Անհայտ է, թե ո՞ր երկրի քաղաքացի է ՀՀ անձնագիր ունեցող Արցախի հայը. Մարիամ Ավագյան
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը պատրաստվում է դիմել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե ինչ է սպասվում Արցախի տեղահանված հայությանը:
«2020 թվականի պատերազմի օրերին և մինչ օրս ՀՀ-ում է գտնվում Արցախի հայության մի հատվածը: Անհրաժեշտ է, որ ՀՀ ԱԺ-ն և կառավարությունը որոշեն նրանց կարգավիճակը ՀՀ-ում, հարց բարձրացնեն այդ առիթով պատասխանատու օղակների և միջազգային կառույցների առջև: ՀՀ ԱԺ-ն և կառավարությունը պետք է որոշեն, թե Արցախից հայությունը ՀՀ-ում բռնի տեղահանվածնե՞ր են, թե՞ ովքեր են, ապա այդ մարդիկ պետք է ստանան այդ կարգավիճակի վկայագրերը և գտնվեն համապատասխան միջազգային օղակների ուղիղ ուշադրության կենտրոնում: Սրանով է հնարավոր այսօր ապահովել այդ մարդկանց իրավունքները և բարձրաձայնել պատերազմի պատճառով նրանց իրավունքների ոտնահարման մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Ավագյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է Միգրացիայի պետական ծառայությունը վերանվանել «Բռնագաղթվածների, փախստականների, ներքին տեղահանվածների և միգրացիայի պետական ծառայություն»:
«Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ և ռազմավարությամբ հիմք ու արդարացում ապահովեց Էրդողանի ու Ալիևի համար տարածաշրջանի հայությանը ջախջախելու համար` «օկուպացված Ղարաբաղը» Ադրբեջանին և միլիոն «ադրբեջանցի փախստականներին» իրենց տները վերադարձնելու նպատակով: Թերևս 2005թ. վերոհիշյալ այս ծառայության անվանափոխումը ու այդ անվան պահպանումը մինչ օրս` գործնականում, վկայում է հայության ջախջախման և Արցախի ոչնչացման ողջ բանակցային գործընթացի տրամաբանությանը` Մադրիդյան սկզբունքներին, հավատարիմ մնալու մասին, երբ չեզոքացվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյությունն ու ձևավորման պատճառները և նրանց իրավունքների վերականգման կենսական անհրաժեշտությունը: Ի դեպ, Ադրբեջանում գործում է Փախստականների և տեղահանվածների պետկոմիտե, ու սա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ապահոված պետական ու պատգամավորական դիվանագիտության առանցքային բաղադրիչներից էր, պատերազմի առաջնագիծը»,- հավելեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը՝ նախարարությունից ակնկալելով աջակցություն ու միջնորդություն՝ այս հարցերի լուծման համար:
Մարիամ Ավագյանի խոսքով՝ փակուղային իրավիճակի լուծումներից մեկն այն է, որ ՀՀ-ն ունենա փախստականների հարցերով հանձնակատար, որը կկարգավորի հայ փախստականների քաղաքական խնդիրները՝ նաև Արցախյան կարգավորմանը միտված միջազգային իրավական տիրույթում:
«Փախստականների հարցերով հանձնակատարն իր վրա կվերցնի նաև Սփյուռքում Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հետ կապերի հաստատումը և նրանց ներգրավումը տարբեր ծրագրերի մեջ: Մենք մեր գործունեության ընթացքում բազմիցս համոզել ենք ավանդական կուսակցություններին ու հայ եկեղեցուն, որ մի շարք պետություններում իրենց ունեցած գրասենյակներով ու թեմերով կապեր հաստատեն հայ փախստականների հետ` նրանց ձևավորման պատճառների ու հետևանքների մասին բարձրաձայնելու ու մշակութային ծրագրերի մեջ ներգրավելու համար, սակայն, ավաղ, ապարդյուն` «Ձայն բարբառոյ յանապատի»… Փախստականների հարցերով հանձնակատարը սերտ կհամագործակցի՝ ինչպես Սփյուռքի հանձնակատարի, այնպես էլ՝ ՀՀ ԱԳՆ-ի հետ, կհամակարգի աշխատանքները նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք օղակի հետ, ինչը անվերապահորեն պետք է կոչվի «Փախստականների և տեղահանված անձանց հարցերի»»,- մանրամասնեց Մարիամ Ավագյանը:
Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում Արցախից տեղահանվածների կարգավիճակին՝ մեր զրուցակիցը նկատեց.
«ՀՀ-ի և Արցախի Հանրապետության միջև 1999 թվականի համատեղ պայմանագրով ՀՀ անձնագիր են տվել Արցախի հայությանը, սակայն «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» խարդավանքով ու դավադրությամբ լի հակահայ այդ գործով հայտարարվել է, որ Արցախի բնակչին ՀՀ անձնագիրը չի տալիս ՀՀ քաղաքացիություն: Այնպես որ՝ Արցախի բնակիչը ՀՀ քաղաքացի չի ճանաչվում, սա՝ ըստ ՄԻԵԴ-ի, ուրեմն՝ նաև չի կարող լինել ներքին տեղահանված ՀՀ-ում: Իսկ ի՞նչ կարծիք ունեն ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները: Այսօր, ավերիչ պատերազմից հետո այս ուղղությամբ որևէ մտահոգություն ունե՞ն, խղճի խայթ ունե՞ն, թե ո՞ւր ու ինչի՞ են հասցրել երկիրը: Անհայտ է, թե ո՞ր երկրի քաղաքացի է ՀՀ անձնագիր ունեցող Արցախի հայը: Սա մի խնդիր է, որը իրավաքաղաքական լուծում է պահանջում` որպես պարտության հետևանքների վերացման անհրաժեշտություն: Արցախի Քարվաճառից, Քաշաթաղից, Հադրութից, Շուշիից տեղահանվածները և Արցախում հիմա բնակվողները ներքին տեղահանվածներ են, սակայն Արցախի իշխանությունները կարծես թե մտավախություն ունեն, որ իբրև այդ կարգավիճակը տալուց հետո տեղահանվածների մի մեծ հատված իսկույն առիթից կօգտվի ու կտեղափոխվի այլ բարեկեցիկ երկրներ: Արցախի իշխանությունները պետք է լավ ընկալեին ու թող հիշեն, որ միայն սոցիալական արդարությամբ է, որ այսօր արցախցուն չեն վանի Արցախից, իսկ սերը դեպի Արցախն ու Արցախի հայը կկապի արցախցուն իր հողին ու չի վանի դեպի օտար եզրեր, սա է ճշմարտությունը:
Բացահայտ է ու փաստ, որ դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներից բռնի ու հարկադիր տեղահանված անձը, ով այսօր ապրում է Արցախի Հանրապետության այլ վայրում, ներքին տեղահանված է, ու սա անպայման պետք է ֆիքսել, հաստատել՝ որպես պատերազմի ակնհայտ, քաղաքական հետևանք, մնացածը անհիմն մտավարժանքներ են: Եթե Արցախի իշխանությունները վստահ են, որ Ալիևը չարաչար սխալվում է, և, որ կա ու գոյություն ունի Արցախ պետություն, ուրեմն նրանք պարտավոր են ֆիքսել որպես պատերազմի հետևանք՝ հարկադրված ներքին տեղահանվածների գոյությունը:
ՄԱԿ-ի փախստականների մասին կոնվենցիայի մեկնաբանությունների համաձայն ու նաև այն պատճառով, որ միջազգայնորեն ընդունված չէ մեր միացումը, որ ՄԻԵԴ-ը չի ճանաչել ՀՀ անձնագիր ունեցող արցախցուն ՀՀ քաղաքացի, Արցախից ՀՀ տարածք բռնի տեղահանվածները իրավական առումով փախստական չեն, իսկ սոցիալ-տնտեսական առումով նրանց պետք է տրվի փախստականներին վերաբերող բոլոր աջակցության տեսակները»:
Նմանատիպ նամակ ուղարկվել է նաև ՀՀ վարչապետին և ԱԺ պատգամավորին, հետո նաև՝ նախարարին, այնուհետև՝ Արցախի Հանրապետության նախագահին: