Ինչպես էր անգլիացի հյուպատոս Մ. Ուիլիամը օգնում թուրքերին Վանի կռվի և կոտորածների ժամանակ

19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքերը հայկական տարբեր քաղաքներում, գյուղերում և բնակավայրերում իրականացրեցին կոտորածներ։ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ և հետո թուրքերը վայրագություններ ու կոտորածներ էին իրականացնում առանձին քաղաքներում և բնակավայրերում։ Շուշիի, Նախիջևանի կոտորածները դրա վառ ապացույցն են։ Հայերի նկատմամբ թուրքական արյունալի քաղաքականությունից չկարողացավ վրիպել նաև Վան քաղաքը։ 1896 թվականի հունիսին սկսվեց քաղաքի հայ բնակչության կոտորածը։ Վանի կոտորածների պատմությունն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ այստեղ ևս թուրքերն իրենց վայրագություններն իրականացնում էին օտարերկրացի հյուպատոսների աչքի առաջ, իսկ շատ դեպքերում մի շարք երկրների հյուպատոսներ   հենց իրենք էին օգնում, որ թուրքերը կազմակերպեն իրենց ոճրագործությունը։

Մասնավորապես, Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» աշխատության մեջ բացառիկ մանրամասների ենք հանդիպում, թե ինչո՞վ էին զբաղված օտարերկրացի հյուպատոսներն ու պաշտոնյաները Վանի կոտորածի օրերին.

«Անզեն մարդկանց, կանանց ու երեխաների մի մասը պատսպարվեց օտարերկրյա հյուպատոսարաններում։ ԱՄՆ-ի հյուպատոս, Վանի հնություններն ուսումնասիրող Ռեյնոլդսը, որը շուրջ քառորդ դար միսիոներական նպատակով Վանում էր, սկզբում նրանց թույլատրեց հանգրվանել հյուպատոսարանում, իսկ հետո մեծ մասին հանձնեց թուրքերին, որոնք տեղն ու տեղը սպանում էին խեղճերին։ Իսկ իրենց տունն ու պատիվը պաշտպանող հայերին Ռեյնոլդսը հորդորում էր զենքը վայր դնել և մարտիկների մեջ իր ծանոթ մի երիտասարդի տեսնելով ասում է. «Քեզ խորհուրդ կտամ, որ զենքդ վար դնես և Հիսուս Քրիստոսին ապավինիս, եթե քուրդ սպանես, թե՛ քեզ, թե՛ հոգիիդ և թե՛ մանավանդ քուրդին վնաս է»։ Այսպիսին էր հզոր երկրի քրիստոնյա քարոզիչ հյուպատոսի բարոյականությունը»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 26):

Թշնամու մեծաքանակ զորքին ուժգին դիմադրություն են ցույց տալիս վանեցիները։ Նրանք տեղում ինքնապաշտպանություն են կազմակերպում։ Արդեն իսկ հունիսի 8-ին տեղի է ունենում ամենակատաղի մարտը։ Թուրք-քրդական զորքերին կանգնեցնելով՝ հակահարձակման են անցնում վանեցիները։ Այս տեսնելով՝ թուրքերը օտարերկրացի հյուպատոսների օգնությամբ փորձում են իրականացնել իրենց հերթական գործարքը.

«Օսմանյան կառավարությունը տեսնելով, որ Վանի առյուծասիրտ պաշտպաններին չի կարողանում ընկճել, օտար հյուպատոսներին ուղարկում է  նրանց մոտ` առաջարկելով, որ, եթե ղեկավարներից  10 հոգու հանձնեն, ապա կռիվը կդադարի։ …Բայց մարտիկները հասկանալով, որ կառավարությունը  ցանկանում է  խորամանկությամբ ինքնապաշտպաններին զրկել ղեկավարությունից, հրաժարվում են այս առաջարկից։ Օտարերկրյա հյուպատոսները բանակցելու պատրվակով քանիցս ինքնապաշտպանների մոտ գալով, ուսումնասիրում են նրանց դիրքերը և հայտնում թուրքերին, իսկ անգլիական հյուպատոս Մ.Ուիլամը ճշտում է թուրքերի թնդանոթների դիրքը և ուղղում հայկական պաշտպանական գծի խոցելի տեղերի վրա։ Դեպքերի ականատեսը անգլիական հյուպատոսին այսպես է նկարագրում. «Նա ներքնապես թրքացած լինելով , արտաքին կերպով էլ  չէր ուզեցել յետ մնալ  կատարեալ թիւրք լինելուց. Հագել էր թիւրք ժանտարմի շորեր և գլխին ծածկել թրքական կարմիր ֆէս….»։ (Նույն տեղում` էջ 27):

Հատկանշական է, որ այդ շրջանում Վանում գտնվող անգլիացիների հակահայկական պահելաձևի և բնավորության մասին իրենց հուշերում խոսել են շատերը։ Ակնհայտ էր, որ սա թուրքական հերթական ծրագիրն էր, որին աջակցում էին անգլիացիները։ Գրեթե նույն սցենարն ու ձեռագիրն ունեցավ նաև 1920-ի Շուշիի կոտորածը։ Վանում գտնված Արամ Մանուկյանը իր օրագրում ևս պատմում է անգլիացի հյուպատոս Մ. Ուիլամի մասին։ Մանուկյանը ևս նկատում է նրա թուրքամետ բնավորությունը.

«Պատմում են ականատեսները,  որ դեպքին երբ տաճիկ զորքերը չէին կարողանում թնդանոթով նշան բռնել, անգլիական հյուպատոսը անձամբ մոտենում է, ձևերը սովորեցնում և յուր ձեռքով թնդանոթները ուղղում դեպի այն թաղերը և տները, ուր հեղափոխականներ կային։ Այնպես են պաշտպանում փառաբանած անգլիական ներկայացուցիչները հայերին….»։ (Նույն տեղում` էջ 28):

9 օր տևած Վանի հերոսամարտում անգլիացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի օգնեն թուրքերին։ Սա այն բազմաթիվ օրինակներից մեկն է, որ հայ-թուրքական բախումների ժամանակ անգլիացիները դադարեցնելու փոխարեն՝ օգնում են թուրքական կողմին։ Պատմությունը լի է նմանատիպ փաստերով, սակայն ներկայում հայ մարդը կարծես թե չի հիշում կամ չի ցանկանում հիշել պատմությունը, դրանից հետևություն անել և գործել այլ բնավորությամբ։ Պետք է հաշվի նստել պատմության հետ և գտնել առաջին հերթին պատմության մեջ մեր կատարած սխալները։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում մենք չփորձեցինք անգամ մեր անհաջողություններում մեղադրել ինքներս մեզ։ Ցավալի է, որ պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է, իսկ մենք` մեր ազգային անհաջողություններում չենք էլ մտածում անկեղծորեն մեզ քննելու և քննադատելու մասին։

Զ.Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս