Մեղրիի մաքսատան ու Մեղրիի մաքսային պահեստի չգործելու առեղծվածը
Երեկ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին Մեղրիի մաքսատան չգործելու մասին: News.am-ի տեղեկություններով՝ հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ, «Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարների խոշոր կուտակում կա, քանի որ մաքսատունը չի գործում։
Ըստ կայքի տեղեկությունների՝ անցակետը փակելու հրահանգը տվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով»։
ՊԵԿ-ից նախ հերքել էին այդ տեղեկությունը, ապա հայտնել, թե Մեղրիի մաքսատունը աշխատում է, բայց դադարեցվել է Ագարակի մաքսային պահեստի լիցենզիան:
«Դեռևս 1 ամիս առաջ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ մասնագետները գործուղվել են Հանրապետության մայրաքաղաքի և մարզերի պահեստներ՝ ստուգումներ իրականացնելու։ Ագարակ մաքսային պահեստում եղել են խնդիրներ, մաքսային պահանջներին բավարար չի եղել և լիցենզիան դադարեցվել է»,- հայտնել էին ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից։
Այսօր ՊԵԿ-ից մեկ այլ՝ երեկվա տարածած տեղեկությունից տարբերվող տեղեկություն հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ նշելով, թե չի աշխատում ոչ թե մաքսատունը, այլ Մեղրիի մաքսային պահեստը՝ ըստ էության հաստատելով երեկ մամուլում տարածված տեղեկությունը:
«Մեղրիի անցակետը չի փակվել, մենք այդ մասին լուսաբանել ենք: Մեղրիի անցակետն ամբողջ օրը գործել է և գործում է անխափան: Հավանաբար, այստեղ թյուրընկալում է տեղի ունեցել և վերաբերում է Մեղրիում գործող մաքսային պահեստի հետ: Նշեմ, որ վաղուց, դեռևս մոտ 1 ամիս առաջ, ստուգումներ են իրականացվել գրեթե բոլոր մաքսային պահեստներում՝ մաքսային պահեստի ներկայացվող պահանջների պահպանման համապատասխանության ուղղությամբ, և մի քանի տեղ հայտնաբերվել են խախտումներ: Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ: Եվ իմ հրամանով մաքսային պահեստի թույլտվությունը, լիցենզիան կասեցվել, դադարեցվել է: Կշտկեն, կվերանայենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Հարցին, թե ի՞նչ խախտումների մասին է խոսքը, ՊԵԿ նախագահը արձագանքեց.
«Մաքսային պահեստին ներկայացվող բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում՝ ռենտգեն սարքավորումների գոյությունը, առկայությունը: Կոնկրետ տվյալ մաքսային պահեստում ռենտգեն սարքավորումը չի աշխատել, չի գործել, և մի շարք այլ խախտումներ, որոնք արձանագրված են, դրանք այս պահին անգիր բոլորը չեմ հիշում»:
Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի՝ մյուս մաքսակետերում ևս առաջացել են խնդիրներ, սակայն այդ խնդիրները, ըստ ՊԵԿ նախագահի, կարգավորումների համաձայն՝ ժամանակի ընթացքում, հնարավոր է՝ վերացվեն:
«Խախտումների տեսակից և բնույթից ելնելով դրանք ենթակա չէին դադարեցման: Ըստ նախատեսված կարգավորումների՝ մեր մոտեցումները հավասարապես: Եվ ուզում եմ նշեմ, որ անհամապատասխանությունների դեպքում ես կդադարեցնեմ ցանկացած մաքսային պահեստի գործունեություն՝ առանց բացառությունների»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ Մեղրիի մաքսային պահեստի գործունեության դադարեցումը քաղաքացիների համար խնդիրներ չի առաջացնի:
«Ուղղակի բեռները, որոնք մաքսազերծվում էին տվյալ մաքսային պահեստում, պահպանվում էին, կպահպանվեն այլ մաքսային պահեստում, մինչև խնդիրները կվերացվի, և նորից կդիտարկենք ընկերության՝ մաքսային պահեստի թույլտվություն տալու հարցը: Ընդամենը»,- ասաց նա: