
Սիրիայում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, 100 մարդ՝ վիրավորվել

Սիրիայի աս-Սուեյդա նահանգում բախումներ են տեղի ունեցել արաբական ցեղախմբերի և դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև, որի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է Syria TV-ն։Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 14-ին հայտարարել է աս-Սուեյդա նահանգում զինված հակամարտությունը լուծելու և անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով Պաշտպանության նախարարության հետ համակարգմամբ միջամտություն սկսելու մասին:
Հայտարարության մեջ նախարարությունը հաստատել է արյունալի միջադեպերի բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց իրավասու դատական մարմիններին հանձնելու իր վճռականությունը՝ ապահովելու կայունության վերականգնումը, օրենքի գերակայության ամրապնդումը և նման ողբերգությունների կրկնության կանխումը։
Ներքին գործերի նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։
Նախարարությունը շեշտել է անվտանգության ուժերի տեղակայման արագացման և համապարփակ երկխոսություն սկսելու կարևորությունը։
Աս-Սուեյդայի նահանգապետ Մուստաֆա ալ-Բաքուրը կոչ է արել բնակիչներին ցուցաբերել զսպվածություն և արձագանքել ճգնաժամի զսպմանն ուղղված նախաձեռնություններին։
Իր հերթին, դրուզ համայնքի հոգևոր ղեկավարությունը կրկին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, նաև պահանջել է անվտանգություն Դամասկոս-Սուեյդա ճանապարհին։