Բաժիններ՝

«Կառավարության ներկայացուցիչները պետք է ճիշտ ազդակներ ուղղեն և չփորձեն մոլորեցնել՝ նախորդ տարվա թվերի հետ համեմատելով»

«Մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ», «մարտ ամսին սպասվող տնտեսական աճ», «գրանցված աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ»  և այլ ոգևորող լուրեր, որոնք պարբերաբար հայտնում են հայրենի իշխանությունները՝ գնաճի, համավարակի ու դրամի արժեզրկման առկա միտումների հոսանքին հակառակվելով։ Իսկ իրականում տնտեսագետները մեկ անգամ չէ, որ նշել են՝ երկրում առկա է տնտեսական ճգնաժամ։

Տնտեսական ճգնաժամը դեռևս շարունակվում է, իսկ խորացող ճգնաժամի գործոնները միայն տնտեսական չեն․ ճգնաժամին նպաստում է նաև քաղաքական անորոշությունը՝ 168.amի հետ զրույցում տնտեսական առկա վիճակի մասին նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մանրամասնելով․ «Այս քաղաքական անորոշության պայմաններում բիզնեսը սառեցրել է իր ներդրումային նախագծերը՝ փորձելով հասկանալ՝ ինչ քաղաքական պրոցեսներ են տեղի ունենալու: Դրան գումարվում է նաև գործող իշխանությունների վարքագիծը, որոնք առավել հետաքրքրված են քաղաքական օրակարգով, քան տնտեսական խնդիրներով:

Այն տնտեսական խնդիրները, որոնք ներկայում առկա են տնտեսության մեջ՝ շրջանառու միջոցների պակաս, պահանջարկի նվազում, պետական ինստիտուտների անարդյունավետ աշխատանք և այլն, այս ամենը մնացել են, և որևէ լուծում չի տրվում»:

Սուրեն Պարսյանը մի քանի թվեր ներկայացրեց, որոնք փաստում են տնտեսական բացասական միտումները՝ հունվար-փետրվար ամիսներին արձանագրված 6,7 տոկոս տնտեսական անկում, 20 հազարից ավելի տնտեսական սուբյեկտների գործունեության դադարեցում, Հայաստանից կապիտալի մտահոգիչ արտահոսք. «Ֆիզիկական անձինք իրենց գումարները Հայաստանից շարունակում են տանել, և անկախ ընտրության արդյունքներից՝մենք ունենալու ենք մեծ արտագաղթ։ Արդեն կարող ենք գնահատել, որ մարդիկ իրենց համար, ըստ էության, արտագաղթի կամուրջներն են ստեղծում՝ իրենց փողերը փոխանցելով դուրս, իրենց համար որոշակի ֆինանսական բարձիկներ նախապատրաստելով։

Կորոնավիրուսի համավարակն իր հերթին՝ լուրջ խոչընդոտներ է ստեղծում բիզնեսի մոտ: Մահացածների թիվն արդեն գերազանցել է 5000-ը։ Եվ մինչ ողջ աշխարհում ակտիվ ընթանում է վակցինացիայի գործընթաց, Հայաստանում այն դանդաղում է։  Իսկ ժամանակակից աշխարհը՝ հատկապես զարգացած երկրները,  մեծ ուշադրություն են դարձնելու վակցինացիա անցած երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Մյուս կարևոր մարտահրավերը, որ մենք ունենք՝ էներգակիրներն են։ Էլեկտրաէներգիայի գինը 2021 թվականի փետրվարի մեկից բիզնեսի համար ավելացավ 8 տոկոսով։ Հայաստանում արտադրված ապրանքներն անհամեմատ ավելի թանկ են ստացվում, և բարձր էներգակիրների պայմաններում մենք նույնիսկ չեն կարողանում մրցակցել ԵԱՏՄ երկրների շրջանակներում, քանի որ մյուս ԵԱՏՄ երկրներում էներգակիրների գներն անհամեմատ ցածր են։

Մեկ այլ կարևոր մարտահրավեր է մենաշնորհների գործոնը։ Այս ճգնաժամի ընթացքում մենաշնորհներն էլ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը,  նոր շուկաներ վերցրեցին, ընդլայնեցին իրենց մասնաբաժինը շուկայում՝   փոքր-միջին բիզնեսն ուղղակի շուկայից դուրս թողնելով։ Պաշտոնական վիճակագրությամբ 2020 թվականին մոտ 22000 տնտեսվարող սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Բնականաբար, սրանց մեծ մասը փոքր-միջին բիզնեսի ներկայացուցիչներն են»։

Տնտեսագետի գնահատմամբ՝ մեր բնակչությունը գնում է ավելի աղքատացման, եկամուտների էլ ավելի անհավասարաչափ բաշխման՝ նկատի ունենալով նաև այս աննախադեպ բարձր գնաճը, որը հունվար-մարտ ամիսներին կազմում է 5.8 տոկոս։

Հարցին, թե նման ակնհայտ ոչ հուսադրող իրավիճակում, տնտեսական բացասական միտումների ֆոնին՝ ի՞նչ նպատակ ունեն իշխանության կողմից հնչող լավատեսական հայտարարությունները, վստահեցումները, թե, օրինակ, տնտեսական աճի են սպասում, ներդրողները սպասում են իրենց հերթին և այլն, տնտեսագետը պատասխանեց․ «Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները փորձում են դրական սպասումներ առաջացնել հանրության և բիզնեսի մոտ, և արդեն հող են նախապատրաստում, որ պաշտոնական վիճակագրությունը կհաստատի, կարձանագրի, որ, օրինակ, մարտ ամսին՝ նախորդ տարվա մարտ ամսի համեմատ, ունենք որոշակի տնտեսական ակտիվություն։

Դա կհայտարարեն՝ որպես ճգնաժամի ավարտ, և վերջ։ Իսկ իրականում 2020 թվականի մարտի 16-ից ուժի մեջ մտավ կարանտինային ռեժիմը, այսինքն՝ մարտ-ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը սահմանափակված էր․ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն ուղղակի չէին աշխատում։ Այս պայմաններում եթե համեմատենք 2021-ի մարտը կամ 2021-ի ապրիլը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ճիշտ չէ։  Եթե ուզում ենք ավելի օբյեկտիվ գնահատական տալ, առավել ճիշտ կլինի այս տարվա ամիսները համեմատել 2019 թվականի մարտ-ապրիլ-մայիս ամիսների հետ, և կհասկանանք, որ այդքան ուրախալի վիճակում չենք՝ նկատի ունենալով նաև այս տարվա բարձր գնաճը՝ 5.2 տոկոս․ Մարդկանց եկամուտները մնացել են գրեթե նույնը 2019 թվականի համեմատ, բայց ունենք 5.2 տոկոս գնաճ։

Այս պայմաններում խոսել զարգացման մասին, ճիշտ չէ, ուղղակի մանիպուլյացիա է։

Մեր կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները պետք է ճիշտ ազդակներ ուղղեն հանրությանը, բիզնեսին, և ուղղակի չփորձեն մոլորեցնել՝ նախորդ տարվա թվերի հետ համեմատելով»։

«Հիշեցնեմ՝ 2009 թվականի ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել երկու-երեք տարի հետո՝ այն դեպքում, երբ մոտ 2-2,5 միլիարդ դոլարի ներարկումներ արվեցին տնտեսության մեջ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ անկախ նրանից, թե ով է ղեկավարելու հաջորդ կառավարությունը, մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, թիմ, և ամենակարևորը՝ ֆինանսներ, մեզ պետք են նոր ֆինանսական միջոցներ, որոնք կերդրվեն պետական խոշոր ներդրումային ծրագրերում։ Դա կլինի ատոմակայանը, ազգային ավիացիան կամ այլ խոշոր էներգետիկ ուղղություններ»,- նկատեց նա։

Ի պատասխան հարցին էլ, թե արդյո՞ք իշխանությունների վերարտադրության դեպքում այդ ներդրումները հնարավոր կլինի ներգրավել, տնտեսագետն ասաց․ «Գործող իշխանությունները չունեն համապատասխան վստահություն և կարողություններ, որպեսզի կարողանան լրացուցիչ գումարներ բերել Հայաստան։ Եթե նրանք ի վիճակի լինեին դա անել, դոլարային պետական պարտատոմսեր չէին թողարկի։

Հիշեցնեմ, որ այս կառավարությունը 2021 թվականի հունվար ամսին 750 միլիոն դոլարի չափով պետական պարտատոմսեր թողարկեց-տեղաբաշխեց։ Ինչո՞ւ պետական պարտատոմս և ոչ վարկ՝ քանի որ վարկի դեպքում պետք են բանակցություններ տարբեր երկրների կազմակերպությունների հետ, վստահություն, և նաև՝ այդ վարկերը պետք է կոնկրետ ուղղություններով ծախսվեին, իսկ պետական պարտատոմսի դեպքում որևէ պարտավորություն Հայաստանը չի ստանձնել, և միակ պարտավորությունն այդ գումարի վերադարձն է։ Սա խոսում է այն մասին, որ գործող իշխանությունները գնացել են հեշտ ճանապարհով և թանկ ճանապարհով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս