Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը շեշտել է դպրոցների ինքնավարության կարևորությունը. ԿԳՄՍ խայտառակ որոշման հետքերով
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նոր հրամանով` այսօրվանից ուժի մեջ է մտնում դպրոցներում կառավարման խորհրդի ձևավորման նոր կարգը, համաձայն որի` փոխվում և ամբողջապես խախտվում է Խորհրդի կազմի համամասնությունը. մասնավորապես, Խորհրդի կազմի 5 անդամ այսուհետ լինելու են վերադաս մարմինների ներկայացուցիչներ, և միայն 4-ն են լինելու տվյալ դպրոցի արդյունավետ գործունեության և որակյալ կրթության ապահովման համար իրապես շահառու անձինք, որոնք ներկայացնելու են տվյալ դպրոցի մանկավարժական և ծնողական համայնքները:
168.am-ն օրեր առաջ անդրադարձել էր այս խնդրին, նշել, որ նոր կարգն ամբողջապես վերացնում է մասնակցային դպրոցի գաղափարը և դպրոցները դարձնում «դրսից» կառավարվող, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ դպրոցի կառավարման ողջ համակարգի վրա:
Այս, անկասկած, քաղաքական որոշումը հեռուն գնացող նպատակներ ունի և լիովին տեղավորվում է իշխանությունների տրամաբանության շրջանակում: Այս կարգի դեպքում ցանկացած ժամանակ վերադաս մարմինը կարող է անհնազանդ ու քաղաքական որոշումներին չենթարկվող, դպրոցները քաղաքական նպատակներով օգտագործելուց հրաժարվող տնօրենների փոփոխություն նախաձեռնել ու հաջողել, որովհետև ցանկացած պարագայում լիազոր մարմինների 5 ձայնն ավելին է, քան ծնողական ու ուսուցչական համայնքների 2+2 համամասնությունը: Այդ դեպքում էլ ինչի՞ են նեղություն կրում, ընտրությունների իմիտացիա ստեղծում, երբ կարող են միանգամից նշանակովի դարձնել դպրոցի տնօրենի պաշտոնը, միևնույն է, էֆեկտը նույնն է:
168.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ ցանկանալով ծանոթանալ հարցի վերաբերյալ լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության կարծիքին: Հարցրել էինք, թե՞ արդյոք ԿԳՄՍ նախարարությունն այս ակնհայտ քաղաքական որոշումն ընդունելուց առաջ այն տվել է կարծիքի Քաղաքապետարանի կրթության վարչությանը, և ինչ դիրքորոշում ունի կրթության վարչությունը խնդրի առնչությամբ:
«Ձեր հիշատակած փոփոխությունները ներկայացվել են քաղաքապետարան՝ կարծիքի։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունն իր կարծիքի մեջ շեշտել է դպրոցների ինքնավարության կարևորությունը»,- Հանրակրթության վարչության դիրքորոշումը մեզ փոխանցեց Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը: