Իտալացի պատգամավորը կոչ է անում հիշել հայ ժողովրդի ողբերգությունը, որպեսզի այլևս բնաջնջում չլինի

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Մաուրիցիո Լուպին կոչ է անում հիշել 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս չլինի բնաջնջում հանուն գաղափարախոսության: Այս մասին պատգամավորն ասել է  իր ուղերձում:

«Հարգելի՛ընկերներ, մեծ պատիվ է ինձ համար գտնվել այստեղ ձեզ հետ, թեկուզ հեռահար կարգով ոգեկոչել մեծ ողբերգության 106-րդ տարելիցը, ողբերգություն, որը թակեց ձեր ժողովրդի դուռը, որը դարձավ 1,5 միլիոն հայերի բնաջնջման պատճառը 20-րդ դարասկզբին։ Սա առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարի պատմության մեջ։ Ինչո՞ւ է կարևոր այն հիշել, չմոռանալ, թե ինչ է տեղի ունեցել ձեր ժողովրդի հետ։ Քանի որ յուրաքանչյուր տառապանք, հանուն գաղափարի ոտնահարված և բռնաբարված ժողովրդի յուրաքանչյուր մարդկային տառապանք վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին»,- նշել է Լուպին:

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամն իր ուղերձը եզրափակել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի խոսքերով:

«Ինչպես նախագահ Հավելն է ասել՝ մեկ այլ անվանի պետական գործիչ Եվրոպայի պատմության մեջ, ով անցել է այս տառապանքի միջով, բոլոր տեսակի տառապանքները վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին, որովհետև տառապանքն ընկած է ձեռք բերված ազատության հիմքում։ Մենք պիտի հիշենք ձեր ժողովրդի ողբերգությունը, որպեսզի այլևս երբեք չլինի բնաջնջում հանուն գաղափարախոսության, ողբերգություն, որի միջով դուք եք անցել։ Մենք եղել ենք, կանք և կլինենք ձեր կողքին»,- իր ուղերձում նշել է Մաուրիցիո Լուպին:

Տեսանյութեր

Լրահոս