«Հիմա ես գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար». Ռոբերտ Քոչարյան

Ի՞նչ սպասել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից, այս հարցը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տվել են նրա աջակիցները՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Պատասխանելով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հիմա ես գիտեմ, որ փորձելու են իմ դեմ աշխատացնել հետևյալ թեզը, որ  Քոչարյանը մարտնչող է, և եթե Քոչարյանը գա իշխանության, ապա պատերազմ կհրահրի, և այլն, և այլն։

Արդեն մենք տեսնում ենք, որ այս իշխանության շուրջ գտնվող կերպարներ հնչեցնում են նման կարծիքներ։ Ես ուղղակի մեր ժողովրդին կհիշեցնեմ հետևյալը, որ իմ պաշտոնավարման 10 տարիները Հայաստանի համար եղել են ամենախաղաղ տարիները։

Եթե հիշում եք, այն ժամանակ, երբ իշխանափոխություն եղավ, 1998 թվականին հրաժարական տալուց հետո, եթե չեմ սխալվում՝ Առաջին նախագահն ասել էր, որ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունը գալիս է»։ Հուսամ, որ նա անկեղծ այդպես էր մտածում, բայց եղավ ճիշտ հակառակը՝ մենք ունեցանք ամենախաղաղ 10 տարին Հայաստանում և ամենաքիչ զոհերն ունեցանք շփման գծում։

Հիմա ես գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, և ոչ միայն՝ արժանապատիվ խաղաղություն, այլև՝ բարեկեցիկ կյանք։ Այդ 10 տարիների ընթացքում նաև ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Արցախի հետ միասին, և սա փաստ է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս