Բաժիններ՝

Պահեստներում փչացող բերքից՝ մինչև խոստացված, բայց չկրճատված ավոտապարկ․ Քաղաքացին՝ Գեղարքունիքի մարզի խնդիրների մասին

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Վանո Կարապետյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է մարզի խնդիրների մասին։ 168.am-ի հետ զրույցում նա այս անգամ տեղեկացրեց, որ օգտվելով իր Սահմանադրական իրավունքից՝ գրավոր հարցմամբ դիմել է Գեղարքունիքի մարզպետարանին՝ խնդրելով իրեն տրամադրել տեղեկություններ՝ մարզպետարանի տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ծախսերի վերաբերյալ։

«Տվել են ծառայողական մեքենաների թիվը, որն ընդհանրապես չի կրճատվել՝ հեղափոխությունից առաջ և հետո նույնն է մնացել: Այսինքն՝ իրենք երբ ասում էին, որ պետք է կրճատենք և այլն, չի արվել: Տվել են բենզինի և սպասարկման գումարի մասին տեղեկություն, բայց չեն նշել, որ ամենաքիչը 4 վարորդ կա, աշխատավարձ կա և այլն: Կարծում եմ՝ դա չարդարացված ծախս է և հակասում է այն փիլիսոփայությանը, որով իրենք եկան իշխանության,- մարզպետարանից ստացած պատասխանին անդրադառնալով՝ նշեց Վանո Կարապետյանը և հավելեց,- Սա նաև անհամաչափ մոտեցում է․ օրինակ, դպրոցներում կան ամիսը քսան հազար դրամով աշխատող ուսուցիչներ, բայց մարզպետարանի ծախսերը անհամեմատելի են։ Ի դեպ, այդ պատասխանում իրենք չեն արտացոլել գործուղումների ժամանակ տրանսպորտային ծախսերը։ Ես ակնկալում էի, քանի որ «հեղափոխություն» էր եղել, և այն փիլիսոփայությամբ, որով իրենք եկան իշխանության․ ասում էին՝ ծախսերը կօպտիմալացնեն, թիրախային կդառնա ամեն ինչ, բայց տեսանք, որ որևէ դրական փոփոխություն չեղավ այդ առումով»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մարզում այս պահին առկա մյուս խնդիրներին անդրադառնալով՝ նա առանձնացրեց գյուղատնտեսական, մասնավորապես՝ բերքի իրացման խնդիրը․ «Մարդիկ իրենց պահեստներում ունեն կարտոֆիլի, կաղամբի մեծ խմբաքանակներ, որոնք արտադրել են դեռ անցյալ տարվա աշնանը։ Գինը շատ էժան է․ մեծածախը որ գալիս է, կարտոֆիլը 80 դրամով է վերցնում, 100 դրամ՝ որոշ դեպքերում, օգուտը ստանում է վերավաճառողը։

Իսկ կաղամբի հետ կապված՝ վիճակը լրիվ վատ է․ կաղամբի մեկ կիլոգրամը 10 դրամ է ։ Կաղամբի մշակմամբ ավանդաբար զբաղվում են Վարդենիսի տարածաշրջանում, Մարտունու շրջանից էլ որոշ գյուղեր։ Մարդկանց պահեստներում տոննաներով կաղամբ կա, ընդհանրապես չի վաճառվում, իսկ վաճառելու դեպքում՝ 10 դրամով, այսինքն՝ տոննան դառնում է տասը հազար դրամ»։

Նա ասաց, որ այս խնդիրը տարբեր հարթակներում բարձրաձայնելուց հետո իր հետ կապվել են մարզպետարանից․ «Փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանն ասաց, որ այդ հարցով կզբաղվեն, ինչ-որ արտահանման խթանման ուղղությամբ աշխատանքներ կտանեն»։

Հարցին, թե ի՞նչ արդյունքներ կան, արդյո՞ք խոստանալուց հետո զբաղվում են խնդրով, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Լսել եմ, որ ինչ-որ մեքենաներ են եկել, դրսից՝ Վրաստանից, ֆուռերով գալիս-վերցնում են։ Բայց այստեղ էլ խնդիր կա, բերքը միջնորդների միջոցով է հասնում ֆուռին։ Այսինքն՝ ինչ մեխանիզմ էլ որ լինի, նորից վերավաճառողներն են օգտվում, և տուժում է գյուղացին»։

Վանո Կարապետյանը շեշտեց, որ, ընդհանուր առմամբ, բացակայում է գյուղատնտեսության քաղաքականությունը․ գյուղացիները մշակում են հին մեթոդներով, չեն հասկանում գնային քաղաքականությունից, չեն կարողանում ճիշտ պլանավորել՝ ինչ մշակաբույսեր մշակել, որոնք կապահովեն շահույթ, իսկ համայնքապետարաններում ներդրված է գյուղատնտեսների ինստիտուտը, որը պետք է գյուղացիներին խորհրդատվություն տա, կարծես չի գործում։

«Ժողովուրդը բորբոքված էին, նույնիսկ ասում էին՝ եթե չվաճառվի, խնդիրը չլուծվի, և ստիպված լինենք տանենք-լցնենք աղբավայր, կտանենք-կլցնենք կառավարության մոտ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրացման խնդիր կա։

Անձամբ ես ունեմ հողամաս, որի վրա արել էի հարյուր հազար դրամի ծախս՝ սերմացու էի գնել, կարտոֆիլի պարարտանյութ, իսկ մնացած աշխատանքները ձեռքով էի արել, այսինքն՝ տեխնիկա չէի վարձել։ Ես իմ կարտոֆիլը վաճառել եմ ութսուն դրամով՝ կանգնելով զրոյական վիճակի վրա, իսկ մարդիկ կան՝ վարկեր են վերցրել, պարտքեր են վերցրել»,- եզրափակեց Վանո Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս