
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: