«Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ». Առողջապահության նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը գրեթե բոլոր երկրները նույն ժամկետներում են ստանում:
«Մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք, տեղեկացվածության և կոնկրետ աշխատանքներ անենք, որպեսզի տեղամասի բժիշկները քաղաքացիներին ակտիվ ներգրավեն պատվաստումների գործընթացում՝ եղած պատվաստանյութերը սպառելու համար: Կորոնավիրուսի բոլոր պատվաստանյութերը ունեն կարճ օգտագործման ժամկետ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք ապահովել պատվաստանյութերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ ներկայիս պատվաստանյութը՝ «Աստրա զենեկան», սպառելու դեպքում, կբերեն պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը, որպեսզի ապահովեն երկրորդ դեղաչափը:
«Այս ընթացքում բոլոր պատվաստանյութերն էլ կիրառվում են արտակարգ ռեժիմում թույլտվության ռեժիմով: Այո, «Սպուտնիկ V»-ն Հայաստանում ունի թույլտվության օգտագործում, ՌԴ նախագահի հարցը Փաշինյանին սրան է վերաբերել»,- հավելեց Ա. Ավանեսյանը:
Հարցին՝ կորոնավիրուսի թվերի աճին զուգահեռ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելը ճի՞շտ է, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այլ երկրում էլ վերջին մեկ տարվա ընթացքում անցկացվել են ընտրություններ, և այժմ որոշակի փորձի ուսումնասիրություն են իրականացնում, գուցե ինչ-ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է անեն:
Ինչ վերաբերում է երեխաների պատվաստումներին, Առողջապահության նախարարն ասաց. «Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ, ինչը կապված է մի շարք հանգամանքների հետ: Նախ՝ պետք է ավարտվի պատվաստումների փորձարկումների ու գրանցման գործընթացը, երբ պատրաստ լինի, մենք դա կդիտարկենք»:
Նա նաև շեշտեց, որ այսօր իրենց նպատակն է՝ հնարավորինս շատ քաղաքացիների շրջանում իրականացնել պատվաստումներ, որպեսզի կանխարգելեն հիվանդության և մահացության դեպքերը:
Անդրադառնալով դպրոցների ու մանկապարտեզների հնարավոր փակմանը, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այն դպրոցները, որոնք ունեն համապատասխան տարածքներ աշակերտների միջև հեռավորությունը պահպանելու համար, նրանք հնգօրյա ռեժիմով աշխատում են:
«Մենք միշտ պատրաստ ենք քննարկելու, դիտարկելու՝ բոլոր կողմերին լսելով: Առաջնորդվելով մեր քաղաքացիների առողջության գերակայությամբ, մեր որոշումները կարող ենք փոխել»,- եզրափակեց նախարարը: