Պաշտոնապես ճանաչելով ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ արդարությունը գերակա է. Կալիֆոռնիացի սենատոր
Կալֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն (D – La Canada Flintridge) շեշտել է, որ մարդկությունը բարոյական պարտավորություն ունի՝ դատապարտելու բոլոր ցեղասպանությունները և պատասխանատվության ենթարկելու ոճրագործներին: Պորտանտինոն այս մասին նշել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում:
«Պաշտոնապես և պատշաճ կերպով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը `Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ մարդու իրավունքները, արդարությունն ու ճշմարտությունը գերակա են»,-ասել է սենատորը:
Նա նկատել է, որ աշխարհում մարդասիրական փրկության մեծ ջանքերը գործադրվել են հենց Միացյալ Նահանգներում՝ փրկելով հազարավոր որբերի և փախստականների, որոնց ծնողները զոհվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ:
«Մենք բարոյական պարտավորություն ունենք՝ դատապարտել բոլոր ցեղասպանությունները և պատասխանատվության ենթարկել ոճրագործներին»,-նշել է նա:
Պորտանտինոն Բայդենի կողմից ճանաչումը կարևոր է համարել Հայոց ցեղասպանության համար արդարության հասնելու և Թուրքիայի կողմից շարունակվող ագրեսիան դատապարտելու ուղղությամբ: «Ես հպարտ եմ և երախտապարտ եմ նախագահ Բայդենին ՝ իր առաջնորդության և համապատասխան դիտողությունների համար»,-ասել է սենատորը: