
Դատարանը մերժեց Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին երեկ է մեղադրանք առաջադրվել ապրիլի 21-ին Մեղրիում և Ագաակում տեղի ունեցած դեպքերի գործով, որը Քննչական կոմիտեն որակում է որպես խուլիգանություն: ՔԿ-ի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Սյունիքում ապրիլի 21-ին կատարված դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Զաքարյանին ձերբակալել էին ապրիլի 22-ին Քննչական կամիտեում՝ այն բանից հետո, երբ ոստիկանները ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը նախ վերջինիս հրավիրել էին Ոստիկանության Մեղրիի, ապա Կապանի բաժին, հետո հայտնել, որ պետք է տեղափոխեն Երևան, ու ժամեր անց միայն ձերբակալել էին: Երեկ Ընդհանուր իրավասության դատարանը Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ: