Բաժիններ՝

Դպրոցներում բունտ է հասունանում. դպրոցները վերահսկելի դարձնելու նոր որոշում՝ ԿԳՄՍՆ-ից

Իշխանությունները հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ որոշել են լավ պատրաստվել: Եղած վարչական ռեսուրսը կարող է քչություն անել, դրա համար էլ անհրաժեշտ է նոր հորիզոններ նվաճել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նոր հրամանով` դպրոցներում կառավարման խորհրդի ձևավորման նոր կարգ է հաստատվել, համաձայն որի` փոխվում և ամբողջապես խախտվում է Խորհրդի կազմի համամասնությունը. մասնավորապես, Խորհրդի կազմի 5 անդամ այսուհետ լինելու են վերադաս մարմինների ներկայացուցիչներ, և միայն 4-ն են լինելու տվյալ դպրոցի արդյունավետ գործունեության և որակյալ կրթության ապահովման համար իրապես շահառու անձինք, որոնք ներկայացնելու են տվյալ դպրոցի մանկավարժական և ծնողական համայնքները:

Եթե ավելի պարզ նկարագրենք, նոր կարգն ամբողջապես վերացնում է մասնակցային դպրոցի գաղափարը և դպրոցները դարձնում «դրսից» կառավարվող, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ դպրոցի կառավարման ողջ համակարգի վրա: Հարկ է նշել, որ կարգի նախագծի սկզբնական տարբերակը նախատեսում էր խորհրդի կազմի այլ համամասնություն, այն է՝ 6 անդամ՝ դպրոցի ծնողական և մանկավարժական խորհուրդներից, և միայն 3-ը՝ վերադաս մարմիններից: Նշված տարբերակը շրջանառվել, հանրային քննարկման և հավանության էր արժանացել թե´ դպրոցներում, և թե´ լրատվամիջոցներում, սակայն անհասկանալի պատճառներով ընդունվել է սկզբունքորեն այլ որոշում:

Իրականում այս որոշումը լիովին տեղավորվում է իշխանությունների տրամաբանության շրջանակում: Այս որոշման դեպքում ցանկացած ժամանակ վերադաս մարմինը կարող է դպրոցի տնօրենի փոփոխություն նախաձեռնել ու հաջողել, որովհետև ցանկացած պարագայում լիազոր մարմինների 5 ձայնն ավելին է, քան ծնողական ու ուսուցչական համայնքների 2+2 համամասնությունը: Այդ դեպքում էլ ինչի՞ են նեղություն կրում, ընտրությունների իմիտացիա ստեղծում, երբ կարող են միանգամից նշանակովի դարձնել դպրոցի տնօրենի պաշտոնը, միևնույն է, էֆեկտը նույնն է:

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանին դուր չի՞ եկել իր մարզային այցերի ընթացքում նրա հավաքներին դպրոցների ու աշակերտների ներգրավվածության մակարդակը, և վերջինս հրահանգել է շտապ այդ հարցն էլ լուծել: Չէ՞ որ, օրինակ, Արմավիրի մարզ այցի ժամանակ, չնայած հրահանգին, ոչ բոլոր դպրոցների տնօրեններն են համաձայնել մասնակցություն ապահովել վարչապետի աթոռը զբաղեցրած անձի միջոցառմանը:

Իսկ միգուցե մե՞ծ ծախս է մարզային այցերի ժամանակ Երևանից ու տվյալ մարզի «հատընտիր» նիկոլականներից ու մարզպետ-պատգամավորների ու տարատեսակ այլ պաշտոնյաների բարեկամներից, գյուղապետարանների աշխատակիցներից բաղկացած շրջիկ խմբերը գյուղից գյուղ տանելը, ու այս որոշմամբ ձեռնածու տնօրենների նշանակմամբ՝ կապահովվի աշակերտների ու ուսուցիչների բավարար քանակ:

168.am-ի տեղեկություններով, սակայն, դպրոցները չեն պատրաստվում մատաղացու գառների պես գլուխները դնել իշխանությունների թրի տակ ու համակերպվել այս որոշման հետ: Մեզ ասացին, որ բունտ է հասունանում, ընդհուպ՝ կարող է համատարած գործադուլ և դասադուլ նախաձեռնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս