Լավրովի գլխավոր խնդիրը Երևանում և Բաքվում

Մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական մամուլն ակտիվորեն քննարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան և Բաքու: Լավրովը Երևանում է մայիսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Ադրբեջանում կլինի մայիսի 10-11-ը:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունները հաղորդագրություններ են տարածել այցի օրակարգի վերաբերյալ, որոնցից ուշագրավը ռուսական կողմի տարածած ծավալուն հաղորդագրությունն էր: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, նախատեսվում է քննարկել երկկողմ փոխգործակցության, տարածաշրջանային համագործակցության, արտաքին քաղաքականության համակարգման ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային հարթակներում երկկողմ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Ավելին, ըստ հաղորդագրության, առանցքային թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտների քննարկումը, ներառյալ՝ տուժած բնակչությանը մարդասիրական օգնության և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների արգելափակումը: ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդագրությամբ ներկայացրել էր հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրը, դրանով կարծես հավելյալ կշիռ հաղորդելով այս այցին: Ի դեպ, Լավրովի տարածաշրջանային այցին ընդառաջ հաջողվեց Ադրբեջանից Երևան վերադարձնել 3 գերիների, որը յուրօրինակ ժեստ էր ռուսական կողմից՝ Երևանի և Բաքվի հետ բանակցություններից առաջ:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ առաջին հայացքից պատերազմից հետո հակամարտության գոտում կայունության տեսանկյունից որևէ բան չի փոխվել, հրադադարը, ըստ էության, պահպանվում է, բայց դա ամենևին չի նշանակում, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ճանապարհին խնդիրներ չկան, և խնդիրներ չունի ռուսական դիվանագիտությունը: Դրանց ֆոնին, նրա խոսքով, Լավրովի այցը լինելու է բազմաշերտ ու բարդ:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, շտապում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հաղթանակի շնորհիվ Ալիևն ամրապնդել է իր դիրքերը, իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, ուստի պայմանավորված ներքաղաքական զարգացումներով, հայկական կողմը տեխնիկական պաուզա է վերցրել, քանի որ ներքաղաքական անորոշ իրավիճակը չի կարող որևէ ազդեցություն չունենալ եռակողմ աշխատանքի վրա, ու հատկապես ապաշրջափակման շուրջ բանակցությունները դանդաղել են, ըստ էության, շարունակվում են զրոյական արդյունավետությամբ»,- ասաց նա:

Սակայն, նրա խոսքով, ամենամեծ խնդիրը ռուսական դիվանագիտության համար ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհնարինության գիտակցումն է, մյուսը՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որի հարցում խնդիր ունի նաև Ռուսաստանը, քանի որ համարում է, որ կարգավիճակը առաջիկա տարիների համար հստակ է, սակայն Երևանը և Ֆրանսիան, ԱՄՆ-ը գտնում են, որ հարցը պետք է քննարկվի, ուստի սա լինելու է այս այցի ամենածանրակշիռ հարցերից մեկը:

«Հայ-թուրքական հարաբերություններում հետպատերազմյան այս փուլում ձևավորված իրավիճակին նպաստեց Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը, դա ակնհայտորեն բարդացրեց իրերի դրությունը, այդ թվում՝ ապաշրջափակման բանակցությունները: Չեմ կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի, սակայն բարդությունը նրանում է, որ Ռուսաստանը հայտնել է և աջակցում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին, սակայն գտնում է, որ քննարկումն այսօր կարգավիճակի հարցի շուրջ ոչնչի չի հանգեցնելու, բայց ներկայումս երևում է, որ աշխարհաքաղաքական գործընթացները փոխել են այն իրավիճակը, որը կար պատերազմից հետո մի որոշ ժամանակահատված ռեգիոնում: Սրանում Ռուսաստանը դիվանագիտորեն տեղավորվելու և Արևմուտքի նկատած դատարկությունները լցնելու խնդիր ունի»,- ասաց Տարասովը: Նրա խոսքով, Ռուսաստանը նոր շեշտեր դնելու խնդիր ունի, ցույց տալով, որ այդ ամենը պետք է լինի փոխադարձ վստահության ձևավորմամբ, որը ներկայումս շարունակվող տեղեկատվական պատերազմի պայմաններում հնարավոր չէ:

Իսկ գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարն այն կարծիքին է, որ այս փուլում նման այց հարկավոր է, քանի որ թե հակամարտող երկրներում ներքաղաքական կյանքն է լարված, թե աշխարհաքաղաքական զարգացումներն են լարված:

«Որքան էլ որ անարդյունավետ, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն կանցնի աշխատանքի, ու կարծում եմ՝ առավելապես այս այցն ուղղված է հենց այդ բանակցություններից առաջ ՌԴ դիրքերն ամրապնդելուն, հատկապես, երբ Արևմուտքը վերջին շրջանում ակտիվ քայլերով փորձում է ներքաշվել գործընթաց, թուլացնելով նաև ՌԴ միջնորդական դերակատարությունը: Առաջիկայում կփորձեն ամրապնդել Մինսկի խումբը, բայց թե որքան արդյունավետությամբ, կրկին հայտնի չէ: Բայց բարձրաստիճան միջնորդությունը մշտապես կարող է բարձր արդյունավետություն ունենալ որոշ հարցերի կարգավորման համար, իսկ եթե նախկինի նման համանախագահները ժամանակ առ ժամանակ հիշեն, որ պետք է զբաղվել կարգավորմամբ, որևէ արդյունք չի լինի, և կարգավորումը կմնա միայն ՌԴ միջնորդությանը: Հակված եմ կարծես, որ Բայդենի աշխատակազմն անելու է առավելագույնը՝ վերականգնելու համար և առաջ մղելու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը և հատկապես կարգավիճակի հարցի քննարկումը, որը կարող է միայն բեկումնային լինել ողջ պրոցեսի տեսանկյունից»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս