Մեղավոր են բոլորը` Հռոմի Պապից մինչև Դալայ Լամա, բայց ոչ ինքը. Գրիգորի Պողոսյան
Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍՅՈւՐՌԵԱԼԻԶՄ
Երեկ ԱԺ-ում Ազգադավի բարբաջանքը լսելով՝ հասկացա, որ երկրագունդը պտտող օրենքները Հայաստանում չեն գործում։ Մենք այսօր կարծես հայտնվել ենք սյուրռեալիզմի ոճով նկարված մի դժգույն և սահմռկեցուցիչ նկարի մեջ։ Բոսխի «Յոթ մահացու մեղքերը» կտավից դուրս պրծած մարդկային կարիկատուրան մեղադրանքներ է հնչեցնում այն անձանց հասցեին, որոնց կողքին նույնիսկ ընտանի կենդանու կարգավիճակով կանգնելու համար նրա արժանիքները չեն բավականացնում։
Թեև հոխորտացող չիհուահուայի ծվծվոց հիշեցնող այդ բառերի տարափը ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի կողմից արդեն իսկ գնահատվել է որպես գարնանային սրացման արդյունք, սակայն կցանկանայի մեկ անգամ ևս անդրադառնալ մեր կյանքի ամենածանր ժամանակահատվածը պատկերող այս կտավին։ Մենք բանտարկված ենք այդ կտավի շրջանակի ներսում և այստեղ բնության կանոնները չեն գործում։ Ինչ-որ մի մոլագար գեղանկարիչ մեր կտավում ծռմռել է բոլոր պատկերները և արդյունքում մարդկային և երկնային բոլոր կանոններով բացահայտված դավաճանը փորձում է այլոց վերագրել իր մեղքերը, ընդ որում՝ դա անում է գեղարվեստական գրականության էջերից պոկված մոլագարի ցինիզմով։
Կարծես հրճվելով երկրում տիրող ամենաթողությունից և անտարբերությունից՝ Ազգադավը փորձում է մարդու ամենաստոր տեսակին՝ սուտ մատնիչին, բնորոշ ձևով իր մեղքը բարդել այլոց վրա։ Մեղավոր են բոլորը՝ Հռոմի պապից մինչև Դալայ-լամա, բայց ոչ ինքը։ Վերջում, որպես ցինիզմի դրսևորման գագաթնակետ, այս անձը պահանջում է առարկայական մեղադրանքներ՝ մոռանալով, որ այդ առարկայական մեղադրանքները բազմիցս ներկայացվել են պատկան մարմիններին հանցագործության մասին հաղորդման տեսքով, ու թերևս նույն սյուրռեալիզմի դրսևորում է այն հանգամանքը, որ դրանց ընթացք չի տրվել։
Սյուրռեալ այս պատկերը, որում պատվազուրկ բանակային սպայի կողքին պատկերված են շողոքորթ աղվեսի ժպիտով իրավապահ մարմնի աշխատակիցը և բռնաբարության հանցակազմի հատկանիշներ պարունակող գործողություններով իրավագիտությունն ավիրող երեսփոխանը, իսկ կենտրոնում բարոյական նորմերով իրեն երբևէ չծանրաբեռնած էակը, հավերժ կմնա հայի գենետիկ հիշողության մեջ՝ հոգեբանական լուրջ բարդույթներ առաջացնելով ապագա սերունդների մոտ։ Այս սյուրռեալիզմի քողը շուտով, իհարկե, պատռվելու է, սակայն շատ բարդ է լինելու գտնել հոգեբույժ՝ ազգի խեղված հոգին բուժելու համար»։