«Եթե ռեալ քայլեր անող, բանակցություններ վարող էին, մինչև հիմա ի՞նչ էին մտածում». Տնտեսագետ

«Հայաստանը՝ որպես հանքանյութի պաշարներով հարուստ երկիր, հետաքրքրություն է առաջացնում այդ ոլորտում ներդրումներ անելու հարցում հետաքրքրված երկրների ու պետությունների շրջանում»,- ապրիլի 14-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մեր քննարկումներն անընդհատ մեզ հանգեցնում են այն եզրակացությանը, որ, այնուամենայնիվ, կոմունիկացիաներն այս հարցում իսկապես կարևոր են: Ճիշտ է, կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն, բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը: Ժամանակակից պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայանի կառուցումն ու երկաթուղու բացումը դիտարկում եմ նույն շղթայի տարբեր օղակներում: Այսինքն՝ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և դեպի Ռուսաստանի Դաշնություն: Եթե սա մենք ունենանք, վստահաբար կունենանք պղնձաձուլարան՝ հետագա ցիկլերով վերամշակման, և շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենանք նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար,- նշեց Փաշինյանը՝ կասկած հայտնելով,- Ադրբեջանն ապակառուցողական դիրքորոշում կորդեգրի Հայաստանի կոմունիկացիոն ապաշրջափակումը թույլ չտալու համար, բայց մենք լուրջ ենք տրամադրված և պատրաստ ենք գնալ առաջ, որպեսզի վերջապես հաղթահարենք Հայաստանի շրջափակումը»:

Ապա, շարունակելով խոսքը, Փաշինյանն անդրադարձել էր էներգետիկայի պահանջարկը մեծացնելուն՝ ասելով. «Խորհրդային Միության ժամանակներում մեր էներգետիկան կառուցվել է արդյունաբերական երկիր սպասարկելու համար: Մենք այսօր արդյունաբերական երկիր չենք»:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ նշեց, որ եթե ուսումնասիրենք պղնձի արտադրության տեխնոլոգիան, ապա կտեսնենք, որ այն իսկապես նյութատար է: Պղնձի արտադրությունը, տնտեսագետի խոսքով, ընդհանրապես և՛ էներգատար է, և՛ նյութատար ու, բնականաբար, պահանջում է հաղորդակցության պատշաճ ուղիներ, իսկ ամենաէժան և արագ փոխադրամիջոցը, իհարկե, երկաթգիծն է:

«Պղնձի արտադրությունը Հայաստանում ունի տասնամյակների հնություն, սակայն Ալավերդու պղնձաձուլարանը, իհարկե, արդիական չէ: Մյուս կողմից, բնապահպանական բոլոր խստագույն ստանդարտները հանձնառելու, ինչպես նաև տրանսպորտային խնդիրները լուծելու պարագայում հնարավոր է նորը կառուցել: Դա, անկասկած, անհրաժեշտ է, բայց մեծածավալ ներդրում է պահանջում: Ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու համար անհրաժեշտ է մինչև 500 մլն դոլարի ներդրում: Ես Իրանին և Ռուսաստանին կավելացնեի նաև Չինաստանը, որովհետև այն կարող է լինել պոտենցիալ ներդրողներից մեկը: Չինաստանը մարտի վերջին Իրանի հետ ստորագրել է երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ՝ 10 տարվա կտրվածքով: Դա 450 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր է, և այս տեսանկյունից, իհարկե, Չինաստանը կարող է շահագրգռություն ունենալ Հայաստանի մետաղագործության ոլորտի խոշոր ներդրումային նախագծերում: Կարևոր է ոչ միայն երկաթգիծը, այլև այն, թե արդյոք բավարար ծավալի բեռնափոխադրումներ կլինե՞ն, թե՞ ոչ:

Եթե կառավարության ղեկավարն ասում է, որ խնդիրը երկաթգիծն է, փոխադրումները, դա չի նշանակում, որ անպայման պետք է նայել Թուրքիայի կողմը: Պետք է նայել ահռելի շուկա ունեցող Իրանի ու Չինաստանի կողմը: Մեր իշխանությունները, չգիտես ինչու, բեռնափոխադրումների հոսքեր ապահովելու հարցում այլ ուղղությանն են հակված, որը գոնե առաջիկա տեսանելի տասնամյակում բացառվում է, եթե ֆունդամենտալ քաղաքական խնդիրները չեն լուծվում: Առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման խնդիրն է, մյուսն արցախյան խնդիրն է, որն ամենևին չի լուծվել: Այնպես որ, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն:

Հետևաբար, եթե ուզում են ժամանակակից պղնձաձուլարան կառուցել՝ պետք է հայացքն ուղղեն Չինաստանի, Եվրամիության կողմ ու տրանսպորտային, էներգետիկ խնդիրների լուծումն այդ ուղղություններից տեսնեն»,- ասաց Ատոմ Մարգարյանը:

Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ ելքերից մեկը կարող է լինել չինական ներդրումներով Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը՝ պղնձաձուլարանի կառուցմանը զուգահեռ, վերստին՝ Չինաստանի և այլ գործընկեր երկրների ներդրումներով, ու այդ երկու օբյեկտն էլ շահագործման հանձնել միաժամանակ:

«Միգուցե ֆանտաստիկ բան եմ ասում, բայց անցյալ դարի 30-40-ական թվականներին ո՞վ կմտածեր, որ փոքրիկ Հայաստանը կարող է կառուցել 48 կիլոմետրանոց Արփա-Սևան թունելը, կամ ավելի ուշ կառուցել ու շահագործման մեջ դնել արդի չափանիշերին բավարարող Մեծամորի ատոմակայանը: Պղնձի արտադրությունն էներգատար արտադրություն է, մինչդեռ մեր էներգետիկ համակարգը, մեղմ ասած, տխուր վիճակում է, եթե նկատի ունենանք ատոմակայանի խնդիրները, նոր ատոմակայան կառուցելու դժվարությունները, ՋԷԿ-երի հայտնի խնդիրները, ինչպես նաև Արցախի ՀԷԿ-երի մի մասի կորստի հետ կապված խնդիրները: Էներգետիկ համակարգի խնդիրները ևս կարող են պղնձաձուլարան կառուցելու նախագծերին «արջի ծառայություն» մատուցել: Նախընտրական շրջանում գուցե շատ «օգտակար է» նման հայտարարություններ անելը, մինչդեռ՝ եթե ռեալ քայլեր անող, բանակցություններ վարող էին, մինչև հիմա ի՞նչ էին մտածում: Հայաստանում պղնձի արտադրությունն ունի հարյուրամյակների պատմություն, ապա ինչո՞ւ նման նախագծեր, ծրագրեր չէին նախապատրաստել մինչև այս արհավիրքը՝ պատերազմը:

Եթե խնդիրը փողն է, ապա ես ներդրումների մեկ այլ աղբյուր էլ կարող եմ ասել. այն, որ ասում էին՝ նախկինները միլիարդավոր դոլարներ են թալանել, յուրացրել, մեկ-մեկ կբռնենք, կբերենք, եթե այդ միլիարդների թեկուզև 15-20 տոկոսը ցանկություն ունենային բացահայտել ու բռնագանձել, հիմա մեկ չէ, այլ մի քանի նման գործարաններ կառուցված կլինեին՝ պետական-մասնավոր համագործակցության համատեքստում»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ այս տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ արդյունաբերական երկիր չդարձավ, տնտեսագետը պատասխանեց.

«Մարդիկ ունեն առևտրականի մտածողություն, և այդպես եղել է երեք տասնամյակ շարունակ: Հայաստանը ԽՍՀՄ մայրամուտին ուներ 1.5 միլիոն աշխատատեղ, որի 70 տոկոսն արդյունաբերական սեկտորն էր: Հայաստանն արտադրում էր 15-16 միլիարդ կվտժամ էլեկտրաէներգիա, և դրա մի մասը ՀՀ արդյունաբերական ձեռնարկություններն էին սպառում, իսկ զգալի մասն արտահանվում էր:

Մենք չտեսանք, որ այս կառավարությունը հստակ արդյունաբերական, կառուցվածքային և ինովացիոն քաղաքականություն որդեգրեր: Ավելի շուտ նախկինների ստեղծած տնտեսական մոդելը շարունակել է նույնությամբ գործել: Դա հետևյալն է՝ ինչ-որ տեղից մի բան ներկրենք-բերենք, ծախենք, մարդկանց դուրս ուղարկենք՝ գնան, աշխատեն և գումարներ ուղարկեն, որպեսզի մեր ներկրած ապրանքների դիմաց փող լինի, որ վաճառվի: Ահա, այսպիսի տնտեսական մոդել է գործել՝ քանդել սեփական արտադրությունը, ֆինանսավորել դրսի աշխատատեղերը (երբ դրսից ապրանք եք ներմուծում, բնական է՝ այդ ապրանքն արտադրող երկրների արտադրություններն եք ֆինանսավորում): Տարիներ են եղել, որ ներմուծումը մոտ 4 անգամ գերազանցել է արտահանմանը, ու այստեղից էլ դրամի փոխարժեքի անկման, արտաքին պարտքի ավելացման խնդիրները: Հիմա խայտառակ վիճակ է: Վերջին տարիներին արտաքին պարտքն ավելացվել է մոտ 3 միլիարդ դոլարով: Դոլարով պարտք են վերցնում, որ նաև ներմուծումը ծածկեն, սա է իրականությունը: Այս փակ շրջանից, արդեն 3-րդ տարին է՝ կառավարությունը ոչ թե չի կարողանում դուրս գալ, այլ ցանկություն, կարողություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս