ՀՀ անվտանգային խնդիրները, այդ թվում՝ Սյունիքի անվտանգության հարցն օր առաջ պետք է լուծվի. Եվսեև
Նախօրեին Բաքվում բացված խայտառակ «պուրակի» շուրջ սկանդալից հետո, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պակաս ուշագրավ և աղմկահարույց հայտարարություններ է արել:
«Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը կգործի»: Ապա, որպես բարեստրության դրսևորում, նշել, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ապա՝ տարածքային պահանջներ հնչեցրել։
«Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ սերունդը իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ «Գյոկչա» լիճը նրանք անվանում են Սևան։ Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզներին, որ դուք դրանում չենք տեսնի Սևան։ Նույնը վերաբերում է և Երևանին։ Նրանք ոչնչացրել են Երևանի պատմական մասը։ Ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այնտեղ անպայման կվերադառնան։ «Ես ասացի, որ կվերադառնանք այնտեղ։ Ես չեմ ասել, որ կվերադառնանք տանկերով։ Ասացի, որ կվերադառնանք։ Դա նշանակում է, ինչո՞ւ ոչ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա Արցախի բնակիչներին անվանել է Ադրբեջանի քաղաքացիներ:
Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը նշել էր նաև, թե պատրաստ է ստորագրել Խաղաղության համաձայնագիր Երևանի հետ, և համապատասխան արձագանքներ Երևանից չի ստացել, այլ միայն ագրեսիվ հռետորաբանություն այն դեպքում, երբ նախօրեին բացված պուրակում Ադրբեջանը ցուցադրել էր հայ զինծառայողների սաղավարտներ ու մանեկեններ:
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը հայատյացության վառ դրսևորում է, որը փաստում է, որ Բաքուն չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից տարածաշրջանում:
Ըստ նրա, Ադրբեջանը նաև պատերազմում հաղթանակի էյֆորիայի մեջ է: Բոլոր այս խայտառակ դրսևորումները, հաղթանակի մասին մանրամասն և հաճախակի ներկայացումները, տհաճ ցուցահանդեսը, Եվսեևի խոսքերով, խոսում են այդ էյֆորիայի մասին, և դա կարող է երկար շարունակվել:
Նա տեղեկացրեց, որ ռազմագիտության տեսությունը ենթադրում է, որ դա կարող է տասնամյակներ շարունակվել, որը կտրում է երկրներին իրականությունից, հաղորդում անհասանելի պատրանքներ: «Ցուցահանդեսը հակամարդկային էր, Ադրբեջանը չի ցանկանում, որ իր հաղթանակի մասին խոսակցությունն ավարտվի: Ադրբեջանը դեռ չի կողմնորոշվում, թե ինչ է ցանկանում՝ ունի այլ պահանջնե՞ր, թե՞ բավարարվում է իր հաղթանակով, քանի որ բոլոր հայտարարությունները միմյանց հակասում են՝ մեկ խոսում է խաղաղության, ճանապարհների ապաշրջափակման, մեկ՝ իբրև թե իր պատմական տարածքների մասին, որն առաջին անգամ չէ, որ նշում է, և, կարծում եմ, դրա նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը չափազանց մեծ պետք է լինի, քանի որ խոսվում է ՀՀ տարածքի մասին:
Ադրբեջանը շտապում է հաշտության պայմանագիր կնքել՝ ամրապնդելու համար պատերազմի արդյունքները, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչ-ինչ աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական փոփոխությունների հետևանքով ինչ կարող է տեղի ունենալ։ Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի հայտարարություն է, և ուզում եմ հիշեցնել, որ դրանից առաջ նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջնորդությամբ և չէին պահպանվել:
Ավելին, 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը չէր պահպանվում՝ ըստ պատշաճի, ուստի հաշտության համաձայնագիրը կամրագրի այս արդյունքները, ըստ ադրբեջանական կողմի, և կարձանագրի, որ հակամարտությունը լուծված է, ինչպես Ադրբեջանի նախագահն է պնդում։ Սակայն ակնհայտ է, որ դեռ մնացել են բազմաթիվ տարաձայնություններ, ինչպիսին Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և դա դեռ երկար քննարկումների պատճառ կարող է դառնալ: Ես այն համոզմանն եմ, որ տարաձայնության առարկա բոլոր հարցերը պետք է քննարկվեն հենց այս փուլում, քանի որ, կրկնեմ այն, ինչ միշտ եմ ասում․ ապաշրջափակումը կլինի խնդրահարույց այդ դեպքում և լիարժեք տեղի չի ունենա: Բացի այդ, Հայաստանը պետք է լուծի իր անվտանգային բոլոր խնդիրներն անհապաղ, դա պետք էր սկսել անմիջապես պատերազմից հետո, ինչը տեղի չի ունենում, ցավոք: Հուսանք, որ այդ հարցերը կլուծվեն, և Սյունիքի անվտանգության հարցն առաջնահերթ կլուծվի, ու դրանում ռուսական կոնտինգենտն էական աջակցություն կցուցաբերի»,- ասաց Եվսեևը՝ հավելելով, որ անվտանգային բացերն օր առաջ պետք է կարգավորվեն, քանի որ ոչ այսօր, բայց ապագայի համար սպառնալիքներ կան: