Նիկոլ Փաշինյանի կեղտոտ գործարքը

Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Նա այլևս դուրս է եկել այն խեղճացած իրավիճակից, որում գտնվում էր պատերազմի ավարտից և խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո։

Ջերմ ողջույններ խորհրդարանական ընդդիմությանն ու «Հայրենիքի փրկության  շարժմանը», ում հավաքական գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ անգործության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հիմա այն վիճակում է, որ իրեն թույլ է տալիս  հոխորտալ։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ապացուցել, որ հանուն իր նպատակների իրագործման՝ պատրաստ է ամեն ինչի և ներքին, բարոյական արգելքներ չունի։ Դա հերթական անգամ նա ցույց տվեց Ազգային ժողովի իր ելույթում, որում իր իսկ մեղքով պարտված պատերազմն օգտագործեց իր ներքաղաքական նպատակների համար։ Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ ելույթի առանձին հատվածների անդրադառնալու կարիք իրականում չկա․ այդ ելույթն այն մասին էր, որ պատերազմի սանձազերծման ու պարտության համար մեղավոր են բոլորը, բացի իրենից՝ Նիկոլ Փաշինյանից։ Բոլորի թվում, անշուշտ, ամենամեղավորները Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, որոնց վրա Փաշինյանը փորձեց բարդել պատերազմի գրեթե ողջ պատասխանատվությունը՝ իր խոսքը համեմելով արդեն բոլորին հոգնեցրած «զինվորի հաց թալանելով», «դղյակներով»։

Նիկոլ Փաշինյանն այդպիսով ազդարարեց նախընտրական արշավի մեկնարկը՝ հասկացնելով, որ ողջ քարոզչությունը կառուցելու է պատերազմի ու պարտության բոլոր մեղքերը նախկինների վրա բարդելու սկզբունքով։

Նիկոլ Փաշինյանը մի անգամ այդ ճանապարհով իշխանության է եկել, և հիմա ցանկանում է նույն մեթոդով պահպանել իշխանությունը։ Իր այդ ցանկությամբ նա ձեռնոց է նետում հայ հասարակությանը, հանրության բարոյականությանն ու բանականությանը և փորձարկում է՝ արդյո՞ք ընտրողները հերթական անգամ պատրաստ են լինելու մանիպուլյացվելու, թե՞ ոչ։

Նիկոլ Փաշինյանն ինքը լրջագույն խնդիրներ ունենալով բարոյականության, ազնվության, պարկեշտության հետ, ցուցաբերելով ցինիզմի իսկական մաստեր կլաս, այդպես է վերաբերվում նաև հասարակությանը։

Նա գուցե ենթագիտակցորեն ցանկանում է, հույս ունի, որ հասարակությունը ևս կրում է բոլոր այն արատները, որոնք բնորոշ են իրեն։ Այդպես մտածելու հիմք Նիկոլ Փաշինյանն ունի, քանի որ պատերազմից ու կապիտուլյացիայից հետո հանդուրժելով իր իշխանությանը՝ հասարակությունը ցույց է տվել, որ, մեղմ ասած, զերծ չէ այդ արատներից։

Հիմա Նիկոլ Փաշինյանը հանրությանն առաջարկում է երկրորդ գործարքը, կեղտոտ գործարքը, որի հիմքում դրված է սուտը, կեղծիքը, զրպարտությունը, հազարավոր մահերը։ Հասարակությունը պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկին՝ արդյո՞ք պատրաստ է այդ զազրելի գործարքին, թե՞, ի վերջո, գոնե տեղի ունեցածից հետո կարող է հիմնվել բանականության ու բարոյականության վրա։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս