«Մարտի 1»-ի գործը կարճվեց, որպեսզի հերթական շոուի համար առաջին պլան բերվի կոռուպցիայի մեղադրանքը․ Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է. ««Մարտի 1»-ի գործը կարճվեց, որպեսզի հերթական շոուի համար առաջին պլան բերվի կոռուպցիայի մեղադրանքը։ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին ՀՀ ՍԴ-ի որոշման հրապարակումից և Մարտի 1-ի գործով նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների արդարացումից հետո Նիկոլ Փաշինյանի համեմատաբար զուսպ պահվածքը շատերին զարմանալի էր թվում:

Հիմա կարելի է մասամբ հասկանալ գերագույն գլխավոր հանցագործի նման պահվածքի պատճառները:

Նախ 300.1 հոդվածի հանվելը նաև անցած երեք տարիների ընթացքում տասնյակ անգամներ ու ի դեպ, բավարար փաստերով ու ապացույցներով սահմանադրական կարգը տապալած դավաճանին փրկում է մոտալուտ իշխանափոխությունից հետո նույն հոդվածով դատվելու և 10-ից 15 տարվա ազատազրկման ենթարկվելու հնարավորությունից:

Երկրորդ՝ «Մարտի 1-ի» գործը Նիկոլ Փաշինյանի համար ունեցել է նույն նշանակությունն ինչ ունեցավ առանց զինամթերքի ՍՈՒ-երի գնումը կամ «Լելե Թեփե»-ն ետ գրավելու ձախողած ու անիմաստ գործողությունը: Դրանց հետ սելֆի անել և ամբոխից ծափեր խլել իմանալով հանդերձ, որ դրանք վերջում որևէ բանի պետք չեն գալու: Գերագույն գլխավոր մարդասպանը դեռ 2008 թվականի մարտի 1-ին է փաստել, որ իր համար մարդկային կյանքը կոպեկ չարժե:

Միևնույն ժամանակ «Մարտի 1»-ի գործն իրեն սպառած է: Նիկոլը դատախազի դերում նախ նշանակեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալին ու ապա դատավորի դերում նրան անօրինական կերպով իբր պատժեց երկրորդ նախագահին մոտավորապես ազատազրկման մեջ պահելով այնքան որքան ինքն էր նույն գործով մնացել ճաղերի հետևում:

Իսկ այսօր արդեն կարելի է խոսել երրորդ և գլխավոր պատճառի մասին:

Ընտրությունների սեմին Նիկոլին անհրաժեշտ են հասարակական առավել հնչեղություն ունեցող ու ականջ շոյող գործեր, որոնց միջոցով կարելի է շոու կազմակերպել:

«Մարտի 1»-ի գործի հետ միաժամանակ գերագույն գլխավոր «կաշառատու» սիլվա համբարձումյանի ցուցմունքով նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք ստանալու մեղադրանք էր առաջադրվել, որը վերջին երկու տարիների ընթացքում մնացել էր «Մարտի 1»-ի գործի ստվերում:

Կարելի է արդեն գուշակել, որ օգտագործման ժամկետն սպառած «Մարտի 1»-ի գործը կարճելու հրահանգ արձակելով նիկոլը փորձում է առաջին պլան բերել կոռուպցիայի կապակցությամբ մեղադրանքը և նույն գործով դատարանի դիմաց կանգնեցնել ու չի բացառվում նաև կալանավորել նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Արտահերթ ընտրությունների սեմին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի բարձրացման ֆոնին զամբիացած հասարակության քվեն շահելու համար գերագույն դավաճանից ամեն ինչ սպասելի է»:

Տեսանյութեր

Լրահոս