«Ոչ մի քաղաքական ուժ, կամ մեկ անձ՝ առանձին վերցրած, չի կարող ապահովել երկու պետությունների ապագան». Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչու իշխանական խմբակցությունն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում հոտնկայս ծափահարեց:
«Եթե նկատեցիք, դահլիճը ողջունեց վարչապետի այն խոսքը, որ Արցախն ու Հայաստանն ապագա ունեն, սա շատ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի համար, որովհետև բոլորս միասին այնպես անենք, որ Արցախի ժողովուրդը երաշխիք զգա, որ կարելի է այնտեղ ապրել»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:
Հարցին՝ այսօր Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավո՞րն է, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, թե լրագրողների հարցին արդեն պատասխանել է:
Հաջորդ հարցին, եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի ապագայից, ինչո՞ւ պատերազմից հետո Արցախ չի գնացել, Հովհաննես Իգիթյանը կրկին պատասխանեց, թե հարցերին պատասխանել է, մյուս հարցերին, որոնք իր հետ կապ չունեն, չի պատասխանի:
«Ես գտնում եմ, որ Արցախն ապագա ունի: Ոչ մի քաղաքական ուժ, կամ մեկ անձ առանձին վերացրած չի կարող ապահովել երկու պետությունների ապագան, դա կլինի այն ժամանակ, երբ դառնա ամբողջ հայության միասնական օրակարգը»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում