
«Վստահ եմ` իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում, վրեժ չի լինելու». Լուկաշենկոն հուսով է, որ ԼՂ-ում հրադադարի պայմանավորվածությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք կդառնա

Բելառուսն անկեղծորեն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին պայմանավորվածությունները: Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
«Անկեղծորեն ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին պայմանավորվածությունները: Սա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին՝ այդ սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ, որը տևել է 30 տարի»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարը հավելել է, որ իր դիրքորոշման մասին գիտեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում:
«Աստված տա, որ այս փորձանքը հաղթահարվի, որ բեկորներ չմնան հայ և ադրբեջանցի ժողովուրդների սրտերում: Վստահ եմ, որ իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում և վրեժ չի լինելու»,- հավելել է բելառուս առաջնորդը: