Որևէ քաղաքական ուժ 50%+1 չի ստանալու, Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար. Միքայել Մելքումյան

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ վարչապետի ընտրության անցկացման հարցը կքննարկվի մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում:

Մինչ այդ՝ տեղեկատվական դաշտում չեն բացառում հնարավորությունը, որ այդ օրը կարող է ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններից որևէ մեկի կողմից առաջադրվել վարչապետի այլ թեկնածու, ինչը կնշանակի բացառել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե հրաժարականն ինքնանպատակ չէ, ու ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցն էլ հրաժարականի համատեքստում է, որի նպատակը հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացումն է ու «պետք է գնանք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների իրականացմանը»:

«Նախնական նպատակն այն էր, որ մենք հասնեինք վարչապետի հրաժարականին, որը եղավ, որով իսկ պայմանավորված է արտահերթ ընտրություններ լինելու հանգամանքը։ Այսինքն՝ կանխատեսումը, որ անպայման կլինի: Այնպես չի, որ այդ հրաժարականը և հետո 7-օրյակում երկու հատ վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելը ինքնանպատակ ինչ-որ բան է: Բոլորին հայտնի է, որ հրաժարականի միտքը եղել է այն, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ հունիսի 20-ին, և ժամկետն էլ պայմանավորված է դրանով…

Որևէ բան ինքնանպատակ չի, այսինքն՝ ստեղծված քաղաքական կամ տոտալ ընդհանուր ճգնաժամի օրինական ձևը, եղանակը, կրկնում եմ՝ օրինական եղանակը, դա արտահերթ ընտրություններն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ եթե ընթացքում ինչ-որ բան փոխվի կամ արվի, դրանով արտահերթ ընտրությունները կասկածի տակ կդրվեն:

««Բարգավաճ Հայաստանը» գնալու է միայնակ, սա՝ մեկ: Այդ միայնակ գնալու հանգամանքն էլ ինքնանպատակ չի: Մենք նաև նախորդիվ հաստատել ենք և հիմա էլ պնդում ենք, որ վերջին 15 տարիների ընթացքում, լինելով մշտապես պառլամենտում ներկայացված քաղաքական ուժ, միշտ լինելով երկրորդ քաղաքական ուժը, դուք տեսաք, որ շատ ուժեր գնացին, եկան, եղավ քաղաքական հեղափոխություն, ինչ-որ ուժեր դուրս մնացին՝ նախկին իշխանական, ինչ-որ ուժեր եկան, բայց մենք մնացել ենք մեր տեղում, և շատ կարևոր է, որ այս նոր ընտրություններին դու ումով և ինչով ես գնում: Այսինքն՝ խոսքը գնում է, թե ինչ քաղաքական թիմով և ինչ ծրագրով՝ ամենակարևորը: Եվ ես կարծում եմ, այդ ումով և ինչով գնալու փաստը վերահաստատում է, որ մենք պետք է գնանք հաղթելու, և դա լինելու է։ Ես հավատում եմ, որ մենք անպայման հաղթելու ենք, և կրկնում եմ՝ այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50%+1 ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն: Բայց նորից վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար, որովհետև այդ ումով և ինչով գնալու հանգամանքն է դա վերահաստատում: Այսինքն՝ հիմա երկրում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է գա՝ մի այնպիսի քաղաքական ուժի լիդեր դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել: Այսինքն՝ թիմը, մշտապես երկրորդ քաղաքական ուժը լինելու հանգամանքը… հիմա հասունացել է այն պահը, երբ մենք արդեն մեր լիդերով, մեր թիմով և մեր ծրագրերով պետք է անպայման հաղթանակ տանենք»,- ասաց Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ընտրություններից հետո կլինեն քաղաքական համախմբումներ, բայց հիմա այդ մասին չեն խոսում, որովհետև չգիտեն՝ ովքեր և ինչպես կհայտնվեն ԱԺ-ում:

Անդրադառնալով քննարկումներին, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, Մելքումյանը նշեց, թե ԲՀԿ-ում չեն քննարկել՝ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում լինելը սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական:

«Լուծումը ենթադրում է, որ գործընթացը պետք է գնա Սահմանադրական դատարան, չէ՞: Ընդունենք՝ չգիտենք, դա՞ է ճիշտ, թե՞ որն ա ճիշտ: Եթե մենք սկսում ենք ՍԴ դիմել, քննարկել այդ հարցը, ինքը որոշակի գործընթացներ ձգձգելու էր: Մեր բոլորի նպատակը այսօր հունիսի 20-ի ընտրության փաստն աներկբա լինելու մեջ է, որպեսզի մենք բոլորս իմանանք, որ այդ ընտրությունը լինելու է… Հիմա մենք գնում ենք նրան, որ հունիսի 20-ին լինի այդ ընտրությունը, և դրանով ժողովրդին թույլ տանք, պայման ստեղծենք, որպեսզի այդ 20-ի ընտրության միջոցով ժողովուրդը որոշում կայացնի՝ ո՞վ պետք է լինի իշխանություն այս երկրում՝ մեկ, նոր Հայաստան պե՞տք է լինի, թե՞ մնում է հինը, որը պարտված է՝ երկրորդ, և երրորդ կարևոր հանգամանքը՝ որևէ մեկի մոտ պետք է կասկած չհարուցի այդ ընտրությունների ազատ և արդար լինելու փաստը»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ եթե հունիսի 20-ի ընտրությունից հետո լուրջ կասկածներ լինեն այդ ընտրության ազատ ու արդար լինելու վերաբերյալ, ապա դրանով կսպառվի վերջին օրինական իրավունքը, և ժողովուրդը դուրս է գալու ու իր ձայնին տեր է կանգնելու:

Տեսանյութեր

Լրահոս