Ինձ այդպիսի թե՛ ակնարկներ էին արվել, և թե՛ նաև հորդորել էին հեռացնել շնորհավորանքը.  Դատարանն անվավեր է ճանաչել նախկին ոստիկանապետի հրամանը

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին»,- երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանը։

Հիշեցնենք՝ սպային  աշխատանքից ազատել էին անցյալ տարի, իսկ ազատման հիմնական շրջանառվող վարկածն այն էր, որ Ա. Ունուսյանը Ֆեյսբուքով շնորհավորել էր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի ծննդյան տարեդարձը:

Նկատենք՝ սոցիալական ցանցում մտերմության, նկարներ տեղադրելու, գրառումների համար աշխատանքից ազատման դեպքերի մասին մեկ անգամ չենք լսել այս երեք տարիների ընթացքում. Ամենահիշարժաններից, թերևս, Անդորրայում ՀՀ նախկին հյուպատոս Արա Բաղդասարյանին առնչվող դրվագն էր. նրա աշխատանքից ազատումը, օրինակ, համընկել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի հրապարակման հետ:

Ալբերտ Ունուսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր ազատման հրամանի հիմքում ՀՀ Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 49-րդ հոդվածն է եղել. «Այն շատ ծավալուն հոդված է, և, անկեղծ ասած, բարդ է հասկանալ, թե՝ ո՛ր կետի համաձայն ես ազատված, ո՛ր կետի համաձայն ես ուղարկված կադրերի ռեզերվ»:

Անդրադառնալով շրջանառվող վարկածին, ըստ որի՝ աշխատանքից ազատման պատճառը Նարեկ Մալյանին ուղղված շնորհավորանքն է եղել, նա հայտնեց՝ աշխատավայրում այդ թեմայով քննարկումներ էին նախորդել. «Ինձ այդպիսի թե՛ ակնարկներ էին արվել, թե՛ բաց տեքստով էր ասվել, և թե՛ նաև հորդորել էին հեռացնել շնորհավորանքը»:

Թեև դատարանի որոշմամբ ոստիկանության սպան պետք է վերականգնվի նախկինում զբաղեցրած պաշտոնում, սակայն նա տարակուսում է. «Ոստիկանությունն այսօր փոքր-ինչ վարկաբեկված է, ինչպես տեսնում ենք, ու ես ուզում եմ հասկանալ՝ ես արդյո՞ք պատրաստ եմ մտնել այդ բեռի տակ»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանական համակարգը, որտեղ չէր վարանի և կմտներ աշխատելու՝ Ալբերտ Ունուսյանը պատասխանեց. «Ինձ համար իդեալական ոստիկանությունն ապաքաղաքական ոստիկանությունն է, որի գործառույթներն են  հանցագործությունների բացահայտումը, կանխումը, նախականխումը»:

Տեսանյութեր

Լրահոս