«Դիլետանտները, դավաճաններն ու կապիտուլյանտները պետք է դուրս շպրտվեն Հայաստանի քաղաքական դաշտից»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ , ՀՀ պաշտպանության նախկին  փոխնախարար  Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս փուլում, աշխարհաքաղաքական դասավորվածությունից ելնելով, ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ հիմնականում կարելի է ասել, սպասելի էր։ Դրա մասին խոսել ենք վերջին շրջանում։

Եթե ԱՄՆ-ը Հայոց Ցեղասպանությունը ճանաչեր, օրինակ՝ գոնե նախորդ տարի, շատ մեծ քաղաքական աջակցություն կլիներ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Թուրքիան չէր համարձակվի բացահայտ ռազմական միջամտությամբ, ագրեսիա իրականացնել Արցախի և Հայաստանի դեմ։

Հիմա, ինչպես ասում են, ուշացած ճանաչումը, զուտ բարոյական խնդիր է լուծում մեզ համար։ Այո, աշխարհի բոլոր հայերն ուրախանալու են մի քանի օր, և այս հարցը մոռացվելու է։ Հետո Թուրքիան սկսելու է սիրաշահել ԱՄՆ-ին, որպեսզի ճանաչումն այլ հետևանքներ չունենա։ Այնպես, ինչպես առ այսօր, շուրջ 100 տարի թղթի վրա է մնացել ԱՄՆ նախագահի մեծ կնիքով կնքված Սևրի հայտնի դաշնագիրը։

Տասնյակ տարիներ ի վեր ԱՄՆ-ում հայկական լոբբին և Հայաստանի իշխանությունները պայքարել են Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Մի քանի անգամ, նույնիսկ շատ մոտ է եղել ԱՄՆ-ի ճանաչումը։ Սակայն այդ «մահակը» նախկինում չի իջել Թուրքիայի գլխին, քանի որ քաղաքական առումով Թուրքիան պետք էր ԱՄՆ-ի գլոբալ ծրագրերին։

Այսօր, Թուրքիան շատ ավելի ինքնուրույն է դարձել։ Փորձում է չենթարկվել և որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ինքնուրույն խաղալ բոլոր ֆրոնտներում։ Արդյունքում ստացավ ԱՄՆ-ի կողմից «պատիժ»՝ Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումով։

Ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները այլ տարածաշրջաններում առկա լարվածության ֆոնին՝ առայժմ բարդ է կանխատեսել։ Բայց Հայաստանի և հատկապես Մեղրիի միջանցքը ստանալու և Սյունիքը թրքացնելու Թուրքիայի ձգտումներն՝ առավել քան ակնհայտ են ու բացահայտ։ Դա բխում է նաև արևմուտքի շահերից։

Այդ գործընթացը կանխելու համար Հայաստանին պետք են ուժեղ ազգային իշխանություններ։ Այս հարցը խիստ ակտուալ է նաև Արցախի հետագա կարգավիճակի համար։ Հադրութի և Շուշիի վերադարձի հարցում, հատկապես հիմա՝ Թուրքիան շատ է խանգարելու։ Ուստի՝ Հայոց Ցեղասպանության ԱՄՆ կողմից պաշտոնապես ճանաչելուց հետո, հատկապես կարևորվում են Հայ-Ռուսական հարաբերությունների սերտացումն ու ներդաշնակեցումը։

Կրկին անհրաժեշտ է լինելու արտաքին քաղաքականությունն ակտիվացնել բոլոր ուղղություններով՝ ճիշտ դասավորելով յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունների մակարդակն ու օրակարգերը։

Դրա համար դիլետանտները, դավաճաններն ու կապիտուլյանտները պետք է դուրս շպրտվեն Հայաստանի քաղաքական դաշտից»։

Տեսանյութեր

Լրահոս