
Հարավկորեական կոնսորցիումը «Սպուտնիկ V» կարտադրի արտահանման համար

Huons Global հարավկորեական բիոտեխնոլոգիական ընկերությունը տեխնոլոգիաների փոխանցման շուրջ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ Հարավային Կորեայում ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրելու համար:
Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը: Ըստ համաձայնագրի, կոնսորցիումը՝ Huons Global-ի ղեկավարությամբ, «Սպուտնիկ V» կարտադրի Հարավային Կորեայում: Կոնսորցիումի մյուս երեք մասնակիցները Humedix եւ Boran Pharma երկու հարավկորեական ընկերություններն են, ինչպես նաեւ սինգապուրյան Prestige BioPharma-ն: Huons Global-ը հայտարարել է, որ օգոստոսին կսկսի ռուսաստանյան պատվաստանյութի փորձնական արտադրությունը՝ 100 մլն չափաբաժին ամենամսյա առավելագույն արտադրական հզորությամբ:
Չպարզված է մնում, թե արդյոք հարավկորեացիները կկարողանան պատվաստվել ռուսաստանյան պատվաստանյութով եւ երբ, քանի որ Հարավային Կորեայում արտադրվող բոլոր պատվաստանյութերը նախատեսված են արտահանման համար, գործակալությանը հայտնել է Huons Global-ի պաշտոնյան: Նրա խոսքով՝ դեռ չի ընդունվել այն որոշումը, թե երբ երկրում կարող է հայտնվել Հարավային Կորեայում արտադրվող «Սպուտնիկ V»-ն:
Բացի այդ, գործակալությունը հաղորդում է, որ տեղական կոնսորցիումը, որը գլխավորում է GL Rapha բիոֆիրման, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ առանձին գործարք է կնքել Հարավային Կորեայում «Սպուտնիկ V»-ի արտադրության շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: