Այդպիսի դեմքը չես մոռանա. Հրաչյա Ներսիսյանը՝ հայ կինոյի…
Դժվարանում եմ գրել՝ սրբապատկեր, խորհրդանիշ, մեծ վարպետ: Հրաչյա Ներսիսյանը հայ կինեմատոգրաֆի առաջամարտիկներից է. մեծանուն դերասանի առաջին դերը կինոյում եղել է հայկական առաջին ֆիլմում. 1925 թվականին նկարահանված «Նամուս» կինոնկարում Հրաչյա Ներսիսյանը խաղացել է Ռուստամի դերը: «Նամուսին» հաջորդել են այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Զարեն» (1926), «Գիքորը»(1934), «Դավիթ Բեկը»(1944), «Առաջին սիրո երգը»(1958), «Ինչո՞ւ է աղմկում գետը»(1958), «Տժվժիկը»(1961) և ևս երկու տասնյակից ավելի ֆիլմեր:
Հրաչյա Ներսիսյանի անգնահատելի աշխատանքին անդրադարձ կատարելու համար ընտրված են երեք ֆիլմեր՝ «Տժվժիկ», «Առաջին սիրո երգը», «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
«Տժվժիկ» կարճամետրաժ կինոնկարում Վարպետը մարմնավորել է Ներսես ախպարի կերպարը: Հետաքրքիր է, որ հնչյունային ֆիլմում առաջին տպավորությունը, որ թողնում է Հրաչյա Ներսիսյանի խաղը, ասոցացվում է համր կինոյի հետ: Փոքր մարմնի ընձեռած հնարավորությունների ճկուն կիրառումը և արտահայտիչ դիմախաղը հղում են համր կինոյին, որի հայկական նմուշների ստեղծման հիմքում է կանգնած դերասանը, հետևաբար դառնալով մի ամբողջ մշակութային ժառանգության կառուցող, ինքն իր մեջ է ներկառուցել դրան բնորոշ առանձնահատկությունները:
Ներսես ախպարի համեստ և չափավոր կյանքը մեկ օրում փոխվում է մսավաճառի խանութի քովը, երբ վերջինիս՝ լյարդի կտորի կողքով անտարբեր չանցնելը նկատում է Նիկողոս աղան (Ցոլակ Ամերիկյան) և առավելապես ի ցույց դնելու համար իր դիրքը և ընդգծելու սոցիալական առավելությունը՝ Ներսես ախպարի ընտանիքի համար գնում է կովի լյարդի կտորը և հետևողականորեն խորհուրդ տալիս դրանից տժվժիկ պատրաստել: Խորհուրդներով Հրաչյա Ներսիսյանի մարմնավորած կինոհերոսը չի ազատվում Նիկողոս աղայի բարեգործության բեռից, որը համայնքային աղետի է վերածվում տժվժիկից այդպես էլ չհամտեսած Ներսես ախպարի համար: Աղետի համայնքային որակումն ավելորդ չէ. Ներսես ախպարի կերպարը զարգանում է հենց համայնքի ներսում և դրա առաջացրած աղետի պատճառով: Համայնքն ամենանպատակահարմար վայրն է դերերի բաշխման համար, իսկ Նիկողոս աղայի համար՝ նաև այդ դերի պահպանման համար: Ավելի քան մեկ տարի հիշեցնելով տժվժիկի՝ Ներսես ախպարի համար հոգեցունց դարձած պատմությունը, Նիկողոս աղան «ողջ» է պահում համայնքը՝ այն դարձնում կենդանի օրգանիզմ: Համայնքին չպատկանել՝ նշանակում է օրգանիզմից դուրս գալ և որքան էլ աննշան թվա մի ամբողջ կենդանի համակարգից Ներսես ախպարի՝ վերջին տեսարանում՝ եղեղեցու բակում, Նիկողոս աղայի վրա լյարդի կտորը նետելով դուրս գալը, անհերքելի է, որ այդ օրգանիզմի աշխատանքն այսուհետև դատապարտված է խաթարման:
Հետաքրքիր այս զարգացումները, որոնք հաջորդում են միմյանց պատումում, մեծամասամբ իրականանում են Հրաչյա Ներսիսյանի դիմախաղի շնորհիվ: Լինելով այն դարաշրջանի դերասան, երբ մեծ էկրանին ցուցադրվող դեմքն առաջացնում էր էյֆորիկ արձագանքներ (կարող ենք հիշել Ռուդոլֆ Վալենտինոյին, ում դեմքի խոշոր պլանով ցուցադրումը էկրանին կանանց դրդել է ինքնասպանության)՝ Հրաչյա Ներսիսյանի դեմքը՝ գրագետ լուսավորության համադրմամբ, մկանային ամենամանրակրկիտ մակարդակում ցուցադրում է բոլոր այն հույզերը, որոնք չեն արտահայտվում վերբալ հաղորդակցությամբ:
Լուսավորությունը ֆիլմի ստեղծման էական տարրերից մեկն է: Հատկապես համր ֆիլմերում, կամ հնչյունային, բայց համր ֆիլմին հղող կինոնկարներում լուսավորությունն առանցքային է գաղափարաբանության սահմանման, ինչպես նաև առաջնայինի և երկրորդականի ընդգծումների համար: Շատ ռեժիսորներ, ինչպիսիք են Բերգմանը, Վիսկոնտին, Կուրոսավան (հատկապես վերջինը), փորձում էին ընդօրինակել կերպարվեստի տեխնիկաները լույսի և գույնի մատուցման համար: Բերգմանը մարդկանց ողբերգական դեմքերը և կազմվածքը օգտագործում էր լույսի ու ստվերի սև ու սպիտակ ուժեղ հակադրություն «փորագրելու» համար (The Virgin Spring) (1): Նույն մեթոդը կարելի է տեսնել Արման Մանարյանի «Տժվժիկ» ֆիլմում, որում գլխավոր դերերում հանդես են եկել Հրաչյա Ներսիսյանը, նրա դեմքը և լուսավորությունը:
Եթե առաջին ֆիլմում կերպարի դրսևորման գլխավոր «վայրը» համայնքն էր, ապա քննարկման համար ընտրված երկրորդ՝ «Առաջին սիրո երգը» կինոնկարում շրջանակն ընդլայնվում է՝ ընդգրկելով մի ամբողջ քաղաք: Երաժշտական մելոդրաման պատմում է տաղանդավոր երաժիշտ Արսեն Վարունցի (Խորեն Աբրահամյան) մասին, ով տառապում էր այն ժամանակներում այդ դրսևորումը չստացած «աստղային հիվանդությամբ», կամ ինչպես ինքն է ընդգծում քանիցս՝ նրան տանջում էր չհասկացվածությունը: Քաղաքային այս պատմությունում Հրաչյա Ներսիսյանի կերտած կերպարին՝ Արսեն Վարունցի հորը՝ Տիգրան Վարունցին ժապավենային կարճ ժամանակ է հատկացված իր առաքելության իրականացման համար: Ֆիլմը կենտրոնացած է Արսենի և նրա երաժշտական/սիրային արկածների վրա, որոնք մերթընդմերթ ընդմիջվում են հոր դիտողություններով և լուռ դատողություններով: Եթե «Տժվժիկում» Հրաչյա Ներսիսյանի խաղը հիմնված էր մեծամասամբ դեմքի վրա, ապա «Առաջին սիրո երգը» լավագույնս ցուցադրում է Վարպետի դիմախաղը և, միևնույն ժամանակ, ձայնը, թերևս ամենակարևորներից մեկը դրամատիկ դերասանի համար, այդպիսով ամբողջացնելով ոչ միայն Վարունցի կերպարը, այլև Հրաչյա Ներսիսյանին դարձնելով խորհրդանիշ նաև քաղաքի: Ռեժիսորներ Յուրի Երզնկյանին և Լաերտ Վաղարշյանին Հրաչյա Ներսիսյանի մասնակցությամբ ոչ մեծաթիվ տեսարաններում հաջողվել է խտացնել լավագույն հատկանիշները, ինչ կարող է ունենալ երևանցին (հայը՝ ընդհանուր առմամբ):
Ֆիլմում կարճ, բայց ամենաազդեցիկ տեսարաններից մեկը, որում կիրառված է լուսավորության եվրոպական ոճը, և որում ֆիլմի գլխավոր դերակատարները ցուցադրում են եվրոպական կինեմատոգրաֆի ոսկե ժամանակաշրջանին համապատասխան խաղ, Տիգրան Վարունցը կարիերայի անկումային փուլում գտնվող որդու հետ զբոսնելիս նրա ուսերին է գցում իր բաճկոնը` ցուրտ երեկոյան մնալով առանց արտահագուստի, վստահեցնելով որդուն, որ նա գրեթե տանն է, հորդորելով նրան տուն վերադառնալ, երբ նեղն ընկնի, և ընթացքում տրորելով ձեռքերը՝ սառնությունից դրանք պաշտպանելու համար: Հավանաբար, այդպիսին է բոլորիս երազած երևանցին (հայը)՝ հոգատար և բարոյական արժեհամակարգ ունեցող:
Նախորդ ֆիլմի մասին մտորումներս շարադրելիս նշում էի երևանցի և հայ՝ պահելու համար մտքումս գծագրած շղթան վերջին կինոնկարում ամբողջացնելու համար: «Տժվժիկ» ֆիլմում տեսնում ենք անհատին համայնքի հետ բախումներում, երկրորդ՝ «Առաջին սիրո երգը» կինոնկարում, անհատը քաղաքի ներսում է, հոդվածի համար ընտրված երրորդ՝ «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմը եզրահանգմանն է հասցնում այս շղթան՝ մի կողմ դնելով բոլոր պատկանելությունները, թողնելով միայն հային և ամենաանաղարտը, որը, ենթադրաբար, պետք է լինի՝ սերը հայրենիքի նկատմամբ: 1958 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմը սահմանամերձ գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանի (Հրաչյա Ներսիսյան) ողբերգական կյանքի պատմությունն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել ու հայտնվել սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում։ Տարիներ շարունակ փախուստի փորձերը մատնվում են անհաջողության, մինչև Ղամբարյանին չի նկատում սահմանապահ Արմենը (Ֆրունզե Դովլաթյան) և սկիզբ դնում պատումին: Հենց նա էլ տալիս է նկարագիրը, որը լավագույնս արտահայտում է Հրաչյա Ներսիսյանի մասին բոլոր մտքերը՝ «Այդպիսի դեմքը չես մոռանա»: Անցյալի մղձավանջները դաջված են Աթանես Ղամբարյանի դեմքին և խոշոր պլանով դեմքի ցուցադրումը, որոշ տեսարաններում դրա շրջանակավորումը միտված են սրելու փոխանցվող զգացմունքները: Փիլիսոփա Էմի Կոպլանն իր աշխատություններից մեկում տեսակետ է հայտնում , որ մարդիկ «բռնում են» ֆիլմի հերոսի էմոցիաները վարակման միջոցով (2): Խոշոր կադրով ցուցադրվող դեմքի արտահայտած զգացմունքների նմանակումը ֆիլմը դիտողին ուղղորդում է զգալու հերոսի ապրումները: Ֆիլմի տեսաբան Կարլ Պլանտինգան մեկ քայլ առաջ է գնում՝ նշելով, որ դեմքի խոշոր պլանները կարող են հանգեցնել կերպարի հանդեպ կարեկցանքի, և ոչ պարզապես հույզերի կրկնության (3): Թերևս հնարավոր չէ առանց կարեկցանքի, այսօր նաև առանց նույն՝ անարդար կորստի ապրումները ունենալու դիտել «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմը:
Փորձելով ամփոփել երեք ֆիլմերում Հրաչյա Ներսիսյանի կերտած կերպարների մասին մտորումները՝ կարելի է հետևություն անել, որ Վարպետն իր աշխատանքով, իր դեմքով, որն արտահայտում է ոչ թե միտք, այլ արժեք, ուրվագծել է այն իդեալական հային, ում նկարագիրը պետք է կազմեին Ներսես ախպարի արժանապատվությունը, Տիգրան Վարունցի անդրդվելի բարոյական արժեհամակարգը և հոգատարությունը, և ամենապարզը՝ Աթանես Ղամբարյանի հայրենասիրությունը:
Հղումներ
1. Santas C., ‘Responding to Film: A Text Guide for Students of Cinema Art’, 2001.
2. Coplan, A. Catching film characters’ emotions: Emotional contagion responses to narrative fiction film. 2006.
3. Siu-Lan Tan Ph.D. 3 Reasons Why We’re Drawn to Faces in Film. 2013.
Անի Գաբուզյան