Մինսկի խմբի առաջարկը չի գրավում ՌԴ-ին. Ինչպիսի՞ բանակցություններ է ցանկանում Մոսկվան

Նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից 5 ամիս անց նույնիսկ հայտնի չէ, թե ինչպես են կողմերը շարունակելու բանակցությունները, ինչ ձևաչափով և ինչ հարցերի շուրջ: Օրերս երկար դադարից հետո հակամարտող կողմերին իրենց ծառայություններն առաջարկեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ցանկանալով նախ՝ վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, հայացքը դեպի Հարավային Կովկաս և հակամարտության գոտի է սկսում ուղղել ԱՄՆ Պետքարտուղարությունը, որը ներկայումս այլ գոտիներում ինտենսիվ ճնշումներ է բանեցնում Ռուսաստանի և մասամբ նաև Թուրքիայի նկատմամբ:

Զուգահեռաբար տարբեր տեղեկություններ են ստացվում՝ հատկապես ռուսաստանյան աղբյուրներից, որ քննարկվում է հակամարտող կողմերի միջև Խաղաղության կամ Հաշտության պայմանագրի կնքումը, որը օրերս իբրև թե չէր բացառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, շարունակում է հայատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը Ռազմավարի ցուցահանդես պուրակների բացմամբ, մշակութային ցեղասպանությունը պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում և հատկապես Շուշիում:

Այնուամենայնիվ, Հաշտության պայմանագիր դիտարկվում է, սակայն հայտնի չէ, թե որ բանակցային ձևաչափի շրջանակում ու ինչ բովանդակությամբ, երբ Ադրբեջանը Ղարաբաղյան հարցը լուծված է համարում, իսկ Հայաստանը, միջնորդ երկրները՝ ոչ՝ առաջնահերթություն դիտարկելով Արցախի կարգավիճակի հստակեցումը: Ադրբեջանի ղեկավարը կարծում է, որ պատերազմից հետո իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը, Արցախը և միջնորդները պետք է հաշվի նստեն Ադրբեջանի ցանկությունների հետ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ թեև կա եռակողմ բանակցություններ, սակայն դրանք միմիայն մեկ հարցի շուրջ են, և դրա շրջանակում որևէ բովանդակային քննարկում, բանակցություն չի ծավալվում: Ըստ նրա, բանակցային գործընթացը ներկայումս մարտահրավերային է:

«Նախ՝ որպեսզի որևէ կառուցողական քննարկում լինի, չպետք է լինի ռազմատենչ հռետորաբանություն, կողմերի միջև նորմալ մթնոլորտ պետք է լինի: Բնական է, որ սա պետք է Ադրբեջանը գիտակցի ու հասկանա, որ գերիների հարցում անհասկանալի քաղաքականությունը և որոշ հայտարարությունները չեն նպաստում գործընթացին և առաջընթացին, իսկ առաջընթաց հարկավոր է, քանի որ ձեռք բերվածը հրադադարի հայտարարություն է, և շարունակության կարիք կա: Մյուս խնդիրը՝ բանակցությունների ձևաչափն է, վերջապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչ-որ բան հայտարարեցին, սակայն հասկանալի չէ՝ կոնկրետ ի՞նչ են առաջարկում։ Նրանք խուսափում են հստակությունից՝ կամ չունեն օրակարգ, կամ մտավախություն ունեն, որ իրենց կոնկրետ առաջարկները կմերժվեն: Սակայն, կարծում եմ՝ բանակցությունները կվերսկսվեն, հստակ ասել՝ երբ՝ չեմ կարողանա:

Ռուսաստանը երբեք չի նշել, որ դեմ է այս ձևաչափով աշխատանքին: Ռուսաստանը պատրաստ է աշխատել, պարզապես պետք է հասկանալ նաև, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում այնպիսի կարգավիճակում հայտնվեց, երբ այլ միջնորդները, ըստ էության, անհրաժեշտ չէին որևէ մեկին, և Ռուսաստանը նշել է, որ կարգավիճակի հարցն առնվազն 5 տարվա համար հստակ է, չէ՞ որ այնտեղ խաղաղապահներ են կանգնած 5 տարով: Սակայն Ռուսաստանն ինքը չի մերժում գործընթացը, որը ներառում է ոչ միայն կարգավիճակը, այլև սահմանների և մի շարք այլ հարցեր: Ռուսաստանի ու ԱՄՆ, Ֆրանսիա հարաբերություններն այսօր բավականին լարված են, սա ևս կարևոր նշանակություն ունի այն առումով, որ Մոսկվան դեմ չէ, սակայն շահագրգռված էլ չէ, որ այս ձևաչափը վերագործարկվի: Խնդիրներից հերթականն է՝ ինչպես է Ղարաբաղը մասնակցելու կարգավիճակի հարցի հստակեցմանը: Այս հարցը դեռ բաց է մնում: Կարծում եմ՝ այս ամենի վրա ազդում է նաև ՀՀ ներքաղաքական կյանքը և չափից շատ անորոշությունները, առաջիկա ընտրությունները»,- ասաց Տարասովը:

Վերջինս չի բացառում նաև, որպեսզի անկախ Մինսկի խմբի ձևաչափից՝ լինեն շփումներ հակամատող կողմերի միջև ուղիղ, որի ընթացքում նրանք կկարողանան քննարկել բոլոր խնդիրները: «Սակայն կրկնեմ, որ ներկայումս առկա մթնոլորտը չի նպաստում նման ձևաչափի հաստատմանը: Իսկ եթե մթնոլորտը տրամադրեր կողմերին, ապա եռակողմ ձևաչափը կարող էր ընդլայնել իր թեմատիկ շրջանակը՝ նպաստելով ավելի լայն առումով հարաբերությունների կարգավորմանը և բոլոր չհստակեցված հարցերի քննարկմանը: Ակնհայտ է, որ Բաքուն խնդիր ունի ԵԱՀԿ ՄԽ շրջանակի օրակարգի հետ, որը ներառում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Ադրբեջանը, կարծում եմ՝ պատրաստ է մասնակցել այս աշխատանքներին՝ խաղի իր կանոններով»,- ասաց նա:

Մեզ հետ զրույցում միջազգայնագետ, շվեյցարացի կովկասագետ Նիկոլյա Հայոսն ասաց, որ վաղ թե ուշ կողմերն արևմտյան, մասնավորապես՝ ԱՄՆ ճնշումների ներքո կվերսկսեն երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Սակայն, նրա խոսքով, այն հանգամանքը, որ կրկին կարգավորման սկզբունքներից մեկը ցանկություն կա անտեսել, ինչը կրկին իրավիճակը վերադարձնում է այն կետին, որը կար պատերազմից առաջ ընդհանուր առմամբ, երբ կրկին կարգավիճակի հարցն ընդունելի չէր և շեշտը դրվում էր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:

Սա, նրա որակմամբ, ռիսկեր է ստեղծում, քանի որ կրկին կարգավորումն ավարտին չի հասնում և չափազանց միակողմանի է ստացվում: «Ի դեպ, եթե նույնիսկ ՄԽ-ն սկսի գործել, դա կարող է կրկին շատ երկար ձգվել։ Այսինքն՝ ՄԽ-ի աշխատանքի վերսկսումը ևս հաղթանակ չէ, այլ բանակցային համաձայնեցված օրակարգն է կարևոր, սակայն ներկայումս ես մեծ ակնկալիքներ չունեմ, որ այս առումով արդյունքներ են լինելու, հատկապես, երբ միջնորդների հարաբերությունները ևս լարված են, կա Թուրքիան, որը ցանկանում է էլ ավելի ամրանալ ռեգիոնում: Այսօր հարցեր քննարկելու և պրոցեսներ տանելու հնարավորությունը Ռուսաստանի ձեռքում է, սակայն, կարծում եմ՝ ՌԴ-ի մոտեցումներն ամբողջությամբ ներառված են ստորագրված հայտարարություններում: Ուստի ամփոփելով ասեմ, որ ընդհանուր առմամբ իրական գործընթաց տեսնում եմ միայն ճանապարհների ապաշրջափակման հարցում, բայց թե ինչ արդյունքի այն կարող է հասնել, կրկին անորոշ է, քանի որ կա ճնշում Արևմուտքի կողմից Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ, կան ներքաղաքական հոսանքներ, ռուս-թուրքական տարաձայնություններ, Դոնբասի հարց: Կայունության բացակայությունը չի նպաստում վերջնական խաղաղության հաստատմանը և կողմերի միջև անվտանգ գործընթացի իրականացմանը, բոլորի համար հասկանալի է, որ այդ գործընթացը կարող է իրականացնել Մինսկի խումբը, սակայն այդ հարցը թողնված է անորոշ ապագային»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս