
Մակրոնը պաշտպանական ծախսերն ավելացնելու կոչ է արել՝ զգուշացնելով Եվրոպայի ազատությանը սպառնացող վտանգի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը։ Բաստիլի օրվա ընդառաջ Փարիզում երկրի զինված ուժերի առջև իր ելույթում Մակրոնը նախազգուշացրել է, որ Եվրոպայի ազատությանն ավելի մեծ վտանգ է սպառնում, քան երբևէ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մակրոնը կոչ է արել Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2026 թվականին ավելացնել 3,5 միլիարդ եվրոյով, իսկ 2027 թվականին՝ ևս 3 միլիարդ եվրոյով։ Նա խոստացել է մինչև 2027 թվականը՝ նախատեսվածից երեք տարի ավելի շուտ կրկնապատկել Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն։ 2017 թվականին, երբ Մակրոնը ստանձնում էր նախագահի պաշտոնը, Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն կազմում էր 32 միլիարդ եվրո։ Նա նախատեսում է երկու տարուց այն հասցնել 64 միլիարդ եվրոյի։ Այս առաջարկը դեռ պետք է հաստատվի Ֆրանսիայի կառավարության կողմից։
«Այս աշխարհում ուժեղ լինելու համար ձեզնից պետք է վախենան։ Իսկ որպեսզի ձեզնից վախենան, դուք պետք է հզոր լինեք», – ասել է Մակրոնը։ Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է Ռուսաստանից եկող սպառնալիքին, նշել, որ աշխարհն ականատես է լինում միջուկային հզորության վերադարձին և խոշոր հակամարտությունների տարածմանը։ Նա հիշատակել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբակոծությունը, Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցած մարտերը։
Ավելի վաղ Ֆրանսիայի բանակի հրամանատար, գեներալ Թիերի Բյուրկարը Փարիզում հազվագյուտ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը Ֆրանսիան համարում է իր «գլխավոր թշնամին Եվրոպայում»։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը «երկարաժամկետ» սպառնալիք է հանդիսանում Եվրոպայի համար։