Բաժիններ՝

Բոլսոնարուն կարծում է, որ իր ներումը կնպաստի բրազիլական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի վերացմանը

Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուն, որին արգելված է պետական պաշտոններ զբաղեցնել մինչև 2030 թվականը, կարծում է, որ իր քաղաքական ներումը կարող է պայմաններ ստեղծել բրազիլական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 50%-ի չափով մաքսատուրքերի վերացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում։

«Միջոցներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից: Որոշումը բրազիլական իշխանությունների ձեռքում է: Ներումը կծառայի խաղաղությանը տնտեսության համար», – գրել է նա։

Բրազիլիայի նախկին ղեկավարը նշել է, որ գոհ չէ մաքսատուրքերի սահմանումից, որոնք ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

«Ինձ ուրախություն չի պատճառում տեսնել, թե ինչպես են մեր գյուղացի կամ քաղաքացի արտադրողները, ինչպես նաև սովորական մարդիկ տառապում այդ 50% մաքսատուրքից», – նշել է Բոլսոնարուն։

Նա կարծիք է հայտնել, որ Բրազիլիայի նկատմամբ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցները կրում են քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ։ Ավելի վաղ Թրամփը նամակ էր ուղարկել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ հայտնելով նոր մաքսատուրքերի մասին և քննադատելով Բրազիլիայի ղեկավարությանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դատավարության համար:

Թրամփը նաև ասել էր, թե Բրազիլիայում հարձակումներ են գործում ազատ ընտրությունների գործընթացի վրա։ Բոլսոնարուի դեմ հետաքննություն է ընթանում հեղաշրջման փորձի գործով՝  2022 թվականին Լուլա դա Սիլվայի իշխանության գալը խափանելու նպատակով։

Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից բրազիլական ապրանքների համար 50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին՝ դա բացատրելով երկկողմ հարաբերություններում ԱՄՆ առևտրային դեֆիցիտով։ Բրազիլիայի նախագահն այդ հայտարարություններն անվանել է անհեթեթ։ Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունները կպատասխանեն ԱՄՆ մաքսատուրքերին տնտեսությունում փոխադարձ միջոցների մասին օրենքի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս