արևելքում ընթացող այս գործընթացները կանդրադառնան Հարավային Կովկասի վրա, Արմեն Պետրոսյանը նկատեց՝ ներկայում Մերձավոր Արևելքում զուգահեռ ընթանում են մի քանի գործընթացներ, որոնցից կարևորագույնը՝ նոր համընդհանուր անվտանգային մարտահրավերի՝ վերջին տասնամյակի ընթացքում զգալիորեն աճած թյուրքական գործոնի դեմ ջանքերի մեկտեղումը, անշուշտ, համադրելի է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի հետ։

«Իսկ մեր տարածաշրջանում այս սպառալիքը գագաթնակետին հասավ արցախյան 44-օրյա պատերազմում թյուրքական կողմի արձանագրած արդյունքների ազդեցությամբ։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրացումն առավելապես իրավիճակային սրացում է, և հազիվ թե լայն մասշտաբներ ընդգրկեն»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս