«Ի՞նչ կարող է անել իշխանությունը մարդու հետ, արդյո՞ք բոլորին կարող է ուտել իշխանությունը». կինոռեժիսոր Մհեր Մկրտչյան
Ապրիլի 16-ին կկայանա Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. սա ֆիլմ է 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների և իշխանափոխության հետևանքների մասին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը պարզաբանեց, որ ֆիլմի վերնագիրն ընտրել է «Իշխանություն», որովհետև իշխանությունն այս ֆիլմում մեծ դեր է կատարում։
«Ի՞նչ կարող է անել իշխանությունը մարդու հետ, ի՞նչ է կատարվում մարդու հետ իշխանությունը ստանալուց հետո, արդյո՞ք բոլորին կարող է իշխանությունն ուտել, թե՞ ինչ-որ մեկը կշարունակի մնալ այնպիսին, ինչպիսին կա, իսկ ինչ-որ մեկն էլ կդադարի՞ լինել այնպիսին, ինչպիսին կար»,- անդրադառնալով վերնագրի ընտրությանը՝ ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ իր ֆիլմը տալիս է հենց այս հարցերի պատասխանները։
Չունի՞ մտավախություն, որ քանի որ ֆիլմը ներկայացնում է 2018 թվականի իրադարձությունները, գուցե այն օբյեկտիվ չընկալվի, թիրախավորվի՝ հաշվի առնելով, որ 2018 թվականից հետո մենք ապրում ենք սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների բաժանված երկրում, Մհեր Մկրտչյանը պատասխանեց.
«Նախընտրել եմ անել այն, ինչ ուզել եմ, արել եմ իմ զգացածը, վերլուծածը։ Մեկին դա կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ»։
Ըստ Մկրտչյանի՝ ինչպես ֆիլմի սցենարը գրելիս, այնպես էլ՝ ֆիլմը նկարահանելու ընթացքում մտածել է մի կարևոր բանի մասին. որ ֆիլմը դիտող յուրաքանչյուր ոք դահլիճից դուրս գալուց հետո պարզապես մտածի, որովհետև ինքն այս ֆիլմով որպես քաղաքացի է նաև արտահայտել իր դիրքորոշումը 2018 թվականի իշխանափոխությանն ու հաջորդած զարգացումներին։
Հարցին՝ իսկ ինչպիսի՞ դիրքորոշում կցանկանա արտահայտել, երբ տեսնի, թե ինչպես են, օրինակ, Ազգային ժողովում ծափահարում պատգամավորները պատերազմում պարտված իշխանության ղեկավար Փաշինյանին, Մհեր Մկրտչյանն ասաց, որ իր համար իմքայլականների այդ վարքագիծն ընդամենը զզվանք է առաջացնում։
«Մյուս կողմից, եթե այսօր Ազգային ժողովում դա տեղի է ունենում, ու ելույթ է ունենում նաև Նիկոլ Փաշինյանը, դա արդեն ընդդիմության մեղքն է։ Ժողովուրդը ոտքի էր կանգնել, անձամբ եմ մասնակից եղել 40-հազարանոց երթերին, որի էներգետիկան, ընդդիմություն, դուք կործանեցիք, ուզում եմ հավատալ՝ ոչ գիտակցաբար»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում