ԼՂ կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը. վերլուծաբան

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձևաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թևակոխում:

ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ԱՄՆ Պետքարտուղարության և համանախագահության համակարգմամբ, ավելի ակտիվ է սկսել անդրադառնալ հակամարտության գոտում առկա խնդիրներին: Մասնավորապես, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին կոչ արեցին վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,- ասված էր հայտարարությունում:

Համանախագահները կողմերին հորդորեցին նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով:

«Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- եզրափակել են ԵԱԿՀ ՄԽ համանախագահները: Զուգահեռաբար՝ ԱՄՆ-ն է ողջունել Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների վերադարձն ու Բաքվին և Երեւանին կոչ արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը: Այս մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր էջում: Իսկ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր խոսել հակամարտության չյկարգավորված հարցերի մասին՝ առանցքային կարևորություն տալով Արցախի կարգավիճակի հարցին:

«Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասել էր Թրեյսին: Հայկական կողմն ի դեմս ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ ևս կարևորում է Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Այս հարցի քննարկման կարևորությունը դժվար է թերագնահատել, դրանից է կախված արցախահայության և հայկական Արցախի ու Հայաստանի ապագան: Այս հարցում կոնսենսուս կա թե Ֆրանսիայի, թե Միացյալ Նահանգների համանախագահությունների մոտ, սակայն Ռուսաստանը, ինչպես պատերազմից անմիջապես հետո, այսօր ևս ըստ էության նպատակահարմար չի համարում քաղաքական հարցերի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից: Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակեցրեց ՌԴ դիվանագիտության մոտեցումներն այս հարցի առնչությամբ: Թեև Լավրովն ուղիղ կերպով չասաց, որ խոսքն Արցախի կարգավիճակի հարցի մասին է, սակայն նրա դիվանագիտական ձևակերպումներն առավել քան ուղիղ էին՝ հասկանալու համար, որ ՌԴ-ի համար այս փուլում չկա Արցախի կարգավիճակի հարց:

Սերգեյ Լավրովը մասնավորապես ասաց. «Վստահ եմ, որ համանախագահները, երբ կոչ էին անում վերջնական կարգավորման, հաշվի կառնեն այն, ինչն անհրաժեշտ է անել՝ լուծելու համար այդ բոլոր հարցերը: Մենք չենք կասկածում՝ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր սահմանափակումների, պատժամիջոցների և շրջափակման դրսևորումների վերացման օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք ներկայումս մեր որոշ գործընկերներ փորձում են սրել և առաջին պլան մղել: Պետք չէ ներկայումս քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավականին բարդ, քանի որ որոշվում են հարցեր, որոնք կապված են երթուղիների հետ՝ այս տարածաշրջանը կապելու համար, տարածաշրջանային հարաբերությունները կապելու համար, որոշվում են շփման գծի հարցեր, սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, սրանք պրակտիկ հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի տարածաշրջանը հանգիստ շնչի և խաղաղ կյանքով ապրի: Նրանք, ովքեր այս հարցերը հետոյի են թողնում, իսկ սկզբում զբաղվում քաղաքական քննարկումներով, իմ կարծիքով, ողջ գործընթացը գլխիվայր շրջում են»:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ իրավիճակը տարօրինակ է, քանի որ կա կարգավորման գործընթաց Ռուսաստանի հովանու ներքո:

Ըստ նրա, այդ իրավիճակը ձևավորվեց հենց ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների բացակայության պայմաններում: Իսկ ներկայումս, Լուկիանովի խոսքով, կա եռակողմ բանակցային գործընթացն ու արևմտյան ջանքերը՝ դրանք դուրս բերել առկա շրջանակից:

«Միակ հարցը, որն առկա շրջանակից դուրս է մնացել, կարգավիճակի հարցն է և, բնականաբար, այդ հարցով մյուս համանախագահ երկրները փորձում են նոր օրակարգ ձևավորել, հատկապես, երբ այն կարևոր է նաև Երևանի համար: Բոլոր այն կետերը, որոնցում կա խնդիր Ռուսաստանի համար, օգտագործվում է Ռուսաստանի դեմ, ինչպես նաև գործընթացն Արևմուտքի ազդեցության տիրույթ վերադարձնելու համար: Սակայն այստեղ էական է նաև Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը: Ռուսաստանի և Ադրբեջանի դեպքում նկատվում է կոնսենսուս ՄԽ օրակարգի վերաբերյալ, երկուսն էլ համարում են, որ ՄԽ-ն պետք է նպաստի մթնոլորտին կողմերի միջև, զբաղվի ոչ քաղաքական, այլ հումանիտար խնդիրներով: Բնականաբար, ոչ Ֆրանսիան, ոչ առավել ևս՝ ԱՄՆ-ը իրենց համար նման դեր չեն տեսնում:

Ռուսաստանը կարծիք է հայտնում, սակայն դեմ չէ ՄԽ աշխատանքին, դեմ չէ, կարծում եմ, նաև քննարկումներին, հատկապես, երբ օրակարգը պետք է առավել ընդունելի լինի կողմերի համար, այս դեպքում՝ Երևանի ու Բաքվի: Մյուս հանգամանքն այն է, որ եթե նույնիսկ լինեն այդ քննարկումները, դրանք մոտակա ժամանակահատվածում արդյունքի չեն հանգեցնելու»,- ասաց Լուկիանովը:

Սակայն, նրա կարծիքով, անցել է այն փուլը, երբ համանախագահներն այս գոտում աշխատում էին աշխարհաքաղաքականությունից անկախ: «Սա այն փուլն է, երբ հակամարտության վրա մեծ ազդեցություն է ունենում ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ներկայիս վիճակը:

«Այն, որ օրակարգի վերաբերյալ չկա կոնսենսուս, առաջիկայում ևս կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ մի փոքր արդյունավետ գործունեությունը, նույնիսկ համանախագահների աշխատանքի վերսկսումը, քանի որ հասկանալի չէ՝ ինչի շուրջ են խոսելու: Բայց այստեղ ուզում եմ նշել, որ պաշտոնապես համանախագահներն այս փուլում դեմ չեն խոսել հումանիտար հարցերից միմիայն և առաջին պլան կարգավիճակի հարցը չեն բերում: Այն ժամանակ առ ժամանակ շրջանառում են արևմտյան որոշ պաշտոնյաներ՝ հասկացնելով, որ սա դառնալու է օրակարգային թեմա: Կարծում եմ՝ չկորցնելու համար այս ձևաչափը, հասկանալով իրավիճակը, ԵԱՀԿ ՄԽ-ն կսկսի աշխատանքը մարդասիրական հարցերից, իսկ հետո կսկսեն քննարկվել ամենախնդրահարույց հարցերը: Ինչպես տեսնում ենք, վերջին հայտարարությունները գերիների և ականազերծման մասին է: Այսինքն՝ կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս