Մենք մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը. Վարդինե Օհանյանի ուղերձը
Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Վարդինե Օհանյանը, ով Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցում է որպես Լիբանանի նախագահ Միշել Աունի ներկայացուցիչ, իր ուղերձը հղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:
«Տառապանքի հիշատակման ցավի առիթի նկատմամբ խորագույն հարգանքով ու ակնածանքով, Լիբանանի Հանրապետության վսեմաշուք նախագահ Միշել Աունն ինձ հանձնարարեց անձամբ ներկայացնել իրեն Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպված ցեղասպանության տարելիցի միջոցառումներին, որպեսզի ճշմարտության բոցը վառ պահվի բոլորի խղճերում, որով նաև շնորհակալության ու գնահատանքի խոսք ենք ուղղում այս ոգեկոչման կազմակերպիչներին:
Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճերում ու ապրում մեր կյանքում, այսօր և մեր ապագայում: Նրանք հայտարարում են, որ Աստված կոչվում է խաղաղության աստված, այլ ոչ թե անարդարության, գաղութատիրության և բռնության աստված: Նրանց հետ մենք մերժում ենք անձնատուր լինել մահվան դատավճռին: Նրանք նահատակվեցին, բայց շարունակեցին խոսել հոգով: Եվ ահա նրանք, ավելի քան մեկ դար անց, վերանորոգում են երկրի երեսը»,- ասաց նա:
Վարդինե Օհանյանի խոսքով՝ հայ և լիբանանցի ժողովուրդների միջև մեկից ավելի ընդհանուր հայտարար կա՝ հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ: «Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին, միասնաբար, մենք հանուն մարդկության մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը: Այսօր կոչ ենք անում լինել, միասին, այս գործուն ճշմարտությունը, որի շնորհիվ մենք ազատագրվում ենք ամեն տեսակի վախից ու լինում առավել ուժեղ ամեն տեսակի ենթակայությունից»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին, պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուր հազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում: «Նրանք դարձան մեր հայրենիքի էական բաղադրիչներից՝ արդյունավետորեն նպաստելով նրա քաղաքական կյանքին, սոցիալական ու մշակութային վերելքին: Նրանց մեջ հայտնի դարձան նախարարներ, պատգամավորներ, բժիշկներ, արհեստավորներ, արվեստագետներ, լրագրողներ, գործարարներ, գիտնականներ ու մտավորականներ: Նրանք նաև լիակատար հավատարմություն ցուցաբերեցին Լիբանանի հանդեպ՝ չհրաժարվելով իրենց կառչածությունից Հայաստանին, որը սերտորեն կապված է նրանց արյան, դավանանքի, մշակույթի ու պատմության հետ:
Լավագույն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ մեր ժողովուրդների ձգտումները մարմնավորվել են հաճախակի հանդիպումներով, այցերով ու փորձի փոխանակմամբ, որոնց ավելանում է նաև միջազգային և ասիական խորհրդարանական ատյաններում դիրքորոշումների ու կեցվածքների շարունակական համակարգումն ի նպաստ մեր ժողովուրդների շահերի և որն արտահայտում է արդարության, խաղաղության ու մարդկային իրավունքների նկատմամբ մեր կողմնակցությունը, այն ժամանակ երբ Լիբանանը շեշտում է Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»,- ընդգծեց Վարդինե Օհանյանը:
Նա կոչ արեց այս պատմական վայրից ու այս պատմական պահից, այնպես անել, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացումներից: «Մենք բոլորս փոխկախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձեւով է տուժում այդ հետևանքներից: Լիբանանի որդիներից՝ իր քրիստոնյաներով ու մահմեդականներով, հայազգի որդիներին՝ Հայաստանի Հանրապետությունում, Լիբանանում և աշխարհում, Լիբանանի հանրապետության նախագահ Նորին գերազանցություն զորավար Միշել Աունը վերահաստատում է իր համերաշխությունն ու գնահատանքը հայ ժողովրդի՝ ամուր հավատքով խարսխված վկայությունը, որը շարունակվում է մարդկային քաղաքակրթությունում»,- եզրափակեց Վարդինե Օհանյանը: