Դպրոցները՝ որպես վերահսկելի էլեկտորատ. փաշինյանական նոու-հաուն

Շուրջ մեկ ամիս առաջ 168.amգրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նոր հրամանով` դպրոցներում կառավարման խորհրդի ձևավորման նոր կարգ է հաստատվել, համաձայն որի` փոխվում և ամբողջապես խախտվում է Խորհրդի կազմի համամասնությունը. մասնավորապես, Խորհրդի կազմի 5 անդամ այսուհետ լինելու են վերադաս մարմինների ներկայացուցիչներ, և միայն 4-ն են լինելու տվյալ դպրոցի արդյունավետ գործունեության և որակյալ կրթության ապահովման համար իրապես շահառու անձինք, որոնք ներկայացնելու են տվյալ դպրոցի մանկավարժական և ծնողական համայնքները:

Այսինքն՝ նոր կարգն ամբողջապես վերացնում է մասնակցային դպրոցի գաղափարը և դպրոցները դարձնում «դրսից» կառավարվող, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ դպրոցի կառավարման ողջ համակարգի վրա:

Հարկ է նշել, որ կարգի նախագծի սկզբնական տարբերակը նախատեսում էր խորհրդի կազմի այլ համամասնություն, այն է՝ 6 անդամ՝ դպրոցի ծնողական և մանկավարժական խորհուրդներից, և միայն 3-ը՝ վերադաս մարմիններից: Նշված տարբերակը շրջանառվել, հանրային քննարկման և հավանության էր արժանացել թե´ դպրոցներում, և թե´ լրատվամիջոցներում, սակայն անհասկանալի պատճառներով ընդունվել է սկզբունքորեն այլ որոշում:

Իրականում այս որոշումը լիովին տեղավորվում է իշխանությունների տրամաբանության շրջանակում: Այս որոշման դեպքում ցանկացած ժամանակ վերադաս մարմինը կարող է դպրոցի տնօրենի փոփոխություն նախաձեռնել ու հաջողել, որովհետև ցանկացած պարագայում լիազոր մարմինների 5 ձայնն ավելին է, քան ծնողական ու ուսուցչական համայնքների 2+2 համամասնությունը: Այդ դեպքում էլ ինչի՞ են նեղություն կրում, ընտրությունների իմիտացիա ստեղծում, երբ կարող են միանգամից նշանակովի դարձնել դպրոցի տնօրենի պաշտոնը, միևնույն է, էֆեկտը նույնն է:

Ապրիլի 1-ին՝ այս կարգն ուժի մեջ մտնելու օրը, 168.amդիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ցանկանալով ծանոթանալ հարցի վերաբերյալ լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության կարծիքին:

Հետաքրքրվել էին՝ արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունն այս ակնհայտ քաղաքական որոշումն ընդունելուց առաջ այն փոխանցել է կարծիքի Քաղաքապետարանի կրթության վարչությանը, և ի՞նչ դիրքորոշում ունի կրթության վարչությունը խնդրի առնչությամբ:

«Ձեր հիշատակած փոփոխությունները ներկայացվել են քաղաքապետարան՝ կարծիքի։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունն իր կարծիքի մեջ շեշտել է դպրոցների ինքնավարության կարևորությունը»,- Հանրակրթության վարչության դիրքորոշումը մեզ փոխանցեց Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Այս կարգով իր տեսակի մեջ վերականգնվում  է տնօրենների նշանակման խորհրդային ժամանակաշրջանի պրակտիկան, իսկ առջևում էլ ընտրություններ են, և իշխանությունը, թերևս, շատ լավ է հասկանում՝ ինչ ահռելի ռեսուրս է հանրակրթության ոլորտը: Դրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին դպրոցականների ու ուսուցչական կոլեկտիվների տոտալ ներգրավումն է, և բնական է, որ այս որոշումը հեռուն գնացող նպատակներ ունի՝ մի կողմից՝ զսպաշակիկ դառնալ անհնազանդների համար, իսկ մյուս կողմից էլ՝ ունենալ կատարյալ վերահսկելի դպրոցական համակարգ:

Հայաստանի հանրապետությունում կրթության համակարգի լրջագույն խնդիրներից մեկը հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրություններն ու նշանակումներն են և շատ հաճախ՝ դրանց նախորդող սցենարներն ու հաջորդող սկանդալները։

Մինչ օրս բարեհաջող կիրառվում էր դեռևս 2010 թվականից գործող տնօրենների մրցույթի կարգից բխող սցենարը, երբ համայնքի ու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից խորհրդի կազմում նշանակված անձիք, հատկապես մարզպետարանի ենթակայության դպրոցներում՝ ուղղակի մարզպետի կամքն են կատարում և, ըստ տարբեր մարզերում ծագած սկանդալային իրավիճակների ուսումնասիրության՝ Կրթության նախարարության կողմից խորհուրդների կազմում նշանակվում են անձինք, ովքեր ի սկզբանե տվյալ մարզպետի կամ կրթության վարչության պետի ազգականներ, սանիկներ, ընկերներ կամ պարզապես կամակատարներ են (օրինակ՝ Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերում)։

Այս խնդիրները նկատի ունենալով՝ 168.am-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին գրավոր հետևյալ հարցերն ուղղեց՝

Ի՞նչ սկզբունքով և փաստացի ո՞ւմ կողմից են​ ​ ընտրվելու և նշանակվելու ԿԳՄՍ նախարարի ներկայացուցիչները մարզերում գործող թե նախարարության, և թե մարզային ենթակայության դպրոցների նոր կազմավորվող խորհուրդներում։ Նշանակվելո՞ւ են արդյոք նույն մարդիկ, ովքեր տեղերում հայտնի են իրենց անփոխարինելի ու բազմաբնույթ գործունեությամբ ու տեղական պաշտոնյաների հետ մտերմությամբ։

Մեր հարցերին պատասխանել էր ԿԳՄՍ փոխնախարար, հանրակրթության ոլորտը համակարգող Ժաննա Անդրեասյանը՝ վկայակոչելով նախարարի ինչ-որ հրամաններ, նշելով, որ պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման գործընթացը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի  2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման» կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերի պահանջներով: Այն է.

7. Նախարարը մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում առաջադրում է մեկական անդամ, իսկ միացյալ խորհրդում՝ երկուական անդամ:

8. Նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է նախարարը և 1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

10. Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ:

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման» կարգում նախարարությունը փոփոխություններ է  կատարել,  համաձայն որի՝ կարգի 9-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «9. Մարզային ենթակայության հաստատությունների.

առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից մեկին գրավոր ձևով մարզպետին է ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարը,

միացյալ խորհուրդներում` 2 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջադրում է 4 անդամ, որից երկուսին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները, իսկ  3 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջարկում է 5 անդամ, որից երեքին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները»,- նշված էր պատասխան գրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս