Արայիկ Հարությունյան, եթե հոկտեմբեր ամսից գիտեիք, որ վիճակը ծանր է, ինչո՞ւ չէիք ճիշտ ներկայացնում. Արամ Սարգսյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարներին ու նրանց հետ հանդիպման ժամանակ անդրադարձել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կրած անհաջողությունների մեղավորներին։

«Պատերազմի հետևանքներն իմ համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Չի ձևավորվել քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և, կարծես թե, պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»,- իր ելույթում ասել է Արայիկ Հարությունյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արայիկ Հարությունյանի՝ մեղավորներ կարգելուն միտված ելույթի մասին, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախ նշեց, որ նման գործելաոճի պատճառն այն է, որ այսօրվա իշխանավորները չունեն ո՛չ փորձ, ո՛չ հմտություն, ո՛չ արտաքին ուժերի կողմից չկառավարվելու կարողություն։

«Եվ նաև դա է պատճառը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հիմա բոլորին որոշել է մեղավոր ներկայացնել, որպեսզի ժողովրդի առաջ ցույց տան, թե իրենք անմեղ են։ Ուզում եմ Արայիկ Հարությունյանին հարց տամ՝ բա եթե հոկտեմբեր ամսից գիտեիք, որ վիճակը ծանր է, ինչո՞ւ չէիք դիմում ժողովրդին ու վիճակը ճիշտ ներկայացնում։ Արայիկ Հարությունյանին ու իրեն գլխավոր գերագույն հրամանատար հռչակած մարդուն հարց եմ տալիս՝ բա եթե վիճակը վատ էր, ու դուք դա գիտեիք, ինչո՞ւ, օրինակ, չդիմեցիք «Իսկանդերի» օգնությանը։ Հարցիս պատասխանն ունեմ՝ չեն դիմել, որովհետև իրենք արդեն որոշել էին, որ, իրոք, Սերգոն լավ չի ապրելու, քանի դեռ այդ տարածքները չի հանձնել, որոշել էին հողերը տալ, բայց եթե քաղաքական որոշմամբ դա անեին, կամ դա աներ Փաշինյանը, ապա ժողովուրդը նրան չէր ընդունի ընդհանրապես, իսկ հիմա ասում է՝ եղել է պատերազմ և պարտություն, բայց ինքը չի պարտվել, պարտվել են գեներալները, զինվորները, և հիմա էլ՝ ընդդիմադիրները։ Այնպես որ, Արայիկ Հարությունյանն էլ մտել է այս մանկական խաղի մեջ, հավանաբար նրա համար, որ Հայաստանից պահանջել են՝ թե ուզում ես մնաս, պետք է ասես»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հայաստանյան զարգացումներին, մասնավորապես՝ պատերազմում պարտություն կրած իշխանության կողմից նախաձեռնված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Արամ Սարգսյանը նախ նշեց, որ կասկածում է, որ այդ ընտրություններն առհասարակ կարող են կայանալ, որովհետև գործող իշխանության դեպքում կարող են տեղի ունենալ ամենաանկանխատեսելի բաները, իսկ եթե, այնուամենայնիվ, դրանք կայանան, ապա իրենք՝ «Դեմոկրատական կուսակցությունը», ստիպված դրան կմասնակցի, սակայն իրենց համար պարզ է, որ այս ընտրություններին չեն լինելու անգամ 40 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժեր։

«Այս ընտրություններին հաղթողներ չեն լինելու։ Մեր ժողովրդի շերտավորվածությունն այն աստիճանի է, որ որևէ մեկն անգամ 40 տոկոսի շեմը չի կարող հաղթահարել։ Կրկնում եմ՝ ցանկացած ուժի դեպքում անգամ 40 տոկոսը հաղթահարելը բացառված է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա Սարգսյանը նկատեց, որ հնարավոր ընտրությունների քարոզարշավը շատ դժվար է լինելու նրանց համար, իշխանությունը վախ ունի, այդ նպատակով էլ հրատապ՝ արտահերթ ԱԺ նիստով ընտրական գործընթացներին վերաբերող օրենսդրական փոփոխություններ են կատարում՝ խստացումների, տուգանքների տեսքով։

«Իշխանությունը սրան գնում է վախի պատճառով, նրանք տեսնում են, որ այլևս չունեն մեծամասնության հարգանքը, քվեները նրանց չեն ունենալու, և հիմա հորինում են նման օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կարողանա վարչական ռեսուրսը ճիշտը օգտագործել, ինչը արդեն անում է։ Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունը հարցում է անում Կապանում և հարցնում, թե՝ ո՞ւմ եք ձայն տալու եկող ընտրությունների ժամանակ։ Առաջինը՝ սա օրենքի խախտում է, իրավունք չունեն նման հարց տան, բացի այդ, դիմում են թոշակառու մարդկանց, որոնք մտածում են՝բա որ իրենց հեռուստացույցով ցույց տան, ու թոշակ իրենք չստանան։ Իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովի այսօրվա նիստին, ապա այսօր խորհրդարանը պետք է քննարկեր ոչ թե խստացումների, տուգանքների հարցը, այլ այն, թե Կառավարությունն ի՞նչ կարգավիճակով է շարունակելու աշխատել, և ինչպե՞ս են մեզ հասցնելու հանգիստ այդ ընտրություններին, հիմա պետք էր անդրադառնալ, օրինակ, ընտրական գրավի խնդրին, և ոչ թե՝ տուգանքի սահմանմանը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս