
Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 58 000-ը

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 58 000-ը, վիրավորվել է 138 520 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ՄԱԿ-ը հայտնել է, որ մայիսի վերջից սննդի բաշխման կենտրոնների մոտ սպանվել է 798 պաղեստինցի։ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ Գազայի հատվածի 36 հիվանդանոցից 18-ը շարունակում է գործել մասամբ։
Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ հուլիսի 14-ի լուսաբացից ի վեր անկլավի տարբեր շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 12 մարդ։ Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իսրայելական ռմբակոծություններից զոհվել է 95 պաղեստինցի։
Զոհերից 17-ը գրանցվել է Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։ Բացի այդ, Նուսեյրաթի փախստականների ճամբարում իսրայելական հրթիռը հարվածել է ջրամատակարարման կետին, որի հետևանքով զոհվել է ջրի հերթում գտնվող 10 մարդ, այդ թվում՝ 7 երեխա:
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ «տեխնիկական սխալ» է տեղի ունեցել. հրթիռը պետք է թիրախավորեր «Իսլամական ջիհադ» խմբավորման զինյալներից մեկին, սակայն ընկել է թիրախից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Ըստ բանակի հայտարարության՝ միջադեպը հետաքննվում է։ Իսրայելի բանակը նաև նշել է, որ փորձում է «որքան հնարավոր է» խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից և «ցավում է անմեղ քաղաքացիներին պատճառված ցանկացած վնասի համար»:
Գազայի բժշկական աղբյուրները նաև հայտարարել են երկու լրագրողի զոհվելու մասին։ Այսպիսով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհված լրագրողների թիվը գերազանցել է 230-ը։