Ինչո՞ւ 1, թող գրեին՝ 10 միլիոն. Քաղաքացիները՝ սեղմված բնական գազի, հեղուկացված ածխաջրածնային գազերի և նավթամթերքի ոլորտի նոր փոփոխությունների մասին
2020 թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ են մտնելու 07.06.2021-ին:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են, որ կատարված փոփոխություններով հեղուկացված ածխաջրածնային գազերի լցակայաններում տնտեսվարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի վերաբերյալ՝ կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք:
Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների մոտ տեղադրել ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով (Սույն կետն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու օրվան հաջորդող 60-րդ օրը):
Բարձրացվում է գազի և բենզինի լցակայաններում չափագիտական կամ վառելիքի որակին առնչվող խախտումների համար սահմանված տուգանքների չափը:
Ըստ կատարված փոփոխությունների՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում մեկ միլիոն դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով):
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով (երկու միլիոն դրամ): Բենզալցակայաններում ու գազալցակայաններում տեսակը չհաստատված և չստուգաչափված չափման միջոցներով վաճառք իրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ հարյուր հազար դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով):
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (1 միլիոն դրամ):
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ):
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000 դրամ):
Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը և (կամ) դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կամ տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000 դրամ):
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (1 միլիոն դրամ):
Որոշ քաղաքացիներ սոցիալական ցանցերում ողջունել են այս փոփոխությունը, սակայն կան նաև քաղաքացիներ, ովքեր այնքան էլ չեն հավատում, որ հետևողական կլինեն, ու ինչ-որ բան կփոխվի, ոմանք էլ դժգոհ են սահմանված տուգանքի չափից:
«Ձեզ թվում է, որ 1 միլիոն տուգանքի չափ դրեցիք՝ կվախենա՞ն: Դա սովորական աշխատողի համար է մեծ թիվ: Սա նշանակում է, որ նշված ժամկետում նշված վառելիքի տեսակները կթանկանան, անունն էլ կդնեն, որ իբր չեն խաբելու, բայց դե մենք հայ ենք մնում»,- գրել է քաղաքացիներից մեկը:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում այն նախադասությունը, թե հեղուկացված ածխաջրածնային գազերի լցակայաններում տնտեսվարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի վերաբերյալ՝ կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք:
«Եթե ավտոգազալցակայանում է, բնականաբար, պետք է ավտոմոբիլային լինի: Աբսուրդ է: Ո՞վ է կենցաղային բալոնը տանում ու ավտոգազալցակայանում գազ լցնում: Տրամաբանությունը չեմ հասկանում»:
Նրա համար անհասկանալի է նաև սահմանված տուգանքի չափը. «Ինչո՞ւ, թող գրեին՝ 10 միլիոն, էլի»,- ասաց մեր զրուցակիցը: